HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նուբարաշենում սպանված Եղիշե Խաչատրյանի 77-ամյա մորը նյարդայնացնում են դեպքի վերաբերյալ ամբաստանյալների պաշտպանների հարցերը


Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը: Խաչատրյանի 77-ամյա մայրը`Էմմա Աբրահամյանն արդեն երրորդ դատական նիստն է, դատարանում ցուցմունք է տալիս որդու սպանության հանգամանքների վերաբերյալ: Այսօր, մինչ դատարանը կանցներ Էմմա Աբրահամյանի հարցաքննությանը, տուժողի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը դատարանին ներկայացրեց Էմմա Աբրահամյանի առողջական որոշակի խնդիրների վերաբերյալ բժշկական փաստաթուղթ: Ինեսսա Պետրոսյանն ընդգծեց, որ Աբրահամյանը նախորդ երկու դատական նիստերին ցուցմունք տալու ընթացքում իրեն վատ է զգացել, ապա տեղափոխվել հիվանդանոց և կողմերին հորդորեց հաշվի առնել նրա առողջական վիճակը:

Դատարանում Էմմա Աբրահամյանն, ըստ էության կրկնում էր այն ամենն, ինչ ասել է նաև նախորդ դատական նիստերին: Աբրահամյանը պնդում է, թե որդուն ծեծի են ենթարկել գործով անցնող 5 անձինք և ևս մեկը, որի ինքնությունը, նշենք, չի պարզվել:

Ինչպես Աբրահամյանի ներկայությամբ մյուս, այնպես էլ այս նիստը պարբերական ընդմիջումներով էր ընթանում. ամբաստանյալների պաշտպանների հարցերը երբեմն- երբեմն հունից հանում էին 77-ամյա կնոջը, հետո վերջինս խնդրում էր ընդմիջել դատական նիստը:

Ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Երեմ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Աբրահամյանը նյարդայնանում է այն դեպքերում, երբ իրենց տված հարցերին հստակ պատասխաններ չի ունենում տալու:

էմմա Աբրահամյանի խոսքով՝ որդուն բութ գործիքով հարվածել են, որից քունքը ծակվել է ու նա մահացել է: Ամբաստանյալների պաշտպաններին այդպես էլ այսօրվա դատական նիստի ընթացքում չհաջողվեց Աբրահամյանից ճշտել՝ ինչ բութ գործիքի մասին է խոսքը: Պաշտպանները խնդրում էին նկարագրել այն գործիքը, որը տիկին Աբրահամյանը տեսել է, որպեսզի դատավարության կողմերին պարզ լինի՝ այն, ինչ տեսել է Էմմա Աբրահամյանն, իսկապես բութ գործիք է եղել, թե՞ դա տիկին Էմմայի ընկալումն է:

«Ասում եմ՝ բութ գործիք էր»,- շարունակ կրկնում էր տուժողն ու նշում, որ ինքը չէր կարող շրջապատում ամեն ինչ հստակ նկատել ու ֆիքսել, երբ տղայի դիակն իր առջև ընկած էր:

Ամբաստանյալների պաշտպանները ցանկանում էին իմանալ նաև, թե իրենց պաշտպանյալներից ով էր Եղիշե Խաչատրյանին հարվածում, նրա մարմնի որ հատվածին, Աբրահամյանն ի պատասխան նշում էր միայն, որ բոլոր վեց անձինք հարվածում էին և հարվածում էին տղայի գլխի և մարմնի բոլոր հատվածներին:

Էմմա Աբրահամյանը դատարանում տված իր ցուցմունքների ընթացքում հայտնել է, որ ամբաստանյալների և իր որդու միջև տեղի ունեցած միջադեպի սկզբնական շրջանում՝ մոտ մեկ րոպե ինքը մեքենայից չի իջել: Ամբաստանյալների պաշտպանների հարցերին՝ ինքը տեսե՞լ է, թե ինչպես սկսվեց միջադեպը, ինչ հարց էր քննարկվում, Աբրահամյանը նախ նշեց, թե չի տեսել, ապա Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի հարց բարձրացրեց, թե այդ դեպքում ինչի՞ հիման վրա է պնդում, թե ծեծկռտուքը հրահրել են ամբաստանյալները, թե առաջինը նրանք են հարվածել Եղիշե Խաչատրյանին:

«Իմ որդին այնպիսի դաստիարակություն էր ստացել, որ չէր կարող հարվածել»,- ի պատասխան նշեց Աբրահամյանը: Ամբաստանյալների պաշտպանները շարունակեցին նրան նույն թեմայով այլ հարցեր ևս ուղղել:

«Տեսել եմ»,- ասաց Էմմա Աբրահամյանը՝ կարծես հարցն այսպիսով փակելու համար:

Տուժողը պարբերաբար կրկնում էր, թե այլևս հարցերի չի պատասխանում, թե ինքն ամեն ինչ ասել է, հետո ամբաստանյալների պաշտպանները, դիմելով դատավորին հորդորում էին չմոռանալ իր լիազորությունների մասին ու քայլեր ձեռնարկել, որ տուժողն օրենքով իր վրա դրված պարտականությունները կատարի ու պատասխանի հարցերին: Դատավորը, սակայն կամ նշում էր, որ Աբրահամյանը հարցերին պատասխանել է կամ առհասարակ չէր միջամտում: Աբրահամյանն, այնուամենայիվ, փոքր-ինչ հանդարտվում ու շարունակում էր պատասխանել հարցերին:

Ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հարցերից մեկն առնչվում էր նրան, թե ինչպես է Էմմա Աբրահամյանն իմացել, որ որդու քունքի շրջանում վնասվածք կա:

«Դիակն աչքիս առաջ, չգիտե՞մ, որ ծակվել ա»,- պատասխանեց Էմմա Աբրահամյանը:

«Ծակը ե՞րբ նկատեցիք»,-շարունակեց Պողոսյանը: Այս հարցից հետո Փառանձեմ Մեյթիխանյանն առանց դատարանի թույլտվության լքեց նիստերի դահլիճն, ու ամբաստանյալների պաշտպանների պնդմամբ՝ գնաց դատավորի աշխատասենյակ:

Քիչ անց Մեյթիխանյանը վերադարձավ ու երբ դատարանը նրան նախազգուշացրեց առանց թույլտվության նիստերի դահլիճը չլքելու մասին, տիկին Մեյթիխանյանը պատասխանեց, թե իրեն վատ էր զգում:

Ավելի ուշ Մեյթիխանյանի`դատավորի սենյակ գնալու հանգամանքը պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշեց դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ իր միջնորդության ժամանակ:

Բացի այդ, պաշտպանական կողմի հարցերը, որոնք ուղղակիորեն վերաբերում էին քրեական գործին, դատավոր Աննա Դանիբեկյանը պարբերաբար հանում էր: Այս առնչությամբ ամբաստանյալների պաշտպանները առարկություններ էին ներկայացնում ու նշում, որ դատավորը թույլ չի տալիս պատշաճ պաշտպանություն իրականացնել: Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի հարցերից մեկը հանելուց հետո դատավորը դեմքի այնպիսի արտահայտությամբ բացատրեց հարցը հանելու իր հիմնավորումը, որ Սիմոնյանը նրան հորդորեց դեմքի նման «զզվելի արտահայտությամն իրեն չնայել»:

Պաշտպանը դատավորին ինքնաբացարկ հայտնեց` նշելով, որ պաշտպանական կողմի նկատմամբ դատավոր Դանիբեկյանի բացասական վերաբերմունքն ակնհայտ է: Միջնորդությանը միացան նաև գործով մյուս պաշտպանները: Դատավորը, սակայն, մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը: Այսօր դատական նիստն ավարտվեց:

Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանը սպանվել է 2016թ-ի հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում են 5 անձինք՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7 և 10-րդ մասերով (սպանություն մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով): Ըստ մեղադրանքի` սպանված Եղիշե Խաչատրյանը երևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Միկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծի ենթարկել, ապա դեպքի վայր են եկել ևս երեք անձինք՝ Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և, ինքնությունը չպարզված, ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter