
«Սասնա ծռեր»-ի գործով դատավոր. «Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է»
Այսօր՝ «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին, դատավոր Արտուշ Գաբրիելյանն առանց ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանի և Սմբատ Բարսեղյանի համաձայնության նրանց համար երկրորդ հանրային պաշտպանը ներգրավեց:
Դատավորն ավելի վաղ կայացած դատական նիստերի ընթացքում պատճառաբանելով, թե ամբաստանյալների մասնավոր պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Մուշեղ Շուշանյանը չեն ներկայանում դատական նիստերին, նրանց համար հանրային պաշտպան էր պահանջել, և հանրային պաշտպանի գրասենյակը նրանց պաշտպանությունը լիազորել էր հանրային պաշտպան Արմինե Ֆանյանին, ով գործով ի սկզբանե ներգրավված է եղել որպես ամբաստանյալ Արմեն Բիլյանի պաշտպան:
Արեգ Կյուրեղյանն ու Սմբատ Բարսեղյանը հրաժարվել էին հանրային պաշտպանից, և Ֆանյանը դատարանին հայտնել էր, որ չի կարող առանց ամբաստանյալների համաձայնության իրականացնել նրանց պաշտպանությունը: Ֆանյանը իր դիրքորոշումը հիմնավորել էր՝ նշելով, որ եթե ամբաստանյալի համաձայնությունը չունի, ապա չի կարող գործի վերաբերյալ ճշտել նրա դիրքորոշումը, պաշտպանական մարտավարություն մշակել և պատշաճ պաշտպանություն իրականացնել: Ֆանյանը, սակայն, չէր լքել նիստերի դահլիճն՝ ամենայն հավանականությամբ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքն, ամբաստանյալ Արմեն Բիլյանի համաձայնությամբ, պաշտպանում է նաև վերջինիս շահերը:
Այսօր Հանրային պաշտպանի գրասենյակը սեփական նախաձեռնությամբ երկրորդ հանրային պաշտպանին՝ Գարեգին Մարգարյանին էր ուղարկել դատարան, որպեսզի Արմինե Ֆանյանի հետ համատեղ իրականացնի Բիլյանի, Բարսեղյանի և Կյուրեղյանի պաշտպանությունը:
Դատավորն այս ամբաստանյալների համար երկրորդ հանրային պաշտպան պահանջելու որոշում երբևէ չի կայացրել, և ամբաստանյալների պաշտպաները բարձրացրին այն հարցը, թե ինչու է հանրային պաշտպանը սեփական նախաձեռնությամբ նման որոշում կայացրել, ինչու է դատավորը, ով այս նիստի նախագահողն է, թույլ տալիս, որպեսզի այլ կառույցներ ղեկավարեն իր նիստն ու իր փոխարեն որոշումներ կայացնեն:
«Ձեր լիազորությունները մի՛ զիջեք այլ անձանց»,- դիմելով դատավորին՝ ասաց ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ հարց տալով, թե արդյոք դատավորը պիտի գործում ներգրավի ցանկացած հանրային պաշտպանի, եթե Հանրային պաշտպանի գրասենյակը դարձյալ որոշի պաշտպան ուղարկել դատարան:
«Այո՛»,- ասաց Արտուշ Գաբրիելյանն ու ընթերցելով հանրային պաշտպանի գրասենյակից դատարան ուղարկված գրությունը՝ նշեց, թե հանրային պաշտպան Մարգարյանը ուղարկվել է դատարան՝ հաշվի առնելով գործի բարդությունը:
Հետո դատավորը նշեց, թե պաշտպանները միշտ դժգոհում են, որ դատական նիստերը հետաձգվում են, բայց այդ հետաձգումների մեղավորն ինքը չէ, այլ պաշտպանները, որոնք չեն ներկայանում դատարան:
«Պարոն Մարգարյանը ներգրավվում է, որպեսզի, եթե օրինակ, Արմինե Ֆանյանը արձակուրդ գնա, ծանրաբեռնված լինի, մեկ այլ տեղ դատական նիստի լինի, անտեղի չհետաձգվեն նիստերը»,- ասաց Արտուշ Գաբրիելյանը:
«Կարող է՝ դուք էլ ծանրաբեռվածության պատճառով չկարողանաք ներկայանալ, եկեք երկրորդ դատավոր ներգրավենք»,- տեղից արձագանքեց ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը:
Նշենք, որ չնայած երեք ամբստանյալներն էլ հրաժարվեցին Գարեգին Մարգարյանից, դատավորը որոշեց նրան ներգրավել որպես ամբաստանյալներից երկուսի՝ Արեգ Կյուրեղյանի և Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան: Երբ գործով պաշտպանները պահանջեցին հայտնել, թե որն է նման տարբերակված մոտեցման պատճառը, դատավորը պատասխանեց, թե Արեգ Կյուրեղյանն ու Սմբատ Բարսեղյանն, ի տարբերություն Բիլյանի, հեռացված են նիստերի դահլիճից:
Լուսինե Սահակյանի հարցին՝ դա ի՞նչ կապ ունի, դատավորը պատասխանեց՝ «այնքանով կապ ունի, որքանով որ ես որոշում եմ կայացրել»:
Գործում ներգրավված պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ դատավորին հարց ուղղեց, թե ինչու է վերջինս նիստերի դահլիճից հեռացված ամբաստանյալներին բերում նիստերի դահլիճ՝ նրանց համար հանրային պաշտպան ներգրավելու հարցի քննարկման ժամանակ, եթե, միևնույն է, նրանց կարծիքը հաշվի չի առնում որոշում կայացնելիս:
«Հարցնում եք, չեք լսում, նայում եք, չեք տեսնում»,- տեղից արձագանքեց ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բոլոր առարկությունները լսում էր, ապա շարունակում Գարեգին Մարգարյանին պարզաբանել իր պարտականությունները:
Հանրային պաշտպան Գարեգին Մարգարյանը, թեև հայտարարեց, որ չի կարող իրականացնել ամբաստանյալների շահերի պաշտպանությունը, մնաց նիստերի դահլիճում:
Այսօրվա դատական նիստի ավարտին ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանն, ով միայն նախորդ նիստին էր բերվել նիստերի դահլիճ, դարձյալ 6 ժամով հեռացվեց: Եղիազարյանը նիստի մեկնարկին դատավորին միջնորդել էր հետաձգել դատական նիստը՝ հաշվի առնելով, որ իր երկու պաշտպանները ներկա չեն, սակայն դատավորը հանրային պաշտպանների վերաբերյալ հարցի քննարկումից հետո միայն անդրադարձավ Եղիազարյանի միջնորդությանը: Դատական ամբողջ նիստի ընթացքում Եղիազարյանը ուղղումներ էր մտցնում դատավորի խոսքի մեջ, նշում, որ պաշտպանները ոչ թե չեն ներկայանում նիստերին, այլ նրանց թույլ չեն տալիս ներկայանալ:
Հետո դատավորն իր խոսքում նշեց՝ «Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է», և այդ արտահայտությունը բուռն ծիծաղ առաջացրեց դահլիճում: Դատավորը Եղիազարյանին ևս մեկ նկատողություն արեց՝ նշելով, որ չխոսի, վերջինս էլ ասաց, թե ինքը չի խոսում, ծիծաղում է: Դատավորը պարզաբանեց, որ ծիծաղել նույնպես չի կարելի, ապա Եղիազարյանը դարձյալ հակադարձեց և դրանից հետո հեռացվեց դահլիճից:
Դատական նիստի ավարտին Գարեգին Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե ինքը չի լքելու նիստերի դահլիճը, բայց մնալու է ներսում՝ հաշվի առնելով, որ դատավորը նրան գործում ներգրավելու որոշում է կայացրել: Մեր դիտարկմանը՝ եթե ինքն ընդունում է դատավորի որոշումն, ապա այդ պարագայում ինչո՞ւ չի իրականացնում ամբաստանյալների շահերի պաշտպանությունը, Մարգարյանը պատասխանեց, թե ինքն ունի նաև Հանրային պաշտպանի գրասենյակի լիազորագիր՝ ամբաստանյալների շահերը ստանձնել միայն վերջիններիս համաձայնությամբ:
Ստացվում է, որ Գարեգին Մարգարյանը ձևականորեն կմնա դահլիճում և չի իրականացնի պաշտպանություն: Հանրային պաշտանի գրասենյակը ֆինանսավորվում է պետության կողմից, այսպիսով ստացվում է, որ պետությունը պաշտպանին կվճարի դատական նիստերին գալու և լռելու համար, այն դեպքում, երբ պաշտպանը պարտականություն ունի պաշտպանություն իրականացնելու:
Դատական հաջորդ նիստը սեպտեմբերի 6-ին է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել