HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Կոռոզիայի ենթարկված ջրի բաքերով, ոչ պիտանի հրշեջ մեքենաներ․ ի՞նչ է թաքցնում ԱԻՆ-ը

Պարզվում է՝ Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարար ծառայությունը չլուծված մեծ խնդիր ունի, որը տարիներ շարունակ հեռու է մնացել հանրության տեսադաշտից, կառավարությունն էլ առանձնապես չի խոսել այդ մասին։

Սյունիքի, Լոռու եւ Շիրակի հրշեջ-փրկարարական ծառայությունների ջոկատներում շահագործվող հրշեջ տեխնիկան 1991 թվականից գրեթե չի թարմացվել։ Այն ֆիզիկապես եւ բարոյապես մաշված է եւ պետք է դուրս գրված լիներ դեռեւս 2001 թվականին, սակայն մնացել է շահագործման մեջ՝ փոխարինելու հնարավորություն չլինելու պատճառով։

ԱԻՆ-ը գործադիրի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի եւ Ճապոնիայի կառավարությունների միջեւ համաձայնագիր ստորագրելու հարցը, որի միջոցով ակնկալվում է հրշեջ մեքենաներ ներկրել Ծագող արեւի երկրից։

Ահա թե ինչ է գրված կառավարությանը ներկայացրած տեղեկանքում․ «Հրշեջ մեքենաների բարոյապես եւ ֆիզիկապես մաշված լինելու պատճառով, վերջին տարիներին հաճախակի են դարձել դրանց խափանման դեպքերը շահագործման ընթացքում։ Ավտոմեքենաների մի զգալի մասի ջրի բաքերը կոռոզիայի են ենթարկվել եւ վերանորոգելը դարձել է անհնար։ Ջրի պոմպերի եւ վակուումային համակարգերի անսարքությունները թույլ չեն տալիս անհրաժեշտության դեպքում ջրավազաններից ջուր վերցնել։

Հատուկ ագրեգատների եւ պահեստամասերի բացակայության պատճառով ընթացիկ վերանորոգումները կատարվում են շահագործումից հանված մյուս ավտոմեքենաների դետալներով, քանի որ պահեստամասեր այլեւս չեն արտադրվում։ Սակայն ավտոմեքենաների մի մասի ընթացային հատուկ ագրեգատներն այնպես են մաշվել, որ դրանց հետագա վերանորոգումը եւ շահագործումը դարձել է անհնար, ուստի ծայրահեղ անհրաժեշտություն է առաջացել այդ ավտոմեքենաները փոխարինել նորերով»։

Խոսք է գնում նաեւ մեկ այլ խնդրի մասին․ Սյունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերում կան համայնքներ, որոնք գտնվում են սպասարկող հրշեջ-փրկարարական ջոկատներից 32-48 կիլոմետր հեռավորության վրա, եւ մարտական հաշվարկները, հատկապես սահմանամերձ եւ բարձր լեռնային համայնքներին արտակարգ իրավիճակների դեպքերի սպասարկման համար, ոլորաններով անցնելիս առավելագույնը 20-30 կմ/ժ արագությամբ են ընթանում եւ կանչի վայր հասնում մինչեւ մեկ ժամ ուշացումով։ Եվ արձագանքումը դառնում է անիմաստ։

Իրավիճակը հասկանալու համար կարդում ենք պաշտոնական լրատվություն․ «Հուլիսի 5-ին (2016 թվականի), ժամը 21.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սրաշեն գյուղում այրվում է տուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.15-ին, մարվել՝ 23.36-ին»: Կամ․ «Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում ապրիլի 10-ին (2017 թվականի) խոշոր հրդեհ է տեղի ունեցել:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է ժամը 14:17-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ 18:36-ին: Տունն ամբողջությամբ այրվել է (120 քմ)»։

Լուսանկարն արվել է 2010 թվականի օգոստոսի 11-ին, Երեւանի Հանրապետության հրապարակում։ ԱԻՆ-ը ի ցույց է հանել Ճապոնիայից ստացած նոր հրշեջ մեքենաները։

Ահա թե ինչ է գրված ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության մեջ․ ««Իսուզու» մակնիշի բոլորովին նոր 28 հրշեջ ավտոմեքենաներից 2-ը 1000 լիտր ջրատարողությամբ արագ արձագանքման հրշեջ ավտոմեքենաներ են, որոնք նախատեսված են Կոնդ, Նորագյուղ, դժվարանցանելի փողոցներ ունեցող այլ թաղամասերում, ինչպես նաեւ խցանումների ժամանակ արագ տեղ հասնելու համար»:

Այն ժամանակ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հայտարարել էր, որ նոր հրշեջ ավտոմեքենաները համալրելու են Երեւանում տեղակայված հրշեջ մասերը, իսկ Երեւանի հրշեջ մեքենաները տրամադրվելու են մարզերին։ Սա այն ժամանակ ներկայացվել է որպես լավ լուր։ Երեւանում կիրառված հրշեջ մեքենաները մարզերին տրամադրելու տեղեկությունն այսօր արդեն, կառավարությունում վաղը քննարկվելիք հարցի ենթատեքստում, բավականին բացասական երանգ է ստանում։

2010 թվականի օգոստոս ամսին ԱԻՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկում եղել է 147 հրշեջ ավտոմեքենա, որոնցից 36-ը՝ Երեւանում, 111-ը` մարզերում: Ստացվում է, որ չնայած Լոռու, Շիրակի, Սյունիքի, ինչու ոչ՝ նաեւ մյուս բարդ ռելիեֆ ունեցող մարզերում առկա խնդիրներին, կառավարությունն առաջնահերթ է համարել ոչ բարդ տեղանք ունեցող Երեւանի պարկը թարմացնել։

Կոռոզիայի ենթարկված բաքերով, փչացած ագրեգատներով, շահագործմանն այլեւս ոչ պիտանի հրշեջ-մեքենաների թեման հատկապես անհասկանալի է տարիներ շարունակ ԱԻՆ-ի վերաբերյալ թմբկահարվող հայտարարությունների ֆոնին, թե՝ գերատեսչությունը ամենակայացած կառույցներից մեկն է։

Գլխավոր լուսանկարը՝ ՌԴ ԱԻՆ կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter