
«Կրպակ» սուպարմարկետից 1050 դրամանոց օղի կողոպտելու գործով հետախուզվողը հայտաբերվել է
«Կրպակ» սուպերմարկետից 1050 դրամ արժողությամբ կես լիտր օղի կողոպտելու մեջ մեղադրվող Նորայր Մելքոնյանի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է: Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Դատալեքսում գործի վերաբերյալ առկա տեղեկատվության՝ օգոստոսի 24-ին Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ստացվել գրություն, համաձայն որի` ամբաստանյալ Ն․Մելքոնյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Ոստիկանության էրեբունու բաժնում Մելքոնյանը պարտավորագիր է գրել ներկայանալ դատարան և նշանակվելիք դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը ստանալ:
Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` քրեական գործով վարույթը կասեցվում է` մինչև այն կասեցնելու հիմք ծառայած հանգամանքները վերացնելը։ Դրանց վերացումից հետո այն վերսկսվում է դատախազի, քննիչի, կամ դատարանի որոշմամբ»։
Այսպիսով, դատարանը, նախագահության դատավոր Մեսրոպ Մակյանի, գտել է, որ վերացել են քրեական գործը կասեցնելու համար նախկինում հիմք հանդիսացած հանգամանքները` այն է Նորայր Մելքոնյանը հայտնաբերվել է, ուստի դատարանը որոշել է վերսկսվել Նորայր Մելքոնյանի վերաբերյալ գործի վարույթն ու վերջինիս նկատմամբ հետախուզումը դադարեցնել:
Նշենք, որ ըստ մեղադրանքի` ամբաստանյալ Նորայր Մելքոնյանը 2017թ. մայիսի 10-ին, Երեւանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի կողքով անցնելիս մտադրվել է այնտեղից հափշտակել օղի:
«Իրականացնելով հանցավոր մտադրությունը` Նորայր Մելքոնյանը մտել է «Կրպակ» սուպերմարկետ, մոտեցել օղու վաճառքի բաժին, այնտեղից վերցրել և բաճկոնի տակ թաքցրել 1050 դրամ արժողությամբ, 0.5 լիտր ծավալով «Ներուշիմիյ Սոյուզ» տեսակի օղի, այն ցանկացել է գաղտնի հափշտակել, ինչը նկատել են սուպերմարկետի աշխատակիցները, ովքեր հրահանգել են կանգնել, իսկ Նորայր Մելքոնյանը, գիտակցելով իր գործողությունների բացահայտ լինելը, դիմել է փախուստի, սակայն բռնվել է մուտքի դռան մոտ գտնվող քաղաքացիների կողմից` իր կամքից անկախ հանգամանքներում՝ չկարողանալով ավարտին հասցնել ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը»,- ասված է գործի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ:
Չնայած քրեական գործը հարուցվել է կողոպուտի փորձի՝ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ առկա ձևակերպումները թույլ են տալիս եզրակացնել, որ Մելքոնյանի արարքում առերևույթ առկա է 34-177-րդ հոդվածի`գողության փորձի հատկանիշ:
Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածը՝ կողոպուտը, սահմանվում է որպես ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն, իսկ 177-րդ հոդվածը`գողությունը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն, իսկ մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Մելքոնյանը բաճկոնի տակ թաքցրել է օղին և այն ցանկացել գաղտնի հափշտակել: Նշենք նաև, որ անձը քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով ենթարկվում է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 ՀՀ դրամ և ավելի է, այսինքն՝ Մելքոնյանի արարքը գողության փորձ որակելու դեպքում գործը դատարան չէր հասցնի:
Ամբաստանյալը նախկինում դատվածություն չի ունեցել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու զղջացել, սակայն գործի վերաբերյալ նշանակված դատական որևէ նիստի չի ներկայացել, որից հետո դատարանը նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում է կայացրել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել