HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը

Ողջունելով հյուրին մեր երկրում և նշելով, որ սա Բոսնիա և Հերցեգովինայից բարձրաստիճան առաջին այցն է Հայաստան, այն լավ առիթ է համարել անդրադառնալու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու արդյունավետ համագործակցության ձևավորմանը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նման փոխայցերը հնարավորություն կստեղծեն լրացնելու այն բացը, որ ակտիվ քաղաքական երկխոսության բացակայության պայմաններում առաջացել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 20 տարիների ընթացքում:

Ս․ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Բոսնիա և Հերցեգովինայի հետ բարեկամության, փոխադարձ վստահության և գործընկերության վրա հիմնված հարաբերությունները: Արտգործնախարար Ցրնադակը նշել է, որ շատ ուրախ է գլխավորելու իր երկրից Հայաստան ժամանած բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունը և ընդգծել է, որ կցանկանար, որպեսզի այս այցը դիտարկվի որպես հստակ քայլ և ուղերձ առ այն, որ իր երկիրը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ:

Իգոր Ցրնադակը շեշտել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ու բարեկամական կապերը զարգացնելու համար չկա որևէ խնդիր: Նա հույս է հայտնել, որ իր այցի արդյունքներով նոր գլուխ կբացվի երկկողմ հարաբերություններում:

Իգոր Ցրնադակը  Ս․Սարգսյանին ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքականության հիմնադրույթները, տարբեր ուղղություններով զարգացման հեռանկարները, ինչպես նաև հետաքրքրվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա վիճակով և զարգացումներով՝ ընդգծելով, որ Բոսնիա և Հերցեգովինան շարունակում է մեծ հետաքրքրությամբ հետևել տարածաշրջանի զարգացումներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Ս․Սարգսյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները:

Արտգործնախարար Ցրնադակն ընդգծել է, որ Բոսնիա և Հերցեգովինան կարևորում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն ու աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter