HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ

Օգոստոսի 29-ին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ:Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային, բնապահպանական հարցերով պատասխանատուները, բնապահպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մինասյանը շնորհակալություն է  հայտնել ԱՄՆ կառավարությանն ու ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությանը  բնապահպանական խնդիրների լուծման գործում  շարունակական օժանդակության և մեծածավալ աջակցության համար:

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է վերջին շրջանում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը, անդրադարձել ամենօրյա ձեռնարկվող ու կանխարգելիչ նախատեսվող միջոցառումներին, մանրամասնությամբ ներկայացրել նախարարությունում բարեփոխումների իրականացման ընթացքը: «Մեկ անգամ ևս արձանագրենք ԱՄՆ կառավարության և Ամերիկայի ողջ ժողովրդի աջակցությունը մեր երկրի բնապահպանության ոլորտում: Որպես ոլորտի պատասխանատու, ես բարձր եմ գնահատում այն օժանդակությունը, որ այս տարիների ընթացքում ցուցաբերվել է մեր երկրին: Այդ աջակցության շնորհիվ է, որ մենք բազմաթիվ ուղղություններով ունենք առաջընթաց: Պարոն դեսպանի հետ մեր նախորդ հանդիպումներում մենք բազմիցս  շեշտել ենք, որ մեր երկրի առաջ ծառացած մի շարք մարտահրավերներ հենց ուղղակիորեն կապված են շրջակա միջավայրի հետ»,-նշել է Արծվիկ Մինասյանը:

Կարևորելով միջազգային հանրության մասնակցությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գործում՝ նախարարը հատկանշել է ԱՄՆ կառավարության օժանդակությունն այրված անտառային տարածքների վերականգնման և   անտառային հրդեհների դեմ պայքարի հարցում: Կարևորվել է բարձր որակի արբանյակային լուսանկարների, արագ արձագանքման թիմերի ստեղծման, հրդեհների կանխարգելման եղանակների, փորձագիտական խորհրդատվությունների անհրաժեշտությունը:Նախարարն անդրադարձել է սիրողական որսի սահմանափակումներին, կարևորել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանությունը  որպես կենդանական աշխարհի էկոմիջանցքի, ինչի տարածաշրջանային նշանակությունը շատ մեծ է:

ԱՄՆ դեսպանին ներկայացվել է նաև նախարարությունում բարեփոխումների ընթացքը, Արծվիկ Մինասյանը նշել է, որ, որդեգրել են բնապահպանական հիմնախնդիրների լուծման էկոհամակարգային մոտեցումը, խոսել բնապահպանության ոլորտում էլեկտրոնային կառավարման, թույլտվությունները և լիցենզիաները մեկ պատուհանի միջոցով և էլեկտրոնային եղանակով տրամադրելու սկզբունքի կիրառման, ընթացակարգերի պարզեցման և  թափանցիկության մասին, կարևորելով իրականացվող բարեփոխումների շուրջ  հանրության վստահությունը: 

Դեսպան Ռիչարդ Միլզը շնորհակալություն է  հայտնել բավականին ամփոփ տեղեկատվության համար, ողջունել իրականացվող բարեփոխումները ու հասարակության վստահության մեծացմանն ուղղված քայլերը որպես կառավարման արդյունավետությանն ուղղված շատ կարևոր գործոն: Անդրադառնալով անտառային հրդեհներին՝ դեսպանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել բնապահպանության նախարարությանը, այլ գերատեսչությունների բոլոր աշխատակիցներին, որոնք մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքներին, տեղեկացրել, որ ռուսաստանցի գործընկերոջն իր երախտիքի խոսքն է փոխանցել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհի մարման գործում ռուս օդաչուների կատարած աշխատանքի համար: Դեսպանը տեղեկացրել է հաջորդ շաբաթ Հայաստան ժամանող ԱՄՆ անտառային ծառայության «Այրված տարածքների արտակարգ իրավիճակների վերականգնման» թիմի այցի մասին, որը համապատասխան օժանդակություն կցուցաբերի նախարարության և արգելոցի աշխատակիցներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ԲՀՊՏ-ի հրդեհների կանխարգելման կարողությունների հզորացման նպատակով նոյեմբեր ամսվա ընթացքում ևս մեկ փորձագիտական խումբ հրավիրելու մասին: «Խոսրովի աղետալի հրդեհից հետո ԱՄՆ դեսպանությունը կառավարության և ժողովրդի կողքին է:

Անտառային հրդեհները Միացյալ Նահանգներում, Հայաստանում, թե այլուր սպառնալիք են շրջակա միջավայրի,բնակավայրերի ու համայնքների համար:Միացյալ Նահանգները հպարտ է , որ համագործակցում և աջակցում է Հայաստանին հրդեհի հետևանքների վերացման ու նմանատիպ բնական աղետների հետ կապված պլանավորման աշխատանքների շուրջ: Բնապահպանության նախարարության հետ մենք նաև շարունակաբար աշխատում ենք բնապահպանական հարցրեի ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հարցերի շուրջ»,- իր խոսքում նշել է դեսպան Միլզը:

Հանդիպման ավարտին կողմերը խոսել են նախարարության կարողությունների հզորացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հարցերի, մասնավորապես, USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին: Դեսպանը առանձնահատուկ  ուշադրությանն է դարձրել նախարարի ներկայացրած բնություն-արտաքին պարտք մեխանիզմին: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter