HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ Արտակ Շաբոյանի՝ ՏՄՊՊՀ-ն չի կարող միայնակ լուծել մրցակցության ոլորտի խնդիրները

Այսօր տեղի ունեցավ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին կից Հասարակական խորհրդի ընդլայնված նիստը: Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքի, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցիչները քննարկման ընթացքում ներկայացրին իրենց մտահոգություններն ու առաջարկները' մրցակցային խնդիրների վերաբերյալ:

ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի տեղեկացմամբ՝ գործարարների հիմնական դժգոհությունը վերաբերում էր պետական գնումների գործընթացում մրցակցային անհավասար պայմաններին: Տնտեսվարողները դժգոհեցին նաև մանրածախ առևտրի կազմակերպման ոլորտից, մասնավորապես ոլորտում գերիշխող դիրք ունեցող առևտրային ցանցերին մատակարարված և ապրանքների իրացման ընթացքում դրանց առաջացրած որոշակի ռիսկերից:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ հանձնաժողովը հետամուտ կլինի բարձրացված խնդիրներին և հավաստիացրեց, որ դրանք կներառվեն հաջորդ տարվա աշխատանքային գործունեության ծրագրում: «Հանձնաժողովը բաց է նման քննարկումների համար, և պատրաստ է արձագանքելու ոլորտի վերաբերող ցանկացած խնդրի»,-ասաց նա:

Արտակ Շաբոյանը նշեց, որ թեև մեր երկրում մրցակցության ոլորտում կան դեռևս չլուծված խնդիրներ, սակայն 2011թ.-ի ընթացքում այս առումով հանձնաժողովը մեծ աշխատանք է արել: Բացի ֆինանսական տուգանքներից՝ ՏՄՊՊՀ-ի կայացրած որոշումները լրջորեն ազդում են տնտեսվարողների իմիջի վրա, որը նրանք ձեռք են բերում երկարատև աշխատանքի շնորհիվ: Ողջ տարվա ընթացքում դատական կարգով բողոքարկված տասնյակ որոշումներից որևէ մեկն անվավեր չի ճանաչվել:

Արտակ Շաբոյանի խոսքերով՝ հանձնաժողովը չի կարող միայնակ լուծել մրցակցության ոլորտի խնդիրները. «Այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է այլ պետական մարմիների հետ ակտիվ համագործակցությունը, քանի որ շատ դեպքերում հանձնաժողովը պայքարում է ոչ թե տվյալ խնդրի պատճառի, այլ հետևանքի դեմ, իսկ հաճախ մրցակցության ոլորտի խնդիրների առաջացման պատճառները գտնվում են այլ պետական մարմինների կարգավորման դաշտում»:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքերով՝ ՏՄՊՊՀ-ն երբեմն լուծում է նույնիսկ այլ պետական գերատեսչությունների դաշտում գտնվող խնդիրներ, սակայն բացերը գտնվում են ոչ միայն ՏՄՊՊՀ-ի, այլև այլ պետական մարմինների, մասնավորապես հարկային, մաքսային համակարգի կամ Սննդամթերքի անվտանգության տեսչության իրավասության շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter