HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Համազգայինը նոր շենք կունենա, բայց ոչ՝ Վարպետի երազած տեղում

«Ջի Էմ Դեվելոփեր» ՍՊԸ-ին կառավարությունն այսօր ներդրումային ծրագիր իրականացնելու թույլտվություն է հատկացրել, որի առաջին փուլով նախատեսվում է Երևանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից 1278 քմ մակերեսով տարածքում կառուցել բազմաբնակարան շենք, իսկ 955 քմ հողամասի վրա ապամոնտաժել առկա շենքը եւ կառուցել նոր շենք՝ Համազգային թատրոնի համար։

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը ստեղծման օրվանից գործում է ԵրԹԿՊԻ շենքում։ Մի քանի տարի թե´ թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանը, թե´ դերասանական կազմը երազում էր սեփական շենքի մասին։ Թատրոնի համար շենք կառուցելու տարածք էր հատկացվել Գլխավոր պողոտայում, Մանկական երկաթուղի տանող այգում։ Ճարտարապետ Լեւոն Ղալումյանը նախագիծ էր հեղինակել, իսկ «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամը՝ դրամահավաք սկսել։

Ավելի ուշ, տարածքի նկատմամբ կառուցապատման իրավունք էր ձեռք բերել «Տաշիր գրուպի» խմբերից մեկը հանդիսացող «Նոր Երեւան» ՍՊԸ-ն, իսկ թատրոնի կառուցման նպատակով հանգանակված մոտ 15 հազար դոլար գումարը 2016 թվականին գողացել էին։ Համազգային թատրոնում կորցրել էին սեփական շենք ունենալու հույսը։ Ինստիտուտի մասնաշենքը, որ հատկացվել է «Ջի Էմ Դեվելոփեր» ՍՊԸ-ին, ծառայում է եւ´ ԲՈՒՀ-ին, եւ´ վարձակալության է տրվել Ֆինանսաբանկային քոլեջին, որը մասնավոր կառույց է։ Շենքի առաջին հարկում եւ´ ինստիտուտի արխիվն է եւ´ լսարաններ, այդ թվում՝ անձամբ ռեկտոր Դավիթ Մուրադյանինը։ Այդ մասին ցուցանակ է փակցված։

ԵրԹԿՊԻ պրոռեկտոր Վահան Եղիազարյանը «Հետքի» հետ զրույցում պարզաբանեց, որ տարածքը քոլեջին վարձակալության է տրվել մինչեւ 2018 թվականը։

«Ինչպես գիտեք, վաղուց դրված է Համազգային թատրոնի շենքի խնդիրը լուծելու հարցը։ Թատրոնը ներկայումս ներկայացումներ է բեմադրում ինստիտուտի տարածքում, բայց իր համար էլ դժվար է։ Միաժամանակ այդ տարածքում խաղում է նաեւ մեր ուսանողական նորարարական թատրոնը։ Ամիսներ ունենք, որ տարածքը շատ ծանրաբեռնված է լինում։ Եվ, ընդհանուր առմամբ, դա թատրոնի շենք չէ՝ իր կառուցվածքով, հանդերձարանի բացակայությամբ եւ այլն։ Ելնելով իրավիճակից` մենք կողմ ենք, որպեսզի քանդվի մեր մյուս մասնաշենքը, որը մի քանի տարի անց հաստատ վթարային է լինելու եւ ամրացման նպատակով մեծ գումար կարող է պահանջվել, միայն թե Համազգայինն իր շենքն ունենա»,-ասաց Եղիազարյանը։

Երբ Համազգային թատրոնը տեղափոխվի նոր շենք, թատրոնի ներկայիս տարածքում կկազմակերպվեն ինստիտուտի դասընթացները։

Կապույտով նշված հատվածում բազմաբնակարան շենք կկառուցվի, իսկ կարմիր սլաքով նշված է ինստիտուտի այն մասնաշենքը, որի տեղում լինելու է Համազգային թատրոնի նոր շենքը:

Այն, որ շենքի նոր տարածքը չի համապատասխանում թատրոնի հիմնադրի եւ անձնակազմի պատկերացումներին, համազգայնականներին այլեւս չի անհանգստացնում։ Բոլորն են հասկանում, որ նախկին նախագիծը իրականացնելու շանսեր գրեթե չկային, գոնե մոտ ապագայում։

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Չալդրանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին սա լավագույն լուծումն է։ «Սոս Սարգսյանը տքնեց, տքնեց, որպեսզի թատրոնն իր առանձին շենքն ունենա։ Վարպետի ցանկությունը, իհարկե, չկատարվեց այն առումով, որ այգում նախատեսված պրոյեկտի համար ֆինանսական միջոցներ այդպես էլ չհայթայթվեցին։ Տվյալ պարագայում այն, ինչ կառավարությունը մտածել է, լավագույն լուծումն է։ Մենք շատ ուրախ ենք եւ սպասում ենք նոր շենքի կառուցմանը»,-նշեց Չալդրանյանը։

Ռեժիսորը նշեց, որ ոչ միայն տեսել է թատրոնի ապագա շենքի նախագիծը, այլեւ նախագծող ճարտարապետի հետ աշխատել դրա վրա։ «Իհարկե, չեմ կարող ասել, թե դա կլինի Սունդուկյանի կամ Պարոնյանի անվան թատրոնների նման կառույց, որոնք ամբողջությամբ առանձին տարածքի մեջ են, փողոցի կողմից գեղեցիկ տեսանելի։ Բայց այս մեկը նույնպես ամեն ինչով հարմարեցված է լինելու թատրոնի աշխատանքին։ Օրինակ` բեմը կունենա 15 մետր խորություն եւ նույնքան էլ բարձրություն»,-ասաց Չալդրանյանը։

Բանավոր խոսակցություններում, ըստ Վիգեն Չալդրանյանի, նշվում է, որ շենքը Համազգային թատրոնին կհանձնվի ամենաուշը 2018 թվականի դեկտեմբերին։ Ի դեպ, ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում «Ջի Էմ Դեվելոփերը» կվերցնի նաեւ երեք մասնավոր սեփականատերերի հողամասերը եւ շինությունները։ Կառավարության կողմից տարածքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելուց հետո ընկերությունը իրականացնելու է երեք փուլով անշարժ գույքի օտարման աշխատանքներ` իրացված գույքերի դիմաց փոխհատուցումը տրամադրելով բնակելի տարածքներով։ Համազգային թատրոնի շենքի վերգետնյա հարկերն ընկերությունը կտրամադրի պետությանը, իսկ ստորգետնյա հարկերը կօգտագործի որպես ավտոկայանատեղի։ Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter