HY RU EN

Կորեայի ձորի նախկին գիշերօթիկում ապաստանած փախստական և անապահով ընտանիքների բնակարանային հարցը կլուծվի

Կառավարությունն այսօր Կորեայի ձոր կոչվող տարածքի նախկին գիշերօթիկ դպրոցում ապրող, Ադրբեջանից բռնագաղթած փախստականների և սոցիալապես անապահով 9 ընտանիքներին բնակարանով ապահովելու մասին որոշում է կայացրել: 

Հիշեցնենք՝ տարիներ շարունակ այս ձորում գիշերօթիկ դպրոց է գործել, որի մասնաշենքերից մեկում շուրջ 30 տարի Բաքվից Երևան տեղափոխված փախստականներ են ապրել: Այժմ շենքում մնացել է 5 փախստական ընտանիք: Նրանց մեծ մասն արդեն մահացել  է, հատ ու կենտ ընտանիքներ տեղափոխվել կամ էլ հեռացել են երկրից: Հայաստանի կառավարությունն այս ընտանիքներին մինչ օրս չէր կարողացել ապահովել բնակարաններով: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում գտնվող գիշերօթիկն անցյալ տարի փակվել է: Փոխարենը ստեղծվել է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը, ուր տեղափոխվել են Խարբերդի հատուկ մանկատան շրջանավարտները և Վարդենիսի տուն-ինտերնատի հոգեկան առողջական խնդիրներ ունեցող 120 մարդ: Այդպիսով, փախստականների հարևանությամբ բնակվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները: Փախստական 5 ընտանիքից բացի՝ այստեղ ևս 4 անապահով ընտանիք է բնակվում: 

Կառավարությունը որոշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի ննջարանային մասնաշենքն ազատել առանց օրինական հիմքի և սեփականատիրոջ թույլտվության այնտեղ բնակվող 9 ընտանիքներից և ազատված տարածքն օգտագործել կազմակերպության կանոնադրական խնդիրներին համապատասխան՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բնակության, խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման նպատակով:

Ննջարանային մասնաշենքում առանց օրինական հիմքի  բնակվող 9 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով նրանց ցուցաբերել  ֆինանսական աջակցություն՝ բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով:    

Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ստեղծվելու է ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացն իրականացնող հանձնաժողով, հաստատվելու է հանձնաժողովի աշխատակարգը և այս որոշմամբ նախատեսված բնակարանի գնման վկայագրի և պայմանագրի ձևերը: 

Բնակարանի գնման վկայագրով նախատեսվող գումարի չափը, կառավարության որոշման համաձայն, մեկ սենյականոց բնակարանի համար սահմանվել է 9.323,6 հազար դրամ, երկու սենյականոց բնակարանի համար՝ 13.985,4 հազար դրամ, երեք սենյականոց բնակարանի համար՝ 18.647,2 հազար դրամ: 

Բնակարանի գնման վկայագրի գործողության վերջնաժամկետը բնակարանի գնման վկայագրի տրամադրման օրվանից հաշված 6 ամիս է: 

Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեի 2017թ. հատկացումների համապատասխան բաշխմամբ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի ննջարանային մասնաշենքի տարածքում բնակվող ընտանիքներին բնակարանով ապահովման համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել էր 20,4  մլն դրամ: Սակայն ընտանիքներին հայտնի չէր, թե ինչպես է բաշխվելու այդ գումարը: «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ նախարարությունը հայտնել էր, որ բնակարանների գները հաշվարկվել էին՝ հիմք ընդունելով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2016-2017թթ. հրապարակված՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում բնակարանների 1 քմ-ի միջինացված արժեքը: Սակայն բնակիչները մեզ հետ զրույցում դժգոհություն էին հայտնել, քանի որ այդ գումարը բավարար չէր նույնիսկ ծայրամասում հանրակացարանային սենյակ ձեռք բերելու համար: 

Այսօրվա որոշմամբ նախագծի ընդունման վերաբերյալ շահագրգիռ մարմիններից ստացված դիտողությունների և առաջարկությունների տեղեկանքում նախագիծն ամբողջությամբ լրամշակվել և խմբագրվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի հետ համատեղ, այդ թվում՝ նաև վերանայվել են հաշվարկները:   

Նախարարության գրությամբ ներկայացված հաշվարկները եղել են նախնական, որոնց համար հիմք էր հանդիսացել տվյալ ժամանակահատվածում Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակարանների 1 քմ գինը և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանի հավելվածը, որտեղ նշված են եղել տվյալ տարվա համար նվազագույն չափաքանակները, որն այսօր փաստացի շուկայում առկա՝ գնման ենթակա բնակարանների՝ նույնիսկ նվազագույն չափաքանակներին չի համապատասպխանում (տես՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության 2016 թվականի համար հրապարակած տվյալները՝ Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի մեկ, երկու և երեք սենյականոց բնակարանների ընդհանուր մակերեսների միջինացված չափերի վերաբերյալ):