HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տան կառուցում. ինչի՞ց սկսել

«Հետքը» շարունակում է համագործակցել տարբեր մասնագիտությունների տեր հեղինակների հետ` առանձին ոլորտներին վերաբերող մասնագիտական հոդվածներ ներկայացնելու նպատակով:

Այսօր ներկայացնում ենք ճարտարապետ Արթուր Հայրապետյանի հրապարակումը եւ խնդրում հայտնել ձեր կարծիքը։ 

Այս անգամ կխոսենք բնակելի կառուցապատում իրականացնելու ընթացակարգերի ու տարբերակների մասին, կծանոթանանք որոշ հարցերին առնչվող օրենքի պահանջին:

Ինչպես նախորդ հոդվածում նշեցի՝ քաղաքի բնակչության ավելացման հետ զուգահեռ առաջանում է նոր բնակմակերեսի կարիք: Խնդրի լուծման մի քանի եղանակ կա.

  1. որևէ ընկերություն կառուցում է բազմաբնակարան շենք կամ առանձնատուն և այն վաճառում, կամ՝

  2. քաղաքացին գնում է հողամաս ու սեփական ուժերով կառուցում այն:

Առաջին դեպքին մանրամասն չեմ անդրադառնա, միայն նշեմ, որ այստեղ ևս անելիք կա վերահսկողության, լիցենզավորման ու ազգային անվտանգության հետ կապված, քանի որ կան անբարեխիղճ կառուցապատողներ, ովքեր կառուցում են շենքեր, որտեղ ապրելը վտանգավոր է, որոնք չեն համապատասխանում ո՛չ հակահրդեհային, ո՛չ քաղաքաշինական, ո՛չ սեյսմակայուն շինարարության նորմատիվ պահանջներին, սակայն ավելացնեմ նաև, որ շենքի հարկայնությունը այս դեպքում կարևոր չէ, եթե բոլոր նորմատիվ պահանջները բավարարված են, վառ օրինակ՝ Ճապոնիան, որն առավել ակտիվ սեյսմիկ գոտում է գտնվում, սակայն այնտեղ կան թե՛ երկնաքերեր, թե՛ կախովի կամուրջներ, որոնք գրեթե անվնաս են մնում հզոր երկրաշարժերից հետո, ինչն ինժեներական մտքի, բարձր կարգապահության և առանց խախտումների կառուցապատման արդյունքն է:



Երկրորդ դեպքում, երբ քաղաքացին իր երազանքների տունն է ուզում կառուցել - վերակառուցել - նորոգել, բախվում է մի շարք խնդիրների, որոնց մասին պատշաճ չտեղեկացվելու պատճառով շատերը հիասթափվում են ամբողջ պրոցեսից կամ կատարում ոչ նպատակային ծախսեր՝ ավելորդ ծառայությունների կամ «մաղարիչների» տեսքով:
Ստորև կներկայացնեմ բոլոր հաջորդական քայլերը:

Տուն կառուցելու համար անհրաժեշտ է ունենալ.

  1. սեփականության իրավունքով հողամաս

  2. գումար

  3. ժամանակ

  4. նյարդեր

  • Նոր օբյեկտի կառուցման / քանդման կամ վերակառուցման համար անհրաժեշտ է ունենալ շինարարության / քանդման թույլտվություն: Ինչպե՞ս ստանալ այն և ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ ստորև տեղադրված նկարներում

Իսկ որտեղի՞ց ունենալ նախագիծ:

Այն կարող եք պատվիրել որևէ լիցենզավորված ճարտարապետական արվեստանոցից կամ անհատ մասնագետներից, կամ՝ ընտրել բազմակի օգտագործման նախագծերի օրինակներից /միայն ամբողջությամբ նոր օբյեկտի կառուցման դեպքում/, որոնք տեղադրված են yerevan.am և minurban.am կայքերում և տրամադրվում են անվճար: Վերջում տեղադրված հղման մեջ կգտնեք նաև բազմակի օգտագործման նախագծերից օգտվելու ընթացակարգի մասին անհրաժեշտ տվյալները:

Քննարկենք ևս 2 դեպք, երբ վերակառուցում եք կամ կցակառույց եք ավելացնում շինությանը, ապա նախագծի հետ միասին անհրաժեշտ է նաև լիցենզավորված մասնագետի սեյսմիկ եզրակացությունը: Իսկ նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվության փաստաթղթերի հանձնման ժամանակ՝ նաև նախագծի փորձաքննություն այլ լիցենզավորված ընկերությունում:
Երկրորդ դեպքում, երբ կառուցում եք նոր օբյեկտ, ապա որոշ պայմանների դեպքում շինարարության համար, ըստ լիցենզավորման նոր օրենքի, ձեզնից չի պահանջվի լիցենզավորված շինարարական ընկերություն և լիցենզավորված տեխնիկական հղկող, կպահանջվի միայն հեղինակային հսկողության պայմանագրի կնքում նախագծային ընկերության հետ:

Այդ օբյեկտներն են՝ 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող, մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տները, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները և 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակները, ինչպես նաև՝ գյուղական բնակավայրերում համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասերում` 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցները, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության այլ ոչ հիմնական շինությունները և 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունները

  • Շինարարության ավարտին տրվում է նաև ավարտական ակտ կամ շահագործման իրավունք, որի վերաբերյալ մի փոքր հատված օրենքից` թույլատրելի շեղումների մասով

171. Ավարտված շինարարական օբյեկտը հաստատված նախագծին համապատասխան է համարվում նաև ոչ էական շեղումներով կառուցված լինելու դեպքում, որի մասին ընդունող հանձնաժողովի ակտում և ավարտական ակտում (շահագործման թույլտվությունում) կատարվում են համապատասխան նշումներ: Ոչ էական են համարվում`

1) յուրաքանչյուր հարկի մակերեսի` մինչև 5 տոկոսի չափով շեղումը.

2) կառույցի բարձրության` մինչև 1.2 մետր չափով համամասնական (ըստ հարկերի) շեղումը.

3) ներքին միջնորմների և այլ ոչ կառուցվածքային տարրերի տեղադիրքի շեղումները` շենքերի հարկաչափերի նվազագույն նորմերի պահպանման պայմանով:

172. Սույն կարգի 171-րդ կետով սահմանված շեղումները համարվում են ոչ էական` հետևյալ պահանջների ապահովման պայմանով`

1) չեն փոփոխվել հաստատված նախագծային փաստաթղթերով նախատեսված`

ա. օբյեկտի հարկայնությունը,

բ. օբյեկտի տեղադրման կարմիր և կառուցապատման գծերը,

գ. կառուցապատվող հողամասի սահմանները.

2) օբյեկտի կոնստրուկտիվ տարրերին չառնչվող ճարտարապետական արտահայտչամիջոցների (ճակատների, բարձրաքանդակների, ինտերիերի նկարվածք և այլն, եթե այդ շեղումները չեն հակասում քաղաքաշինական կանոնադրության պահանջներին) փոփոխման դեպքում առկա է նախագծող հեղինակի համաձայնությունը.

3) սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված փոփոխությունները կատարվել են սույն կետի 1-ին ենթակետի պահանջների իրականացման ապահովմամբ:

Այստեղ քաղաքացին, չիմանալով նախագծից թույլատրելի շեղման չափը, հաճախ ունենում է արհեստական խնդիրներ. հարկ է իմանալ օրենքն ու պահանջել դրա իրականացումը:

  • Այս ամենից զատ շինարարության թույլտվություն չպահանջող ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական աշխատանքների իրականացման համար տրվում է էսքիզային նախագծի համաձայնեցում՝ տես նկարում

Հ.Գ. Կարևոր է հիշել, որ շինարարությունը պատասխանատու և ծախսատար աշխատանք է, որը պետք է կատարել առանց շտապելու, բարձր կարգապահությամբ և բոլոր նորմերի պահպանմամբ: Դրա շնորհիվ կունենաք անվտանգ, հարմարավետ տուն, որի փաստաթղթավորման ընթացքում չեն լինի նաև ավելորդ խնդիրներ ու վճարներ:

Պետք է նաև հիշեցնեմ՝ քանի որ Երևանում խիտ է կառուցապատումը և հողամասերը շատ մեծ չեն, նախագծման ժամանակ շատ դեպքերում անհրաժեշտ է լինում հարևանի համաձայնությունը՝ որոշակի խնդիրներին լուծում տալու համար, օրինակ՝ պատուհանի բացվածքի իրականացման համար, որը մոտ է հողասահմանին ավելի, քան 3մ և այլն: Այդ իսկ պատճառով խորհուրդ կտամ լավ լինեք Ձեր հարևանների հետ՝ գուցե մի օր պետք լինի նրանց դիմել:

Քաղաքաշինության նախարարության կայքում առավել ծավալուն ներկայացված է ամբողջ գործընթացը:

Նկարները՝ yerevan.am կայքից

Մեկնաբանություններ (10)

Անուշ
Բարև ձեզ, ասացեք խնդրեմ, ինչ թղթաբանություն է անհրաժեշտ սեփական տուն կառուցելու համար (արդեն ունեմ հողատարածք)։ Ո՞ւմ է պետք դիմել և ինչ վճարումներ են անհրաժեշտ, որպեսզի ամեն ինչ լինի օրինական ու չդառնամ խաբեություն զոհ։ Նախապես շնորհակալություն։
Հայկ
Բարև ես ունեմ սեփական տարածք Սոթք գյուղում ուզումեմ ոկտվել սահմանամերծ բնակավայրում տուն կառուցելու ծրագրից և ցանկանում եմ կառուցել տոն առաջին հերթին ումը դիմել ինչ թխտաբանություն անեմ որպեսզի ամեն ինչ օրինական լինի նախապես շնորհակալություն...
Նարինե
Ունեմ սեփական տարածք։ Ցանկանում եմ կառուցել տուն։ Կգրե՞ք հերթական քայլերս և պահանջվող փաստաթղթային ողջ փաթեթը՝ սեյսմակայունությունից մինչև բնակելի տարածքի շինարարության օրինականության բոլոր կետերն ապահովելու համար։ Նախապես՝ շնորհակալություն։
Թամարա
Բարև ձեզ։Ունեմ տնամերձ հողատարածք Գառնի գյուղում 1500քմ:Ցանկանում եմ կառուցել 10մ երկարություն 10մ լայնություն 2մ բարձրություն տուն:Խնդրում եմ ասեք ինչ թղթեր են անհրաժեշտ,և մոտավոր ինչքան գումար թղթերը պատրաստելու համար: Եթե հնարավոր է հեռախոսահամար տրամադրեք զանգահարենք:
Գևորգ
Երևան քաղաքում ունեմ 120քմ հողամաս, որի վրա առկա է մոտ 80քմ (ըստ վկայականի 58քմ) հին բնակելի տուն։ Դիմել ու քաղաքապետարանից ստացել եմ բնակելի տունը քանդելու և հողամասի վրա մինչև 100%-ը կառուցապատելու իրավունք(ԱՊԶ)։ Սակայն նոր բնակելի տան նախագիծը ներկայացնելուց պահանջում են, որ բնակելի տան մակերեսը չգերազանցի հողամասի 60%-ը։ Ինչ կարող եմ անել, եթե ցանկանում եմ ամբողջ հողամասի վրա բնակելի տուն կառուցել։
Արմեն
Բարև Ձեզ: Նոր Խարբերդ գյուղում ունեմ բնակելի կառուցապատման նշանակության 500 մետր քառտակուսի հողատարածք և ցանկանում եմ կառուցել առանձնատուն 130 մետր քառակուսի 1 հակից: Խնդրում եմ տեղեկացնել կառուցապատման թույլտվության ստանալու համար իմ կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը և հաջորդականությունը: Կանխավ շնորհակալություն:
Ռուբեն
Ապրում եմ Երևան քաղաքի Կենտրոն համայնքում: Սեփական բակում ունեմ շատ հին մոտ 25 մ. քառ. կիսավթայաին տուն, որը ուզում եմ վերակառուցել, հողե տանիքը փոխել թեթև շին.նյութով, կիսքանդ պատերը և տանիքը վերականգնել. իսկ դրա համար թաղապետարանի համապատասխան բաժինը պահանջում է փաստաթղերից բացի նաև Էսքիզային նախագիծ /լիցենզավորված ճարտարապետով/: Որտեղ դիմել եմ նման էսքիզային առաջարկի համար պահանջել են մոտ 100-200 հազար դրամ...որը ես կնախընտերի ծախսել տան վերանորոգման համար , քանի որ յուրաքնչյուր գումարը կարևորը է ինձ համար, քանի որ թոշակառու եմ:
ՕԳՍԵՆ
Ես ապրում եմ Բալահովիտ գյուղում տանս կից ունեմ սեփական հող և ցանկանում եմ տղայիս համար տուն կառուցեմ թուլատվության համար ումը դիմեմ
Օնիկ
ես ունեմ սեփական տարածք և ցանկանում եմ կառուցել տոն առաջին հերթին ումը դիմել ինչ թխտաբանություն անեմ որպեսզի ամեն ինչ օրինական լինի նախապես շնորհակալություն
Նորա
Շնորհակալություն տեղեկատվության համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter