Հայկական ընկերությունները ցանկանում են մասնակցել Իրաքի վերականգնման ծրագրերին
Դեկտեմբերի 17-ին Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանն այցելեց Իրաքի Ալ Անբար նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցավ մարզպետ Կղասիմ Մուհամեդ Աբիդի և մարզի ներդրումների հանձնաժողովի նախագահ Ահմեդ Աբդուլ Նասիրի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ալ Անբարի մարզի միջև հարաբերությունները զարգացնելու ուղիներն ու հնարավոր ոլորտները:
Սուննիներով բնակեցված Ալ Անբարը տարածքով Իրաքի ամենամեծ մարզն է (բնակչությունը՝ 1 մլն 300 հազար մարդ) և սահմանակցելով Սիրիայի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի հետ՝ ունի մեծ ռազմավարական նշանակություն: Մարզը հարուստ է բնական պաշարներով, հատկապես ֆոսֆատով: Ֆոսֆատի համաշխարհային պաշարների 11%-ը գտնվում է Ալ Անբարում:
Ալ Անբարի պաշտոնյաները ներկայացրին մարզի վերականգնման և զարգացման հետ կապված խնդիրները, ներդրումային ծրագրերը, մասնավորապես բնակարանային շինարարության, արդյունաբերության, գյուղատնտեսության էներգետիկայի ոլորտներում, որտեղ հնարավոր է հայկական ընկերությունների մասնակցությունը:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ Մուրադ Մուրադյանը հավաստիացրեց, որ ներկայացված ծրագրերն ամենայն ուշադրությամբ կուսումնասիրվեն, և հայտնեց հայկական ընկերությունների՝ Իրաքի վերականգնման ծրագրերին մասնակցելու ցանկության և պատրաստակամության մասին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել