HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆերմերային շարժում» կազմակերպության անդամների հետ քննարկվել են գյուղոլորտի նոր ծրագրերը

Գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացնում են, որ Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպություն` Նախարարության կողմից մշակված նոր ծրագրերը ներկայացնելու, առկա հարցերը քննարկելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցում էին «Ֆերմերային շարժում» կազմակերպության ղեկավար Սարգիս Սեդրակյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը,  Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը, ՀԿ ներկայացուցիչներ,  ֆերմերներ:

Ողջունելով գյուղատնտեսության նախարարության նոր նախաձեռնությունները` «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության ղեկավար Սարգիս Սեդրակյանը վստահություն է հայտնել, որ նոր ծրագրերը դրական ազդեցություն կունենան ոլորտի համար:

Այնուհետև հանդիպման մասնակիցները նախարարին ներկայացրել են իրենց մտահոգող հարցերը, որոնք առավելապես վերաբերում էին տրամադրվող գյուղվարկերի բարձր տոկոսադրույքներին, ոռոգման ու կարկտապաշտպան նորագույն տեխնոլոգիաների կիրառման, գյուղատնտեսական տեխնիկայի պարկի թարմացման անհրաժեշտությանը, ինչպես նաև գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրմանը:

«Այսօր մենք փորձում ենք գյուղացիական տնտեսություններին  տրամադրել մատչելի ֆինանսական ռեսուրսներ ոռոգման նոր համակարգերի ներդրման և  ժամանակակից գյուղտեխնիկայի հասանելիության  ապահովման  համար:  Բացի այդ,  2018 թվականին նախատեսում ենք իրականացնել գյուղատնտեսական ապահովագրական համակարգի փորձնական ծրագիրը», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Ի․Առաքելյանը նաև տեղեկացրել է, որ պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ նախատեսվում է ստեղծել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսական տեխնիկայի կայան (ԳՏԿ), որի շնորհիվ ժամանակակից գյուղտեխնիկայի ծառայություններից կկարողանան օգտվել այն տնտեսավարողները, որոնց ֆինանսական միջոցները բավարար չեն լիզինգի ծրագրով գյուղտեխնիկա ձեռքբերելու համար:

Քննարկվել են նաև խորհրդատվական համակարգի բարելավման, գյուղատնտեսական հումքի մթերման նպատակով վերամշակող ընկերություններին մատչելի վարկերի տրամադրման, տոհմային անասնաբուծության զարգացման և մի շարք այլ հարցեր:

Իգնատի Առաքելյանը հավաստիացրել է, որ գյուղատնտեսության նախարարությունը հետևողական է լինելու սուբսիդավորվող վարկերի նպատակային օգտագործման վերահսկման և բոլոր ծրագրերի հաջող իրականացման գործում:

Նա վերահաստատել է պատրաստակամությունը շարունակել հետագա համագործակցությունը ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter