
Վահան Մարտիրոսյանն այցելել է Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ճանապարհահատված
«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ճանապարհահատվածում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ Վահան Մարտիրոսյանն այցելեց նշված ճանապարհահատված, մանրակրկիտ դիտարկեց կատարված աշխատանքները, միաժամանակ իր նկատառումները հայտնեց այն հատվածների վերաբերյալ, որտեղ աշխատանքի որակը գոհացուցիչ չէ:
Տեխհսկիչներին հանձնարարեց որակի ամենօրյա հսկողություն իրականացնել: «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը հայտնեց, որ լաբորատոր հետազոտությունները պարտաճանաչ իրականացվում են: «Բոլոր հատվածներում, մինչև ասֆալտը տեղադրել, նմուշները բերվում են լաբորատորիա, հատիկական կազմը, բաղադրությունը, ասֆալտի տիպը որոշելուց հետո նոր միայն տեխհսկիչների միջոցով թույլատրվում է տեղադրել»:
Շինաշխատանքներն այս ճանապարհահատվածում մեկնարկել են անցած տարվա սեպտեմբերին: Արդեն կատարվել են ճանապարհահատվածի 9,84 կմ ասֆալտապատման, հենապատերի վերանորոգման ու նոր հենապատերի կառուցելու աշխատանքները: Դրանց բետոնյա մակերեսի վերաբերյալ ևս նախարարը դիտողություններ արեց, ճանշինի ղեկավարը խոստացավ շտկել թերությունները. Կատարվում են նաև կամուրջների վերականգնման աշխատանքներ:
Դիտարկելով այստեղ իրականացվող շինարարությունը՝ Վ․ Մարտիրոսյանը ճանապարհաշինական ընկերության ուշադրությունը հրավիրեց ճանապարհամերձ հատվածներն ու ջրատար վաքերն աղբից մաքուր պահելու խնդրին: Շարունակվում են ջրահեռացման համակարգի և մայթերի վերականգնման, անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքները:Փաստացի կատարված աշխատանքների առաջընթացն այս պահին կազմում է շուրջ 65%:
Ըստ պայմանագրի՝ շինարարությունը պետք է ավարտվի նոյեմբերի վերջին, սակայն ճանապարհաշինարարները խոստանում են ճանապարհը շահագործման հանձնել ժամկետից շուտ` պահպանելով որակական չափանիշները:
Մեկնաբանել