
Ցորենի «էլիտար» սերմացուի հետքերով. գյուղացիներն ինչու՞ են իրենց խաբված զգում
Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ Վալենտին Մեխակյանը, երբ լսել է, որ կառավարությունը կիլոգրամը 160 դրամով ցորենի էլիտար սերմացու է հատկացնում գյուղացիներին, որոշել է հացահատիկի սերմացուն փոխել, ավելի բարձր բերքատվություն ապահովել: Նա եղել է ամենամեծ` մոտ 6 հեկտար ցանքատարածության վրա էլիտար սերմացու ցանող արագածցիներից մեկը:
Արագած համայնքը աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի համար Արմավիրի մարզպետարանին պարտք է 12 միլիոն դրամ, որից 4 միլիոն 800 հազար դրամը գոյացել է 2013թ. ստացած սերմացուի, իսկ 7 միլիոն 200 հազար դրամը՝ 2014թ. ստացածի դիմաց:
Ընդհանուր առմամբ մարզպետարանին ցորենի սերմացուի դիմաց համայնքների ունեցած պարտքը կազմում է մոտ 78 միլիոն դրամ: «Հետքն» արդեն անդրադարձել է, որ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը դատական գործընթաց է սկսել պարտքեր ունեցող մարզպետարանների, այդ թվում՝ Արմավիրի մարզպետարանի դեմ:
Վալենտին Մեխակյանը պատմեց, որ երեք տարի էլիտար սերմացու է ցանել: Առաջին տարին վատ է եղել, մտածել է ինքն է սխալ մշակել, երկրորդ տարին նույնպես, բայց երրորդ տարում հասկացել է, որ պարզապես խաբվել է:
«Եթե մենք չենք կարողանում մշակել, այդ ոնց էր, որ մինչ այդ ստացվում էր ամեն ինչ: Ջուրը տեղը տեղին ապահովել ենք, պարարտացրել ենք, բայց բերք չի տվել: Որն էլ տվել է, հասկն այնքան կարճ է եղել, որ չենք կարողացել հնձել, գաճաճ է եղել»,-նշում է Վալենտին Մեխակյանը:
80-ամյա գյուղատնտեսը վստահ է, որ եթե սերմնաբուծարաններում էլիտար կոչվող սերմացուն փորձարկվեր, գյուղացին այսօր չէր կանգնի փաստի առաջ և պարտքերի տակ չէր ընկնի:
«Չեմ հասկանում, մեր աղքատությունը պետության աղքատությունը չի՞: Ինչ մարդիկ են, որ բերում գյուղացիների վրա փող են աշխատում: Համոզված էի, որ պետությունն է սերմացուն տալիս կարգին բան կլինի: Մասնավորին չենք վստահում, որովհետև ամեն մարդ իր ունեցածն է գովում, պետականն էլ վստահելի էր թվում, բայց ավելի վատ դուրս եկավ»,-նշում է Վալենտին Մեխակյանը: Իր հողի հարևանը սովորական սերմացու է ցանել, լավ բերք է ստացել, իսկ ինքը, էլիտար սերմացու ցանելով, մնացել է ձեռնունայն:
Վ. Մեխակյանը արդեն չի հիշում, թե որքան է կազմում էլիտար սերմացուի համար գյուղապետարանում ունեցած պարտքի չափը: Ասում է հույս չունի, որ կկարողանա տալ, քանի որ վերջին տարիներին կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղին, և բոլորն էլ վատ վիճակում են, բանկերում պարտավորություններ ունեն և չեն հասցնում:
«Լավ, կառավարությունում խելքը գլխին մարդ չկա՞, որ գյուղացու վիճակը հասկանա»,-ասում է Վալենտին Մեխակյանը՝ հավելելով, որ գյուղում էլիտար սերմացուի մշակությամբ զբաղվողները բոլորն են դժգոհ եղել:
Փորձեցինք զրուցել էլիտար սերմացուի մշակությամբ զբաղվոող այլ գյուղացիների հետ ևս: Անունները չհրապարակելու պայմանով` նրանք ևս դժգոհեցին որակից: Անուններն էլ չեն ցանկանում հրապարակել, որ իրենցից «վրեժ» չլուծեն ու «դատարանի դռները չգցեն»:
Գյուղացիները նույն վիճակում են հայտնվել նաև հարևան Արշալույս համայնքում: Այստեղ ևս գաճաճ հասկերի պատճառով գյուղացիները լուրջ վնասներ են կրել, սակայն ստիպված են վճարումներ կատարել չստացված բերքի համար: Արշալույսի հողօգտագործողների պարտքը կազմում է 8 միլիոն 800 հազար դրամ:
Արագածի համայնքապետ Աշոտ Կամավոսյանն էլ ասաց, որ ստացած սերմացուի միայն 30%-ի դիմաց են կարողացել վճարում կատարել, իսկ 12 միլիոն դրամը չեն կարողանում հավաքել, քանի որ վերջին տարիների կարկտահարությունն ահռելի վնասներ է հասցրել համայնքին, և մարդիկ վճարում կատարել չեն կարող:
«2016թ, ընդհանրապես ցորեն չենք հնձել, դա բոլորը գիտեն: Նաև որակական խնդիր է եղել, հասկերը ցածր են եղել, կոմբայնը չի քաղել: Չհասկացանք, թե ինչից էր: Նույնիսկ ժողովուրդը եկել ինձանից էին պահանջում իրենց պարարտանյութի, վարի գումարները»,-ասում է համայնքապետը՝ հաստատելով, որ ցածր հասկեր եղել են այդ ցորենը ցանած համայնքի բոլոր բնակիչների դաշտերում: Աշոտ Կամավոսյանը նշեց, որ նույնիսկ դրսից բերված առվույտի սերմն է գաճաճ եղել, և ինքն անձամբ է դրանում համոզվել:
Աշոտ Կամավոսյանը նշեց, որ 2014թ. այս կողմ Արագածի հողօգտագործողները որակի պատճառով այլևս էլիտար սերմացու չեն գնել, համայնքն էլ հայտ չի ներկայացրել մարզպետարան: Համայնքապետի խոսքերով՝ գյուղացիների դժգոհությունը փոխանցվել է մարզպետարանին, այնտեղից էլ ներկայացուցիչներ են եկել, տեսել:
«Այդ հարցը միշտ ծեծվել է: Ազնվությամբ եմ ասում, եթե այս տարի նորից կարկուտը չխփեր գյուղին, ուզում էի ռիսկ անեի, մոտիկանայի գյուղացիներին խնդրանքով, որ վճարեն: Արդեն 20 տարի համայնքապետ եմ, հարգելով մարդիկ կվճարեին, բայց հիմա վիճակ չկա, ես ո՞նց գնամ պարտք ուզեմ: Գյուղում փողոց չկա, որ գազ չունենա, բայց անցած ձմեռ նույնիսկ կեսը գազ չեն վառել, վատ վիճակից ելնելով` մարդիկ աթարի էին անցել»,-ասում է Աշոտ Կամավոսյանը:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը գրավոր հարցին ի պատասխան ևս տեղեկացրել է, որ մարզին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուների որակի վերաբերյալ ստացվել են բազմաթիվ դժգոհություններ: Մարզպետի փոխանցմամբ՝ արձանագրված փաստերը տեղում ուսումնասիրվել են գյուղատնտեսության նախարարության և մարզպետարանի աշխատակիցների կողմից՝ մասնավորապես Արշալույս, Ապագա, Հուշակերտ համայնքներում:
«Ինչպես սերացուների որակը, այնպես էլ կարկտահարությունները լուրջ դժվարություններ առաջացրեցին սերմացուների դիմաց գումարների հավաքագրման աշխատանքներում»,-տեղեկացրեց մարզպետը:
Որակի վերաբերյալ դժգոհությունների հետ համաձայն չէ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը: Մեզ հետ զրույցում ասաց, որ նման բան լինել չի կարող, քանի որ ոչ մի տեղից սերմերի որակի վերաբերյալ ահազանգ չեն ունեցել:
«Հակառակը 2013, 2014, 2015 թվականներին, չհաշված կարկուտը, ստացել են բավականին որակով և բարձր բերք: Նույն սերմացուն տրամադրվել է նաև հանրապետության մարզերի մյուս համայնքների հողօգտագործողներին և հիմնականում դժգոհություն չենք ունեցել»,-ասում է նախարարի տեղակալը: Նա հիշեց, որ դժգոհության դեպք ունեցել են 2011թ.-ին, սակայն 2013-2015թթ. Արմավիրի մարզից ոչ գրավոր, ոչ բանավոր ահազանգ չեն ունեցել:
Աշոտ Հարությունյանն, անդրադառնալով Արմավիրի մարզպետարանի պատասխանին, նշեց, որ բնականաբար պարտք են, այդ պարտքերը վերադարձնելու հարցն արդեն հասել է դատարան, այդ իսկ պատճառով սկսել են սուբյեկտիվ պատճառներ առաջ քաշել:
Մեկնաբանել