
Ավարտվեց «Ական փնտրող ռոբոտ» մրցույթը
Դեկտեմբերի 17-ին Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում տեղի ունեցավ «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթի խնդիրն էր խուզարկել հողածածկ տեղանքը, գտնել թաղված ականները, նշել դրանց դիրքերը և ստեղծել հետազոտվող տարածքի էլեկտրոնային քարտեզը:
Մասնակցում էր 5 թիմ՝ «Առնետ», «Միմ», «Ռևոտեք», «Մայմհագր», «Ոզնի»: Ցավոք, որևէ թիմ ամբողջությամբ չկատարեց իր առջև դրված պահանջը, այդ իսկ պատճառով ժյուրին որոշեց սահմանափակվել խրախուսական մրցանակներով:
Շվեցարական ԷյԲիԲի (ABB) ընկերության «Լավագույն ինժեներական լուծում» հատուկ մրցանակին արժանացավ «Ոզնի» թիմը, որի մրցանակն է 200.000 դրամ:
աղջիկներից ձևավորված «Միմ» թիմը ստացավ «Խիզախության համար» մրցանակը՝ արժանանալով 100.000 դրամի:
Մյուս 3 թիմերը նույնպես ստացան խրախուսական մրցանակ՝ յուրաքանչյուրը 100.000 դրամ:
«Անցած տարվա նույն մրցույթի համեմատությամբ կարող ենք ասել, որ այս տարի թիմերը կիրառել էին ավելի բարդ տեխնիկական լուծումները»,- նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն (ԻՏՁՄ) Կարեն Վարդանյանը:
Մրցույթի կազմակերպիչն էր ԻՏՁՄ-ն, գլխավոր հովանավորն էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, հատուկ մրցանակի հովանավորը՝ ԷյԲիԲի ընկերությունը, տեխնիկական հովանավորը՝ Արթին Վարուժան ընկերությունը, աջակիցներն էին՝ պաշտպանության նախարարությունը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, ՀՊՃՀ-ն (Պոլիտեխնիկ), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: Այս մասին հայտնում է ԻՏՁՄ հանրային կապերի մենեջեր Ռուզան Ապրեսյանը:
Մեկնաբանել