HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Կանաչու առևտուր էր». Սամվել Բաբայանը հայտարարեց, որ իր վերաբերյալ գործով ուղղորդված քննություն է իրականացվել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ` այսօր շարունակվեց ԼՂՀ ՊԲ  նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը: 

Դատարանում այսօր ցուցմունք տվեց փողերի լվացման գործով անցնող երեք վկա: 

Վկա Արմեն Հակոբյանը Երևան-Մոսկվա ավտոբուսի վարորդն է, որն, ըստ գործի նյութերի,  2016թ. սեպտեմբերի 18 -ին Մոսկվայից Երևան է տեղափոխել մի փաթեթ ու փոխանցել այս գործով մեկ այլ վկա Գոռ Շակոյանին: Հակոբյանը դատարանում հայտնեց, որ ինքը տեղյակ չի եղել, թե ինչ փաթեթ է տեղափոխում: 

Վկա Գոռ Շակոյանը փողերի լվացման գործով անցնող ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի ծանոթն է, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ է իրականացնում  Երևան-Մոսկվա և հակառակ ուղղությամբ: Շաբոյանին հայտնի է եղել, որ փաթեթում, որը Մոսկվայից տեղափոխվել է Երևան, 5000 եվրո գումար է եղել, վերջինս, սակայն, դատարանում պնդեց,  թե չի իմացել, որ խոսքը կեղծ գումարի մասին է: 

«Եթե իմանայի, որ կեղծ է, հաստատ  չէի վերցնի»,- դատարանին հավաստիացրեց  Շաբոյանը, ով գումարը Դավիթ Հարությունյանին հանձնելուց հետո բերման է ենթարկվել ԱԱԾ: 

Այսօրվա նիստին ցուցմունք տված վերջին վկան` Վրեժ Առաքելյանը ևս ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի ծանոթն էր, ավելի ճիշտ` ընկերը: 

Առաքելյանը հայտնեց, որ Դավիթն իրեն տեղեկացրել է դրսից ստացված գումարի մասին, հետաքրքրվել, թե արդյոք դրանք հնարավոր է բանկում փոխել, սակայն  չհիշեց` Դավիթ Հարությունյանն իրեն այդ գումարը ցույց տվել է, թե ոչ:

Նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքում, սակայն, Առաքեյանը նշել է, որ Դավիթն իրեն գումարը ցույց է տվել, ասել, որ հնամաշ գումար է,  հետաքրքրվել է, թե արդյոք դրանք  հնարավոր է բանկում փոխել` որոշակի տոկոս դրանցից պահելով, ինքն էլ խոստացել է հետաքրքրվել: 

Առաքելյանը դատարանին հայտնեց, որ հետագայում այդ հարցով չի հետաքրքրվել, իսկ ավելի ուշ իմացել է, որ Դավիթ Հարությունյանի մասնակցությամբ  թղթադրամների լվացման վերաբերյալ գործ է քննվում: 

Դատավորն Առաքելյանից հարցրեց` արդյոք քննիչը նրան ուղղորդել է նախաքննության ընթացքում:

«Ճիշտ ուղղությամբ ուղղորդել է»,- տեղից հայտարարեց Սամվել Բաբայանը:

Դատավորի դիտարկմանը, որ իր` Բաբայանի ցուցմունք տալու ժամանակը ևս գալու է, Բաբայանը պատասխանեց. «Կանաչու առևտուր էր գնում»,- ասաց նա՝ շարունակելով, թե իր գլխով էլ է անցել այդ ամենը: 

Նշենք, որ այսօրվա դատական նիստին դատախազ Արամ Արամյանը դատարանին միջնորդեց վկաների հարցաքննության ժամանակ սահմանափակել լրագրողների աշխատանքն ու արգելել տեսանկարահանում իրականացնել: Սակայն Սամվել Բաբայանն առարկեց. 

«Վկաներից մեկն, ով  հրթիռը կամավոր բերել, հանձնել է, պիտի ցուցմունք տա, որը  հասարակությունը պիտի բացահայտ իմանա:  Տվյալ անձը 14 թվականից ներքաշված է տնտեսական հանցագործության մեջ, հետո գործը փակվել, հետո 2017-ին նորից բացվել է…ես դատական նիստից հետո գնում եմ իմ խուցը, որտեղ հեռուստատեսությամբ լսում եմ Վրաստանից բերված իրի մասին, բայց գործում նման բան չկա: Հիմա մարդկանց ձերբակալել են, հնարավորություն տվեք ապացուցել, որ հասարակությունն իմանա ճշմարտությունը»,- դիմելով դատավոր Արշակ Վարդանյանին` ասաց Սամվել Բաբայանը:

Վերջին շրջանում աղմկահարույց գործերով դատական նիստերին տեսանկարահանում իրականացնելու արգելքն արդեն պրակտիկա է դառնում. և լրագրողները բարձրացրին իրենց աշխատանքն այսպիսով խոչընդոտելու հարցը, սակայն դատավոր Արշակ Վարդանյանն, այնուամենայնիվ, որոշեց սահմանափակել լրագրողների աշխատանքն ու նրանց թույլատրել տեսանկարահանում իրականացնել միայն 5 րոպե:

Նշենք, որ «Իգլայի» և փողերի լվացման գործով ամբաստանյալի կարգավիճակում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելուն: 

Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու և պահելու մեջ: 

Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter