HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՉԺՀ Ցինդաո քաղաքի պատվիրակությունը մտադիր է տնտեսական կապեր հաստատել Հայաստանի հետ

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն այսօր ընդունել է ՉԺՀ Ցինդաո քաղաքի մունիցիպալ ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լյու Շենգժենի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Պատվիրակության կազմում էին ինչպես քաղաքի պետական մարմինների պաշտոնյաներ ու պատասխանատու աշխատակիցներ, այնպես էլ չինական մի քանի հայտնի ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Հանդիպմանը ներկա էին նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ՉԺՀ-ում ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության ու առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները։  

Հովհաննես Ազիզյանը, ողջունելով հյուրերին, գոհունակություն է հայտնել Ցինդաո քաղաքի ներկայացուցչական պատվիրակության Հայաստան կատարած այցի առիթով, նաև հույս հայտնել, որ այն կլինի հետաքրքիր և արդյունավետ հայ-չինական գործարար կապերի ամրապնդման ու տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից, քանի որ կան լավ նախադրյալներ և  երկու կողմերի ցանկություն՝ խթանելու այն

  • Չնայած Չինաստանի հետ ունենք առևտրաշրջանառության շուրջ 35% աճ, սակայն այդ ցուցանիշները մեզ չեն բավարարում, և մենք կցանկանայինք տեսնել չինական ներդրումներ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ինչպես նաև չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը մեր երկրի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ Չինաստան արտահանման լավ հնարավորություն է տեսնում հայկական վերամշակված գյուղմթերքի համար։

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց հետաքրքրությունները և ակնկալիքները։ Մասնավորապես քննարկվել են կենցաղային տեխնիկայի, շինանյութերի արտադրության, դեղագործության, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Չինական «Hisense» ընկերության ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ հայկական կողմի հետ հետագա համագործակցության հնարավորությունները ճշգրտելու նպատակով:

Տիկին Լյու Շենգժենը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին նշել է, որ Ցինդաո քաղաքի գործարարների մոտ  մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ։ Երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման համար նա առանձնակի կարևորել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի իրականացումը։

Նշենք, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցիչների նախաձեռնությամբ` Չինաստանի Շանդոնգ նահանգի Ցինդաո քաղաքում կառուցվող Belt&Road համագործակցության նորարարական կենտրոնի հետ` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում, այս տարվա հուլիսին նախաստորագրվել է երկու համաձայնագիր, որոնց համաձայն՝ նշված կենտրոնում հայկական կողմին անհատույց կտրամադրվի ընդհանուր 500 քառակուսի մետր կահավորված ցուցահանդեսային տաղավար և աշխատանքային տարածք: Վերջինիս պաշտոնական բացումը նախատեսվում է այս տարվա աշնանը: 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել չինական կողմին փոխանցել չինարեն տեղեկատվություն Հայաստանի տնտեսության գրավչության, ներդրումային ծրագրերի վերաբերյալ՝ այն Ցինդաո քաղաքի գործարար շրջանակներին փոխանցելու համար։ Կողմերը պայմանավորվորվել են առաջիկայում ավելի առարկայական քննարկումներ և հանդիպումներ կազմակերպել։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter