HY RU EN

Արաքս Մամուլյան

«Ռադիո Մարիամ»-ի լրագրողը ԱԱԾ-ին զինված խմբի գործով ձայնագրություններ է ներկայարցել և խմբի անդամների դեմ ցուցմունքներ տվել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Նորքի  զինված խմբի» գործով դատական նիստին ցուցմունք տվեցին 5 անձինք, որոնց գործն անջատվել է Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ գործից:

Այս մեղադրյալների` Գյումրու «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի լրագրող Լիլիթ Թորոսյանի, մեղադրյալներ Հովհաննես Բալաբանյանի, Աղասի Մարտիրոսյանի, Կարեն Խաչատրյանի, Սրբուհի Այվազյանի վերաբերյալ գործը դեռևս դատարան չի ուղարկվել:

Նրանցից երկուսի` Լիլիթ Թորոսյանի և Հովհաննես Բալաբանյանի հետ դատարան էին եկել նաև նրանց պաշտպաններ Գեղամ Հակոբյանն ու Հարություն Բաղդասարյանը. վերջինս նիստերի դահլիճում էր:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը Բաղդասարյանին ասաց, որ լքի նիստերի դահիճը, քանի որ Հովհաննես Բալաբանյանը դեռևս չի հարցաքննվել:

Բաղդասարյանը հակադարձեց՝ նշելով, որ փաստաբանին դատական նիստերի դահլիճից հեռացնելու որևէ հիմք չկա և պնդելով, որ դատավոր Բեկթաշյանն իրեն նիստերի դահլիճից հեռացնելու հիմքում դնում է Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմը, համաձայն որի` վկան մինչև հարցաքննվելն իրավունք չունի գտնվել նիստերի դահլիճում:

Այլ գործից անջատված մասով մեղադրյալները, սակայն, Վ․Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ գործի շրջանակներում օգտվում են մեղադրյալի, այլ ոչ թե վկայի իրավունքից, քանի որ նրանք իրավունք ունեն ցուցմունք տալուց հրաժարվել՝ ի տաբերություն վկայի:

Չնայած Հարություն Բաղդասարյանի կողմից ներկայացված առարկություններին` դատավորը շարունակեց պնդել, որ վերջինս դուրս գա դահլիճից, և Բաղդասարյանը, հայտարարելով, որ առարկում է Բեկթաշյանի գործողությունների դեմ`լքեց նիստերի դահլիճը:

Այսօր դատարանը, դատախազի միջորդությունը բավարարելով, արգելեց լրագրողներին տեսանկարահանում իրականացնել` հաշվի առնելով հանգամանքը, որ գործի անջատված մասով վկաներին կարող է այդպիսով հասանելի դառնալ մեղադրյալների ցուցմունքները:

Մեղադրյալներից առաջինը ցուցմունք տվեց Լիլիթ Թորոսյանը: Վերջինս նախաքննության սկզբնական շրջանում կալանավորված է եղել, ապա նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Արթուր Վարդանյանն, ով, ըստ մեղադրանքի, զինված խմբի կազմակերպիչն է, դատարանի ուշադրությունը հրավիրեց հանգամանքին, որ այն բանից հետո, երբ Լիլիթ Թորոսյանը ավարտել է իր վերջին ցուցմունքը, կալանքից ազատ է արձակվել: Ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ դիրքորոշում հայտնեց, որ Լիլիթ Թորոսյանը համագործակցել է ԱԱԾ-ի հետ և, որպես իր խոսքի հիմանվորում, նշեց Թորոսյանի կողմից գաղտնի արված և նախաքննությանը ներկայացված ձայնագրություները, որոնք առնչվում են Վահան Շիրխանյանին:

Մեղադրյալ Թորոսյանը դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ, և դատարանը որոշեց հրապարակել նրա` նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Նախաքննության ընթացքում տված իր նախնական ցուցմունքներում Թորոսյանը այս գործով անցնող որևէ անձի որևէ արարքում կասկածելի բան չի տեսել, հետո ինչ- որ մի փուլից սկսել է մանրամասներ վերհիշել, ձայնագրություներ ներկայացնել քննություն իրականացնող մարմնին:

Մասնավորապես` որպես կասկածյալ տված իր ցուցմունքում Լիլիթ Թորոսյանը նշում է, որ Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է Քեսաբի ազատագրման շրջանում, նրա հետ հարցազրույց է արել, մեկ այլ մեղադրյալ և այս գործով որպես ֆինանսավորող անցնող Անտոն Դիկրան Թոթոնջյանի հետ աշխատել է: Վերջինս նշել է նաև, որ Արթուր Վարդանյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու վերաբերյալ որևէ տեղեկություն երբևէ չի ունեցել:

Ապա` ավելի ուշ, արդեն որպես մեղադրյալի իր ցուցմունքներից մեկում  հիշել է, որ իր համակարգչում երկու ձայնագրություն կա, որոնցից մեկը Արթուր Վարդանյանի և Վահան Շիրխանյանի, իսկ մյուսը՝ Արթուր Վարդանյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի միջև խոսակցություններ են:

Վահան Շիրխանյանի և Արթուր Վարդանյանի միջև խոսացությունն, ըստ Թորոսյանի ցուցմունքի, ինքն արել է Արթուր Վարդանյանի  առաջարկով, իսկ երկրորդը՝ սեփական նախաձեռնությամբ: Հատկանշական է, որ Լիլիթ Թորոսյանի նախաքննական ցուցմունքի համաձայն` Արթուր Վարդանյանը տեղյակ չի եղել, որ իր ևՎահան Շիրխանյանի միջև խոսակցությունը Թորոսյանը պահել է իր մոտ:

Այս երկու խոսակցությունների ձայնագրություններն առայժմ դատարանում չեն հրապարակվել, բայց հայտնի է, որ Շիրխանյանի մեղադրանքի հիմքում դրված է Արթուր Վարդանյանի և Վահան Շիրխանյանի միջև խոսակցությունը:

Լիլիթ Թորոսյանը հայտնել է նաև, որ Արթուր Վարդանյանն իրեն նախազգուշացրել է, որ երբեք որևէ մեկի չասի այն ամենի մասին, ինչ ինքը գիտի՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում իր ընտանիքի անդամներին վտանգ կսպառնա և հիշեցնելով, որ ինքը՝ Վարդանյանը քրեական հեղինակություն համարվող եղբայր ունի, ում համար մարդկանց հարցեր լուծելը խնդիր չէ:

Իր մեկ այլ ցուցմունքում Թորոսյանը նշել է, թե Արթուր Վարդանյանը կապ է ունեցել նաև ASALA-ի  և «Հեզբոլլահ»-ի հետ:

Թորոսյանի ցուցմունքի համաձայն՝ ինքը Վահան Շիրխանյանի հետ ծանոթացել է 2015թ. մայիսին՝ Մոսկվա քաղաքում` Հայր Կաթողիկե եկեղեցում կազմակերպված Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման շրջանակներում, ապա  նրանցից հարցազրույց է վերցրել:

Թորոսյանը հայտնել է նաև, որ Արթուր Վարդանյանը ցանկացել է հանդիպել այն ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, և Շիրխանյանից խնդրում էր նրան կազմակերպել այդ հանդիպումը, Շիրխանյանն էլ խոստացել է, որ կկազմակերպի: Թորոսյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքի համաձայն՝ Վահան Շիրխանյանը հեղափոխության վերաբերյալ խորհուրդներ է տվել Արթուր Վարդանյանին: Այս խորհուրդներն առկա են նաև այն ձայնագրության մեջ, որ Թորոսյանը ներկայացրել է նախաքննություն իրականացնող մարմնին՝ հայտնելով, թե Արթուր Վարդանյանի առաջարկով է ձայնագրել:

Արթուր Վարդանյանը, սակայն, չի ընդունում, որ ինքը Լիլիթ Թորոսյանին առաջարկել է ձայնագրել իրենց միջև խոսակցությունը:

Ըստ Թորոսյանի ցուցմունքի՝ Շիրխանյանի և Վարդանյանի միջև այս խոսակցությունից տեղեկանալով զինված հեղաշրջման ծրագրի մասին՝ ինքը վախեցել է, և դրանով է պայմանավորված, որ հետո սեփական նախաձեռնությամբ ձայնագրել է Արթուր Վարդանյանի և Պարգև Սրբազանի միջև խոսակցությունը:

Թորոսյանը հայտնում է նաև, որ վախեցել է վերը նշված խոսակցությունների մասին հայտնել իրավապահներին:

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո Լիլիթ Թորոսյանը հայտարարեց, որ հրաժարվում է հարցերի պատասխանել և պարզաբանումներ տալ:

Վահան Շիրխանյանը նշեց, որ այս դեպքում ձևական է դառնում դատաքննությունը:

«Նրա նմանները նախաքննության ընթացքում խոսել են, հիմա հրաժարվում են: Ի՞նչ է նշանակում` նախաքննական ցուցմունքում ասել եմ, հիմա չեմ ասում, այսինքն` քեզ հնարավոր է ստիպել են, որ գրել ես դրանք: Ինչպե՞ս քեզ հավատանք, ինչպե՞ս հավատանք, որ չեն ստիպել, եթե  գալիս ես մարդու տուն և գաղտնի ձայնագրում ես խոսակցությունը»,- Թորոսյանին դիմելով` ասաց Վահան Շիրխանյանը:

Գործից անջատված մասով անցնող մյուս մեղադրյալը՝ Կարեն Խաչատրյանը հայտնեց, որ ինքը Նորքի բնակարան, որտեղ ըստ ԱԱԾ հաղորդագրության վնասազերծվել է զինված խումբը, գնացել է ամբաստանյալ Էդվարդ Ներսիսյանի` Ապարի հետ:

Վերջինս Խաչատրյանի մարտական ընկերն է, դատարանին հայտնեց, որ Էդվարդ Ներսիսյանն իրեն հայտնել է, որ զոհված ազատամարտիկների երեխաները իրեն այդ տուն ճաշի են հրավիրել, և Ապարն իրեն էլ է տարել, քանի որ վատ զգալիս է եղել:

Ըստ Խաչատրյանի` Նորքի տանը հաց են կերել, լավ ժամանակ անցկացրել և զինված հեղաշրջման մասին որևէ խոսակցություն չի եղել, ինքը որևէ զենք չի տեսել այնտեղ:

Մյուս մեղադրյալը` Աղասի Մարտիրոսյանը, թեև դատարանում տված իր ցուցմունքում ընդհուպ ծաղրում էր ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը, դրա որոշակի դրվագների առնչությամբ նախաքննության ընթացքում ցուցմունքներ էր տվել:

Մասնավորապես` Մարտիրոսյանի ցուցմուքների համաձայն` ինքը հեղաշրջան մտադրության մասին տեղյակ է եղել, և երբ հարցրել է, թե ինքն ինչ պետք է անի, իսկ Արթուր Վարդանյանը նրան ասել է, որ երբ ժամանակը գա, կասի:

Մարտիրոսյանը սակայն, դատարանում նշում է, որ ինքն այդ խոսակցությունները լուրջ չի ընդունել, քանի որ ամեն օր էլ ինքը զինված հեղաշրջում անելու առաջարկ է ստանում` հաշվի առնելով, թե ինչ վիճակ է տիրում Հայաստանում:

«Էս երկրում ամեն օր ու մասսայական առաջարկվում է զինված հեղաշրջում անել» ,- ասաց Մարտիրոսյանը:

Դատախազի հարցին` իր նկատմամբ ճնշում եղե՞լ  է ցուցմունք տալիս, Մարտիրոսյանը պատասխանեց, որ սպառնալիք է եղել ԱԱԾ պետի այն ժամանակվա տեղակալի կողմից, որի անունը չի հիշում:

«Կամ գրում ես, կամ..հայհոյանք»,- այսպիսի սպառնալիք է եղել», - ասաց Մարտիրոսյանը:

Մյուս մեղադրյալը` Հովհաննես Բալաբեկյանը, հայտնեց, որ ինքը ևս եղել է Նորքի այն տանը, որտեղից ձերբակալվել են գործով ամբաստանյալները: Այս վկան դարձյալ Էդվարդ Ներսիսյանի միջոցով է հայտնվել այդ տանը, ըստ որում` Էդվարդ Ներսիսյանի հետ ևս պատահաբար է ծանոթացել, նրանք վաղեմի ծանոթներ չեն եղել:

Մեղադրյալ Սրբուհի Այվազյանը դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ, սակայն նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներում որոշ մանրամասներ էր պատմել: Այս վկան դեռևս հարցաքննված միակ անձն է, ով նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներում խոսել է զենք տեսնելու մասին: Նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում Սրբուհին գրել է նաև, որ որ համակրել է Արթուր Վարդանյանին, և ավելի ուշ միայն իմացել, որ վերջինս ամուսնացած է:

Քրեական գործում առկա է մի լուսանկար, որում խմբի անդամները զենքերով և դիմակներով նկարված են: Այդ անձանցից մեկը Այվազյանն է: Նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներում նա հայտնել է, որ ինքը զենքով նկարվելիս միակ մարդն է եղել, որ չի իմացել, թե այդ զենքերը ինչի համար են: Ասում  է` կարծել եմ` զենքերը Քեսաբի համար են:

Այս հանգամանքը գործով անցնող Մարինե Կաթանյանին, Ասյա Մկրտչյանին և Նելլի Մինասյանին զայրացրեց: Վերջիններիս հարցերից հասկանալի դարձավ, որ Սրբուհի Այվազյանը շատ ավելի վաղ է ճանաչել Արթուր Վարդանյանին, քան իրենք, ավելին, հարցերից պարզ դարձավ, որ, օրինակ, Ասյա Մկրտչյանին Վարդանյանի հետ ծանոթացրել է հենց Սրբուհի Այվազյանը:

Վերջինս այդ հանգամանքը նախաքննական իր ցուցմունքներում չի հերքում, բայց նշում է, թե չգիտի` ինչի համար է նրանց ծանոթացրել, ինչ պիտի միասին անեին: Ասյա Մկրտչյանը հարց տվեց, թե եթե Այվազյանը տեղյակ չի եղել ոչ մի բանից, ապա ինչո՞ւ է նրան հորդորել զգույշ լինել, կամաց խոսել, ինչո՞ւ է կասկածել, որ կարող են իրենց լսել:

ԱսյանՄկրտչյանը, Մարինե Կաթանյանն ու Նելլի Մինասյանը Այվազյանին հարցեր էին տալիս նաև այն մասին, թե արդյոք վերջինս իր ինչ-ինչ արարքները քողարկելու համար չէ մյուսների դեմ ցուցմունքներ տվել, թե արդյոք այդ ցուցմունքները խանդից դրդված չի տվել, բայց այդ բոլոր հարցերին Այվազյանը չպատասխանեց` օգտվելով իր իրավունքից:

Դատարանը մերժեց Շիրխանյանին կալանքից ազատելու կամ նրան գրավի դիմաց ազատելու միջնորդությունը

Այսօր`գործի դատաքննությունից շուրջ 9 ամիս անց, Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը դարձյալ  իր պաշտպանյալին կալանքից ազատելու կամ նրա նկատմամբ գրավ կիրառելու միջնորդություն ներկայացրեց:

Հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` այլ գործերով հայտնած դիրքորոշմանը` Ալումյանը նշեց, որ դատաքննության մեկնարկից առ այսօր անձի կալանքի տակ պահելու հիմքերը չեն կարող նույնը մնացած լինեն: Ալումյանի խոսքով` այդ հիմքերն, ըստ ՄԻԵԴ-ի հայտնած դիրքորոշման, ժամանակի ընթացքում նվազում են:

Ալումյանը վստահ է, որ այդ հիմքերն ի սկզբանե գոյություն չեն ունեցել, այնուամենայնիվ, եթե դատարանը գտնում է, որ նման հիմքեր առկա են, ապա, ըստ Ալումյանի, Շիրխանյանը պետք է գրավի դիմաց ազատ արձակվի:

Այսպիսով` փաստաբանը դատարանին միջնորդեց իր պաշտպանյալին կալանքից ազատել, իսկ եթե ոչ, ապա գոնե նրա նկատմամբ գրավ կիրառել:

Մեղադրող կողմը դիրքորոշում հայտնեց, որ գրավի չի կարող ապահովել Շիրխանյանի պատշաճ վարքագիծը գործի դատաքննության ընթացքում:

Խորհրդակցական սենյակում քննության առնելով միջնորդությունը` դատավոր Բեկթաշյանը որոշեց մերժել այն: