HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Օֆշորի գործով» փաստաբան. «Այս ամենին տրվել է քաղաքական աստառ՝ ուշադրության կենտրոնում պահելու համար»

«Փայլակ Հայրապետյանը, կորցնելով իր գույքը, բազմաթիվ դատեր տանուլ տալով «Ամերիաբանկին», կարող էր տեսնել միայն մի ելք՝ Աշոտ Սուքիասյանին մեղադրելով հասնել նրա դատապարտմանը, որից հետո խարդախությամբ, լիազորագիր վերցնելու հիմքով, կիպրոսյան և աֆրիկյան ընկերություններից արդեն ձեռք բերված դատավճռով, պահանջել Ա. Սուքիասյանի կատարած ներդրումները և բաժնեմասերը»,-Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում «Օֆշորի գործով» նիստին Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը հանդես եկավ ճառով, այնուհետև ավելացրեց, որ սրանով Փայլակ Հայրապետյանը կտիրանա Աշոտ Սուքիասյանի գույքին, իսկ իր պաշտպանյալը կհայտնվի ճաղերի հետևում:

Փաստաբանը հավելեց նաև, որ այս ամենին տրվել է քաղաքական աստառ՝ ուշադրության կենտրոնում պահելու համար: «Այդ սցենարին հասնելու համար պետք է քաղաքական երանգ տալ, լրատվամիջոցներով աղմուկ բարձրացնել՝ ճանաչված անձանց անուններն անընդհատ շրջանառության մեջ պահել, որպեսզի լրատվության միջոցների համար հետաքրքիր լինի: Սակայն, Փայլակ Հայրապետյանը լրատվամիջոցներին, երկրի նախագահին, վարչապետին բողոքելիս չի ասել իր գույքային վիճակի մասին, չի ասել, որ գործարք կատարելիս խախտել է Քաղաքացիական օրենսդրության պահանջները, պայմանագիր չի կնքել, որի արդյունքում էլ տեղի է ունեցել եղածը»,-ասաց Յուրիկ Խաչատրյանը:

Պաշտպանը նշեց, որ առաջադրված մեղադրանքն ապացուցված չէ, զուրկ է ապացուցողական հիմքերից. «Անօրինական կարգով իմ պաշտպանյալին տրամադրվել է քրեաիրավական գնահատական, այն դեպքում, երբ կողմերի մեջ վեճ լինելու դեպքում կիրառվում են քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դրույթներ»,-դատարանի դահլիճում հայտնեց փաստաբանը: Նա անդրադարձավ 2009-ին էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած ադամանդագործության և ոսկերչության խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ Աշոտ Սուքիասյանի ներկայությանը և նշեց, որ վերջինս նախաձեռնող չի եղել և չի իմացել՝ ովքեր են ներկա լիենլու ժողովին: «Իմ պաշտպանյալը նպատակ չի ունեցել տիրանալ Փայլակ Հայրապետյանի ունեցվածքին»,-հավելեց փաստաբանը:

Փաստաբանը ներկայացրեց փաստաթղթեր, ըստ որի՝ երևում էին Աշոտ Սուքիասյանի կատարած գործարքները Սիերա Լեոնեում՝ ձեռք բերած սարքավորումներ, հողի նմուշ:

«Այս գործարքներով Աշոտ Սուքիասյանի գործարարության փաստը հիմնավորվում է: Աշոտ Սուքիասյանը ոչ թե իրեն դրել էր ադամանդագործության մեջ կայացած գործարարի տեղ, այլ ինքն այդ ոլորտում մասնագետ էր»,-նշեց փաստաբանը, ապա ավելացրեց, որ վերոնշյալ քննարկմանը Փայլակ Հայրապետյանը ներկայացել է սեփական նախաձեռնությամբ:

Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ Աշոտ Սուքիասյանը մինչև  էկոնոմիկայի նախարարությունում կայացած ժողովն ունեցել է անշարժ գույք, որը լիկվիդացիոն գներով անցել է բանկին, և Սուքիասյանը կորցրել է ամեն ինչ: Իսկ Փայլակ Հայրապետյանը, դիմելով Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան, Ա. Սուքիասյանին սնանկ է ճանաչել:

Յուրիկ Խաչատրյանը նշեց նաև, որ «Ամերիաբանկի» տրամադրած վարկը հատկացվել է մաս-մաս, որը նույնպես չի նպաստել բիզնեսի զարգացմանը:

Դատարանի վերաբերյալ Յուրիկ Խաչատրյանը նշեց, որ օբյեկտիվ քննություն չի իրականացրել. վկաներ կանչելու իրենց միջնորդությունները դատարանը մերժել է. «Երեքը մեկի դեմ են դուրս եկել»,-նշեց փաստաբանը, հետո հիշեց Հակոբ Պարոնյանին և մեջբերեց. «Երկու տարվա ժողովին մեջ բան մը չըրին, պաշտպանական կողմի համար դահլիճի տաքության ու սառնության հարցը քննարկելուց բացի, ոչ մի օգուտ չեղավ»:

Փաստաբանը նշեց, որ փողերի լվացում չի կատարվել, ավելացրեց, որ ամբաստանյալի գործողությունների մեջ չկա նաև խարդախության հանցակազմ: Փաստաբանը մանրամասն ներկայացրեց, թե փողերի լվացումը և խարդախությունը ո՞ր օրենքներով, Վճռաբեկ դատարանի ո՞ր որոշումներով են սահմանվում՝ պնդելով, որ դրանք առկա չեն իր պաշտպանյալի կատարած գործողություններում:

Հիշեցնենք, որ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտները օրինականացնելու, չարամտորեն խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու համար: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելը, 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը:

Պաշտպան Յուրիկ Խաչատրյանը դատարանին խնդրեց իր պաշտպանյալի նկատմամբ սույն քրեական գործը կարճել: «Պետությունը պարտավոր չէր գործող քաղաքացիական օրենսդրության պահանջների անտեսմամբ և գործարքներ կնքած տուժող ճանաչված Փ. Հայրապետյանի և մյուսների գույքային և այլ իրավունքների վերականգնումը դիտել հանրային շահի տիրույթում և իրականացնել մասնավոր շահերի քրեաիրավական պաշտպանություն»,-հավելեց փաստաբանը:

Շուրջ հինգ ժամ տևած դատական նիստը հետաձգվեց:

Հաջորդ նիստին ամբաստանյալը հանդես կգա ճառով: Նիստը կկայանա սեպտեմբերի 15-ին ժամը 14-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter