HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանը «Մայքրոսոֆթ»-ի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի թվային օրակարգի իրագործելուն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահ Ռոնալդ Բինկոֆսկիի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգի ձևավորման ուղղությամբ ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: 

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարության օրակարգում է Թվային ռազմավարության մշակումը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման թվային համակարգի զարգացումը, էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների կտրուկ ավելացումը, պետական կառավարման էլեկտրոնային ինտեգրված համակարգի մշակումը և այլ հարցեր: Վարչապետի խոսքով, այդ ծրագրերի իրականացման նպատակով է ստեղծվել «Թվային Հայաստան» հիմնադրամը, և կառավարությունը պատրաստ է նշված ուղղություններով առաջ շարժվել՝ «Մայքրոսոֆթ»-ի հետ փոխգործակցությամբ: 

Ռոնալդ Բինկոֆսկին իր հերթին ընդգծել է «Մայքրոսոֆթ»-ի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին թվային օրակարգի իրականացման գործում և հավելել, որ այդ նպատակով արդյունավետ քննարկումներ են ունեցել տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

«Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահի խոսքով, այս բնագավառում իրենք ունեն հարուստ փորձ ու անհրաժեշտ կարողություններ, որոնք կարող են ուղղել Հայաստանի թվային օրակարգի կյանքի կոչմանը: 
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր ևս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter