
Ահնիձորցի մեղվապահները չեն կարողանում իրացնել մեղրը
Ծառերը բողբոջելուն պես մեծ անտառ են լցվում Ահնիձորի աշխատասեր մեղունեըը: Այս տարի լորենու, դաղձի, ուրցի, ազնվամորու ու մոշի ծաղիկներից նեկտար հավաքող մեղուները 5 տոննայից ավելի ոսկեգույն, թանձր ու երկար ծորացող մեղր են տվել մեղվապահներին: Այդպես ասում են ահնիձորցի մեղվապահները։ Նրանք այսօր չեն կարողանում իրացնել մեղրը:
«Մեղրի վաճառքի խնդիրը միայն իմը չէ: Ժողովուրդը քիչ է, մեծ մասը վճարունակ չէ, շատերի համար մեղրը թանկ հաճույք է»,- ասում է Ահնիձորում հայտնի մեղվապահ Հովհաննես Մաթևոսյանը: Ահնիձորցիները 1կգ մեղրը վաճառում են 3500 դրամով: Մեր այցելության պահին Հովհաննեսը Ահնիձորում չէր, առողջական խնդիրներով գնացել էր Վանաձոր: Հեռախոսով ասաց, որ անցյալ դարի 80-ական թվականներից է մեղու պահում, 30 փեթակ ունի: Նախորդ տարի Հովհաննեսը շուրջ 1 տոննա մեղր է ստացել: Հստակ չկարողացավ ասել այս տարի իր ստացած մեղրի չափը։ Նախորդ տարվա մեղրից Հովհաննեսը 500 կգ-ը չի կարողացել իրացնել:
«Մեղրի իրացման հարցը շատ ծանր է Ահնիձորում, հիմա մտածում եմ ինչ պետք է անենք, եթե մեղրարտադրողները շատանան»,-ասում է ուսուցչուհի Արմիկ Մեջլումյանը: Արմիկը 3 փեթակ ունի, որոշել է ավելացնել փեթակների քանակը: Նա ահնիձորցի Օնիկ Աբովյանի հետ մատները ծալելով հաշվեց գյուղի մեղվապահներին՝ Հակոբյան Տիգրան, Մաթևոսյան Հովան, Մաթևոսյան Հովհաննես, Քառյան Վահան, Վանյան Սոս (Սերիկ), Թաթոյան Տուշո և այլն: Շուրջ 15 մեղվաբույծ կա Ահնիձորում»,-ասաց ուսուցչուհին:
Արմիկ Մեջլումյան
Օնիկ Աբովյանի ասելով` Ահնիձորում ամենաշատ մեղրը ստանում է Սոս Վանյանը:
«Ախր այս ձևի որակով մեղր աշխարհում չկա: Հազար ու մի ծաղկից, Ահնիձորի հրաշալի բնությունից: Մեղուները հիմնականում սնվում են դաշտային տարբեր մշակաբույսերից, խառը խոտերից, բերքատու այգիներից, բայց սնման օջախը այստեղ հիմնականում լորենին ա ու անտառային օգտակար խոտաբույսերը: Մենք նույնիսկ մեղվին պահանջվածից շատ ենք թողնում մեղր, եթե իրացման գործը հաջողվի, ավելի շատ մեղր կարող ենք վերցնել»,-բացատրեց Սոս Վանյանը: Սոսը 120 մեղվափեթակ ունի, այս տարի 2,5 տոննա մեղր է ստացել: Նրա ասելով ` եթե կարողանան իրացնել, 2,5-ի փոխարեն 4,5 տոննա մեղր կստանան: «Նախորդ տարի մեր արտադրած 1 տոննա 850 կգ մեղրից 1,5 տոննան վաճառել ենք, 250կգ-ը բաժանել ենք բարեկամներին, մոտ 5 մլն դրամի եկամուտ ենք ստացել»,-ասաց Սոսը։
Նա մեծ անտառի ծառերի բողբոջների բացվելուն պես իր փեթակները Դսեղից տեղափոխում է Ահնիձոր: Սոսը 2008թ.-ին մեղվապահությամբ դեռ սիրողական է զբաղվել: Տեղյակ է եղել, որ Ահնիձորում մեղվի բերքը մի 15-20 օր ուշ է լինում Դսեղից: «Եկանք Ահնիձոր, մեղվափեթակները դրեցինք ու գործին սիրահարվեցինք: Աստիճանաբար մեղուների քանակը շատացրինք»,- պատմեց Սոսը:
Սոս Վանյան
Սոսի մեղվապահությամբ զբաղվելը հետաքրքիր նախապատմություն ունի: Նա 1997թ.-ին սրտի ծանր վիրահատություն է տարել: Դեղի համար պատահական երկու ջահել անծանոթ տղաներից մեղր է գնել: Հաջորդ օրը նկատել է, որ «արդար» մեղրի փոխարեն իրեն «պեսոկ» են տվել: Այդ պահին էլ որոշել է մեղու պահել: Արդար մեղր ունենալու համար 1999թ.-ին մեղվի երկու ձագ է առել:
«2000թ.-ի հուլիսի 22-ին էդ մեղրը քամեցի, կերա, կազդուրվեցի»,- ասում է Սոսը: Որոշում է սկզբում արտադրել միայն իր ընտանիքի օգտագործելու մեղրը, հետո մեղրի քանակը տարեցտարի ավելացնում է: Պատմեց, որ 2007թ.-ին 2-րդ անգամ է սրտի ծանր վիրահատություն տարել:
«Շունտավորեցին, ոտքերումս երակներ չկան: Էսօր, որ ապրում եմ, էս մեղրի շնորհքն ա: Ինձ չէին երաշխավորել երկար ապրելու: Ինձ զուտ օգնեց մեղվի բուրմունքը, մեղրը: Ինձ համար մի գերագույն հաճույք է մեղուների հետ զբաղվելը»,-ասում է Սոսը։
Մեղվաբուծության գործում հորը օգնում է 31-ամյա Դավիթը: Տղան ամուսնացած է, երկու դուստր ունի: Ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրան:
«Ինստիտուտից առաջարկներ կար աշխատելու, բայց Երևանի պայմաններում առաջարկվող աշխատավարձով չէի կարող ընտանիքս նորմալ պահել, որոշեցի հորս սկսած գործը շարունակել, ու հիմա այս գործի վրա աշխատում ենք: Մենք գոհ ենք մեր աշխատանքից: Ընտանիքս այս գործով նորմալ կարողանում եմ պահել»,- բացատրեց Դավիթը:
Հայր և որդի մեղվապահները մեղուների բնավորությունը լավ են ճանաչում. «Մեղուներն էլ մեզ են ճանաչում: Եթե ես ու մի անծանոթ մտնենք մեղուների մեջ, անծանոթին կսկսեն կծելը, ինձ բան չեն անում»,-պատմեց Դավիթը: Դավիթի խոսքով` մեղուների մեջ գլուխ պահող չկա:
«Ոնց որ համակարգչային ծրագիր տրված լինի փեթակին, բոլորը աշխատում են: Մաքուր են պահում իրենց փեթակը, այնքան մեղր են կուտակում, որ ահագին ավելանում է:
Ժողովուրդը էնպիսի պատկերացում ունի, որ փեթակը դրված ա, մեղուն մեղրը բերում ա և վերջ: Բայց այդպես չէ: Իրականում մեղուների հետ աշխատանքը շատ է: Փետրվարի 25-ից մինչև սեպտեմբեր պետք է մեղվանոցում լինես, որ արդյունք տենաս: Հետևում ենք իրենց զարգացմանը, բուժումներ ենք կատարում, վերնահարկերն ենք տեղադրում, բոլոր պրոցեսները հերթականությամբ անում ենք, էն ինչի կարիքը էդ պահին մեղուն ունի, եթե չբավարարեցիր, արդյունք չես տենա: Կամ ձագ կտա, կփախչի հանկարծ, կամ բունը նեղ կլինի, և այլն, շատ հարցեր կան»,- ասաց Դավիթը:
Օնիկ Աբովյան
Մեղվապահներին ամենաշատը մտահոգություն է պատճառում մայր մեղուն: Եթե որբ մեղվաընտանիք է լինում, փեթակներից գողություն է սկսվում. «Մեղուների նման ոչ աշխատասեր կա, ոչ էլ գող»,-ասաց Սոսը: Դավիթը նկատել է, որ մեղուները գողության են դիմում այն ժամանակ, երբ բնության մեջ իրենց ուզած նեկտարը չեն գտնում:
«Մեղուները մոլուցքով անընդհատ ուզում են ինչ-որ տեղից բերեն փեթակը մեղրով լցնեն: Մեղուները հետախույզներ են ունենում: Առավոտը հետախույզները դուրս են գալիս հետախուզական թռիչքի և պարզում են որտեղ ինչ կա, գալիս են, հայտնում: Իրենց պարով հասկացնում են` արևի որ կողմը գնան, աջ, թե ձախ, կոորդինատները ստույգ ասում են, ու մնացած մեղուները սկսում են թռչելը նրանց հայտնած ուղղությամբ: Մեղրի կատարյալ վիճակը բյուրեղացած վիճակն է: Եթե մեղրը չբյուրեղացավ, չծաղկեց, այսինքն շարիկ, շարիկ չտվեց հալած արդար յուղի պես, ուրեմն մեղր չէ, լիմոնի աղով եփած պեսոկ է»,-ասում է Դավիթը:
«Մեղրից հազար ու մի դեղ են սարքում։ Ես Ձեզ ասեմ, 20 տարի է վիրահատվել եմ, ինձ սկզբում կյանքի 5 տարվա երաշխիք էին տալիս, հետո` 7: Ես էս 20 տարի է ապրում եմ: Հաստատ գիտեմ դրա համար պարտական եմ ավելի շատ մեղրին ու մեղրի ակնամոմի օդին»,- ասում է Սոս Վանյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել