HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

Օգոստոսի 30-ին Դիլիջանում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: 

Ըստ նախարարության հաղորդագրության՝ ներկայացնելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմն ու գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Սարգսյանին, պաշտպանության նախարարը շեշտել է, որ խորհրդի կազմում ընդգրկված անձանց վստահվել է մեծ ներդրում ունենալ վարժարանի նորովի կայացման գործում: 

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով ներկայացրել է վարժարանի առաքելությունն ու տեսլականը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնավորապես նշել է. «Հիմնադրամի գերխնդիրը պետք է լինի վարժարանը Հայաստանի առաջատար կրթահամալիրներից մեկը դարձնելը: Դրա համար պետք է ստեղծվի ակադեմիական գերազանցությամբ միջավայր` հմուտ մանկավարժների ներգրավմամբ, ակադեմիական արդի հնարավորությունների ապահովմամբ և մրցակցային կրթության միջավայրի ձևավորմամբ` հայրենիքին հետագա ծառայության համար նախապատրաստելով ուժեղ, առողջ, ճկուն և ռազմական հմտություններին տիրապետող սերունդ, բարեկիրթ քաղաքացիներ, ովքեր Հայրենիքին ծառայությունը դիտում են որպես գերխնդիր և գերնպատակ»:

Սեպտեմբերի 1-ին վարժարանի ուսուցչական կազմն ու սաները հանդիսավոր պայմաններում հրաժեշտ կտան Երևանում գտնվող շենքին և կտեղափոխվեն Դիլիջան։ Վարժարանի պաշտոնական բացումը և սաների երդման արարողությունը տեղի կունենա Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ին, որը, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, սահմանվել է որպես Վարժարանի օր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter