HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը՝ Ժնևի, Լոս Անջելեսի, Սոլոնիկի, Թեհրանի, Վարշավայի գրքի ցուցահանդեսներում

Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ՝ 2011-2012 թթ. Հայաստանն ընդլայնում է իր մասնակցությունը գրքի միջազգային ցուցահանդեսներին և տոնավաճառներին, մասնավորապես՝ մոտակա մեկ ամսվա ընթացքում:

Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Ժնևի գրքի և մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառում Հայաստանը կներկայանա պատվավոր հյուրի կարգավիճակով: Բացումը տեղի ունեցավ ապրիլի 29-ին՝ մասնակցությամբ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի, Ժնևի քաղաքապետ Սանդրին Սալերնոյի և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի:

Հայաստանին տրամադրված շուրջ 1000 քառ. մետր տարածքում կներկայացվեն ալբոմային, թարգմանական, հանրագիտարանային, գեղարվեստական, մանկական, մշակութային ժառանգությունը ներկայացնող, Ցեղասպանությանն առնչվող գրքեր և էլեկտրոնային գրականություն, բառարաններ, քարտեզներ, բուկլետներ, կատալոգներ, սփյուռքահայ մամուլ: Կանցկացվեն նաև «Հայ հնատիպ գիրք», «Հայաստանի 12 մայրաքաղաքներ» ցուցահանդեսները և գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» շարքը:

Շնորհանդեսներին կմասնակցեն գրող Ռազմիկ Դավոյանը, երիտասարդ գրողներ Արամ Պաչյանը, Կարեն Անտաշյանը, Շուշանիկ Թամրազյանը, Խնկո Ապոր անվան մանկական ազգային գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, «Արևիկ» հրատարակչության փոխտնօրեն Սմբատ Գյուրջյանը և այլք:

Տաղավարում Հայաստանի և սփյուռքի գրողների, գրականագետների, հրատարակիչների, մշակույթի գործիչների մասնակցությամբ կանցկացվեն 25 շնորհանդես և 8 թեմատիկ կլոր սեղան: Անընդմեջ կցուցադրվեն Հայաստանը ներկայացնող տեսաֆիլմեր: Ծրագիրը համատեղ իրականացնում են «Թոփալյան» հիմնադրամը և Շվեյցարիայում ՀՀ դեսպանատունը:

Ապրիլի 30-ից մայիսի 1-ը «Լոս Անջելես թայմսի» կողմից կազմակերպվող գրքի ամենամյա միջազգային փառատոնին Հայաստանը առաջին անգամ կներկայանա ամենամեծ ու ներկայացուցչական (40 քառ. մետր) տաղավարով:

Առանձին բաժիններով կներկայացվեն Ցեղասպանությանը նվիրված թարգմանական ու երաժշտական գրքեր և էլեկտրոնային գրականություն, Ամերիկայում ապրած և ստեղծագործած հայ ժողովրդի մեծ զավակներ Վիլյամ Սարոյանի, Արշիլ Գորկու, Ռուբեն Նաքյանի և այլոց ստեղծագործական ժառանգությունը, այս թեմաներով խտասալիկներ, «Կոմիտաս», «Արամ Խաչատրյան», «Վիլյամ Սարոյան» մուլտիմեդիա ծրագրերը:

Առանձին շնորհանդեսներով կներկայացվեն «Հայկական վիրտուալ գիրք» ծրագիրը, մի շարք գրողների գրքեր: Հայկական տաղավարի մուտքի մոտ կհնչի կենդանի երաժշտություն՝ Լոս Անջելեսում գործող խմբերի կատարմամբ:

Ցուցահանդեսի փակումից հետո՝ մայիսի 2-ին և 3-ին, Հայաստանի պատվիրակությունը կհանդիպի հայ համայնքի հետ, կանցկացվեն Հայաստանում պետական աջակցությամբ հրատարակված, լոսանջելեսաբնակ գրողների ժողովածուների, ինչպես նաև սփյուռքում հրատարակված գրքերի շնորհանդեսներ:

Ցուցահանդեսի աշխատանքների ավարտից հետո տեղի կունենա գրքերի նվիրատվություն Գլենդեյլի հանրային գրադարանին, Հայաստանի գլխավոր հյուպատոսությանը, հայկական վարժարաններին և Լոս Անջելեսի համալսարանների հայագիտական բաժանմունքներին:

Ցուցահանդեսին մասնակցում է Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը: Ծրագիրը համատեղ իրականացնում են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Հայկական ընդհանուր բարեգործական միությունը:

Մայիսի 5-8-ն անցկացվելիք Սալոնիկի գրքի միջազգային 18-րդ ցուցահանդեսում կներկայացվեն վերջին տարիներին հրատարակված գրքեր և էլեկտրոնային գրականություն: Տեղի կունենա «Հայ ժամանակակից արձակը» հունարեն ժողովածուի շնորհանդեսը: Հայաստանում տպագրվող մանկական գրականությունը կներկայացնի գրող, մանկագիր Էդվարդ Միլիտոնյանը:

Կկազմակերպվեն Հայաստանում վերջին տարիներին նկարահանված ֆիլմերի կինոդիտումներ, դասախոսություններ՝ հայ-հունական գրական-մշակութային կապերի մասին, հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայաստանյան հրատարակչությունները կներկայացնի «Զանգակ 97» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը: Ծրագիրն իրականացվում է Հունաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ:

Մայիսի 5-15-ն անցկացվելիք Թեհրանի գրքի միջազգային 24-րդ ցուցահանդեսում Հայաստանը կներկայանա փոխադարձ իրականացված թարգմանական գրքերով, մանկական, հանրագիտարանային, ինչպես Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված գրականությամբ՝ գրքեր, վավերագրերի պատճեններ, Ցեղասպանությանն առնչվող գրականություն:

Տեղի կուենա նաև Տիգրան Դավթյանի՝ հայ դպրության 500-ամյակի առթիվ հրատարակված հայերեն-պարսկերեն բառարանի շնորհանդեսը: Ցուցահանդեսին կմասնակցի Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի փոխտնօրեն Կարո Վարդանյանը:

Մայիսի 12-15-ը Վարշավայի գրքի 2-րդ միջազգային տոնավաճառին կներկայացվի վերջին տարիներին Հայաստանում տպագրված բոլոր անվանակարգերի գրականությունը: Հայաստանում տպագրվող գեղարվեստական գրականությունը կներկայացնի գրող Դավիթ Մուրադյանը, հայաստանյան հրատարակչությունները՝ «Նահապետ» հրատարակչության տնօրեն Սեն Հովհաննիսյանը:

ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ ներկայացված բոլոր ցուցահանդեսներում Հայաստանի տաղավարները ձևավորվելու են Հայկական տպագրության 500-ամյակը և «Երևանը՝ 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումները խորհրդանշող պաստառներով և միջոցառումների ծրագրերի ժամանակացույցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter