
Հայաստանի դպրոցներում ուսուցչի մոտ 500 թափուր աշխատատեղ կա
Մարինե Մադաթյան
Հրանտ Գալստյան
Հայաստանի դպրոցներում ուսուցչի առնվազն 477 թափուր աշխատատեղ կա: Այդ են վկայում «Հետք»-ի` հանրապետության 10 մարզերից և Երևանի քաղաքապետարանից ստացած տվյալները:
Դպրոցներ կան, որտեղ համապատասխան ուսուցչի բացակայության պատճառով առարկան չի դասավանդվում: Շատ այլ առարկաներ էլ դասավանդում են ոչ մասնագետներ: Օրինակ` մաթեմատիկայի մասնագետը կարող է դասավանդել կենսաբանություն, պատմության մասնագետը' ինֆորմատիկա, իսկ գերմաներենի մասնագետը' պատմություն:
Կրթության նախարարությունը չի հրապարակում, թե դպրոցներին ինչ մասնագետներ են անհրաժեշտ
Կրթության և գիտության նախարարությունը չի տրամադրում հանրապետության դպրոցներում ուսուցչի թափուր հաստիքների ցանկը` պատճառաբանելով, որ ստույգ տվյալներ չունի: ԿԳՆ-ի հիմնավորումն այն է, որ թափուր տեղերը կարող են լրացվել նաև ոչ մրցութային կարգով:
Նշենք, որ մրցույթ չի անցկացվում 4 դեպքում. եթե տեղը թափուր է ժամանակավոր, դասաժամերը տրամադրվելու են նույն հաստատությունում տվյալ առարկան արդեն դասավանդող (այդ թվում` համատեղությամբ) համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետին, թափուր ժամերն առաջացել են 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում կամ առկա է նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածու:
Մնացած բոլոր դեպքերում դպրոցի տնօրենը հայտարարությունը պետք է հրապարակի «Կրթություն» պաշտոնաթերթում, որն էլ տեղեկությունը պետք է ներկայացնի ԿԳՆ-ին` www.edu.am-ում հրապարկելու համար:
Թեև այս աղբյուրներին են հղում անում նաև մարզպետարանները, սակայն այժմ ուսուցչի մրցույթի որևէ հայտարարություն անտեղ հրապարակված չէ:
Արարատի, Արմավիրի մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը չեն տրամադրել հաստիքների ցուցակ: Առաջինը հղում է արել ԿԳՆ կայքին և «Կրթություն» թերթին, Արմավիրի մարզպետարանը նշել է, որ «չհամալրված թափուր հաստքիներ» չունեն, իսկ Երևանի քաղաքապետարանում «ուսուցչի թափուր տեղերի ցանկ չի գործում»: Հոդվածում ներկայացվող տվյալները վերաբերում են մնացած 8 մարզերին:
Թափուր հաստիքի պատճառով առարկան չի դասավանդվում
Մարզպետարաններից ստացած մեր տվյալներով` Հայաստանի հինգ դպրոցներում թափուր հաստիքների պատճառով առարկան ընդհանրապես չի ուսուցանվում: Դրանք են Լոռու մարզի Անտառամուտի հիմնական դպրոցը («Անգլերեն»), Արմանիսի հիմնական դպրոցը («Ֆրանսերեն»), Մեծավանի թիվ 1 հիմնական դպրոցը («Տեխնոլոգիա»), Սյունիքի մարզի Հարթաշենի միջնակարգ դպրոցը («Տեխնոլոգիա»), Վաղատուրի միջնակարգ դպրոցը («Գերմաներեն»):
Նշվածներից միայն Հարթաշենի միջնակարգ դպրոցի «Տեխնոլոգիա» առարկան է, որ չի դասվանդվում մասնագետի մահվան պատճառով: Մնացած հաստիքների թափուր լինելու պատճառը մասնագետ չլինելն է: Թե Լոռու, թե Սյունիքի մարզպետարանները պատասխանել են, որ մարզերի հանրակարթական հաստատությունները ֆինանասավորման պակաս չունեն:
«Մարզի որևէ դպրոցում չկա հաստիք, որ այս պահին չի կարող լրացվել բյուջեի սղության պատճառով, քանի որ բոլոր դպրոցները սահմանված կարգով ֆինանսավորվում են ամբողջությամբ, և ֆինանսավորման խնդիր չկա»,- «Հետք»-ին տեղեկացրել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:
Մինչև 13 թափուր աշխատատեղ` մեկ դպրոցում
Ամենամեծ ցանկը տրամադրել է Լոռու մարզպետարանը` 220 թափուր աշխատատեղով: Լոռու մարզում են նաև ամենաշատ ուսուցիչների կարիք ունեցող դպրոցները: Դաշտադեմի միջնակարգ դպրոցին, օրինակ, անհրաժեշտ են 13 մասնագետներ: Այս դպրոցում բնագիտություն, աշխարհագրություն, կենսաբանություն և տեխնոլոգիա առարկաները դասավանդում է միջին մասնագիտական կրթությամբ մասնագետ:
Թափուր հաստիքների 85%-ը գյուղերում են
Ուսուցչի աշխատանքի կարիք կա հիմնականում գյուղերում: Այստեղ հաստիքը չի համալրվում նույնիսկ տասնյակ անգամներ մրցույթ հայտարարելուց հետո: Շիրակի մարզի Ծաղկուտի միջնակարգ դպրոցում ռուսաց լեզվի մասնագետի համար 25 անգամ մրցույթ է հայտարարվել: Հաստիքն այժմ լրացնում է մասնագիտությամբ հոգեբան: Նույն մարզի Գետաշենի միջնակարգ դպրոցում մաթեմատիկայի մասնագետը դասավանդում է ֆիզիկա, իսկ հաստիքը լրացնելու համար 2013թ.-ից 16 անգամ մրցույթ է հայտարարվել:
Թափուր հաստիքների մի մասը դասավանդում է ոչ մասնագետ, որը օրենսդրությունը չի նախատեսում
Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթները հայտարարվում են` ԿԳ նախարարի 2013թ. ապրիլի 15-ի N 396 հրամանով:
Հրամանով նախատեսված չէ, որ որևէ դեպքում, նույնիսկ` մրցույթի հաղթող չլինելու պատճառով, մասնագիտական որակավորում չունեցող մասնագետը դասավանդի: Լեռնային, բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի hաստատություններում թույլատրվում է, որ թափուր տեղը մրցութային կարգով չհամալրվելու կամ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում (անկախ պատճառներից), ժամկետային պայմանագրով աշխատանքի կարող են ընդունվել համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող անձինք, ինչպես նաև ուսուցչի որակավորում շնորհող բուհերի հեռակա ուսուցմամբ ավարտական կուրսերի համապատասխան մասնագիտությամբ սովորող ուսանողները:
Մարզպետարաններին խնդրել էինք տեղեկացնել նաև, թե թափուր հաստիքներից որոնք են լրացվում այլ մասնագետի միջոցով: Հարցին պատասխանել են միայն Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզպետարանները: Նրանց տրամադրած տվյալներից պարզ է դառնում, որ թափուր դասաժամերը հիմնականում դասավանդում են հարակից առարկաների ուսուցիչները կամ, ինչպես վերը նշված մի քանի դեպքերում, տվյալ ոլորտի հետ կապ չունեցող մասնագետներ:
Դրույքից ավել թափուր դասաժամեր
Դպրոցների մի մասը ցանկով ներկայացրել է ոչ միայն այն առարկան, որի մասնագետի կարիքն ունեն, այլև` տվյալ առարկայից քանի դասաժամ է ազատ: Կան դպրոցներ, որտեղ, որպես ազատ հաստիքի չափաքանակ, ներկայացվում է 20-ից մինչև 28 դասաժամ: Նշենք, որ դպրոցներում մեկ դրույք է համարվում 22 դասաժամը, հետևաբար թափուր հաստիքներ ունեցող որոշ դպրոցներում մասնագետը, ընդունվելու դեպքում, կարող է պարապել դրույքից ավել:
Տավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոցում ազատ է ռուսաց լեզվի 28 դասաժամ, Մոսեսգեղի միջնակարգ դպրոցում` 21, Գեղարքունիքի մարզի Սարուխանի թիվ 3 միգնակարգ դպրոցում ֆրանսերենի` 20, Գեղամասարի միջնակարգ դպրոցում` դասվարի 20, Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցում` գերմաներենի 20 դասաժամ:
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել