Ութերորդ վիրավոր զինվորը Արցախում վերանորոգված առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից
2016թ. ապրիլի քառօրյա պատերազմին հաջորդող մարտերից մեկում վիրավորված զինվոր Գագիկ Պետրոսյանն այսօր բնակարանամուտ նշեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Առանձնատունը վերանորոգվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից' «Վիրավոր զինվորների բնակարանային ապահովում» ծրագրի շրջանակներում:
2003 թվականից ի վեր Թուֆենկյան հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրականացրել Արցախին աջակցելու նպատակով: 2016թ. ապրիլին, ի պատասխան Քառօրյա պատերազմին, հիմնադրամը ֆոնդահայթայթման հրատապ արշավ նախաձեռնեց պատերազմից տուժած անձանց օգնելու համար: Այս հրատապ դիմումի արդյունքում ստացված դրամական միջոցների և անհատ դոնորների հավելյալ աջակցության շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամը վերանորոգել կամ նոր տներ է գնել 6 վիրավոր զինվորների համար' երեքը Մարտակերտի, երկուսը Հադրութի, մեկը Ասկերանի և մեկը Մարտունու շրջաններում:
Չնայած նախաձեռնությունն ի սկզբանե միտված է եղել Քառօրյա պատերազմին մասնակցած զինվորներին աջակցելուն, հետագայում այն ընդլայնվել է, ներառելով բնակարանային կարիքներ ունեցող բոլոր այն զինվորներին, ովքեր վիրավորվել են մարտի դաշտում և արդյունքում ի զորու չեն վերանորոգել իրենց տները կամ նոր բնակարաններ գնել: Մինչ այժմ, ի հավելումն քառօրյա պատերազմի մասնակից զինվորներին, ծրագրի շրջանակներում են ընդգրկվել Արցախյան ազատամարտի մասնակից երկու զինվորներ:
Գագիկ Պետրոսյանը Թուֆենկյան հիմնադրամից նոր կամ վերանորոգված բնակարան ստացած ութերորդ զինվորն է: Մինչև վիրավորվելը, Պետրոսյանը ծառայում էր Արցախի առաջնագծի զորամասերից մեկում: Ծառայության ընթացքում Պետրոսյանը կռվել և ծանր վիրավորվել է 2016թ. ապրիլյան պատերազմին հաջորդած գործողություններից մեկում, որի արդյունքում հաշմանդամություն է ձեռք բերել:
Այժմ Պետրոսյանը 38 տարեկան է, ամուսնացած է և երկու դուստր ունի: Չնայած ծանր հաշմանդամությանը, կոչումով Կապիտան Պետրոսյանը որպես հետախույզ շարունակում է ծառայել Արցախի պաշտպանության զորքերում: Մինչև Թուֆենկյան հիմնադրամի կողմից առանձնատան վերանորոգւմը, ընտանիքը մոտ 10 տարի ապրել է ծանր բնակարանային պայմաններում, որոնք վնասակար էին իրենց երեխաների առողջության և բարօրության համար: Չնայած Պետրոսյանը փորձել է վերանորոգման աշխատանքներ կատարել, հաշմանդամության պատճառով ստիպված է եղել անավարտ թողնել տան բարեկարգումը:
Բնակարանամուտի արարողության ընթացքում հյուրերին դիմելով Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն ասաց. «Այս զինվորները թողել են ամեն ինչ մեր երկրին ծառայելու և մեր սահմանները պաշտպանելու համար: Նրանց ընտանիքների համար արժանապատիվ բնակարանային պայմանների ապահովումը նվազագույնն է, որ կարող ենք անել այս զինվորների համար»:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Թուֆենկյան հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում առանձնատունն այժմ լիովին վերանորոգված է: Ի հավելումն ընդհանուր բարեկարգումների, վերանորոգվել է տանիքը, տեղադրվել են նոր պատուհաններ, դռներ և նորացվել է հատակը:
Չնայած 2016 թվականի արտակարգ իրավիճակն ավարտվել է, Արցախի զինվորների բնակարանային կարիքները դեռևս լուծված չեն: Հաշվի առնելով նմանատիպ օգնության կարիք ունեցող վիրավոր զինվորների թիվը, հիմնադրամի այս նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի:
Մեկնաբանել