
Անահիտ Բախշյանի նամակը քաղաքաշինության նախարարին
Պարոն Վարդան Վարդանյանին
Քաղաքաշինության նախարար
Հարգելի պարոն Վարդանյան,
«Հետք» էլեկտրոնային կայքում սույն թվականի դեկտեմբերի 16-ի համարում հրապարակված հոդվածում գրված է. «ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի կառուցման աշխատանքները կատարելու համար 2011 թվականի օգոստոսի 5-ին «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ի հետ կնքել է թիվ ԲԸՀԱՇՁԲ-11/7 պետական գնման պայմանագիրը, որի ընդհանուր գումարը կազմում է 430 662 120 ՀՀ դրամ: Վերոնշյալ դպրոցի հիմանորոգման նպատակով ֆինանսավորումը չի իրականացվել, քանի որ ՀՀ կառավարության քաղաքականությունն ուղղված է շարունակական օբյեկտների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուն»:
Ստիպված պետք է բարձրաձայնեմ այն մասին, որ շարունակական օբյեկտների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուն ուղղված Կառավարության քաղաքականությունը, որով քաղաքաշինության նախարարությունը հիմնավորում է Վարդենիսի դպրոցի կառուցման աշխատանքների դադարեցումը, այս դեպքում անհիմն է, որովհետև այն նախատեսված է եղել 2010 թվականի պետբյուջեով, որի հիման վրա կայացել է շինարարությունն իրականացնող ընկերության մրցույթն, ու արդեն կնքվել է պայմանագիր: Նշանակում է՝ շինարարության դադարեցման պատճառներն այլ են:
Բացի այս փաստարկից՝ կրկնեմ, որ երբ քաղաքաշինության նախարարի մոտ բարձրացնում ենք վատթարագույն վիճակում գտնվող դպրոցների հիմնանորոգման հարցը, անընդհատ լսում ենք «Կառավարության քաղաքականությունն ուղղված է շարունակական օբյեկտների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուն» արտահայտությունը, և որքան ենք զարմանում, երբ շարունակական օբյեկտների ցանկում հայտնվում են դպրոցներ, որոնք արդեն «արծաթապատման» կարիք ունեն: Օրինակ՝ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11, թիվ 132 դպրոցները և երևի նման այլ դպրոցներ՝ կախված ընտրությունների ժամանակ մատուցած իրենց ծառայություններից:
Խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն 10-օրյա ժամկետում տրամադրել հետևյալ հարցերի պատասխանները.
1. Ինչո՞ւ են դադարեցվել Վարդենիս համայնքի դպրոցի կառուցման աշխատանքները,
2. Կառուցվելո՞ւ է Վարդենիս գյուղի դպրոցը, թե՞ ոչ:
3. Ե՞րբ է սկսվելու շինարարությունը:
Շնորհակալություն համագործակցության համար:
Հարգանքներով՝
Անահիտ Բախշյան
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել