HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ-ի նիստերին

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Նիստի ընթացքում քննարկվեցին և հավանության արժանացան դեկտեմբերի 20-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը, որոնք միտված են կազմակերպության և դրա շրջանակներում համագործակցության առավել ամրապնդմանը:

Նախարարներն անդրադարձան 2010 թ. դեկտեմբերին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի ընդունված որոշումների և ս.թ. օգոստոսի 12-ին Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Համատեղ նիստում քննարկվեց Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակի և ՀԱՊԿ ստեղծման 10-ամյակի կապակցությամբ անդամ-պետությունների ղեկավարների ընդունելիք հայտարարությունը:

Հանդիպման օրակարգում էին նաև հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման, ռազմական, ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության օպտիմալացման, ահաբեկչության և թմրադեղերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, արտակարգ իրավիճակների արձագանքման հարցերը:

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկեցին կազմակերպության գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցը, տեղեկատվական բնագավառում համագործակցության, կազմակերպչական և ֆինանսական հարցեր, ինչպես նաև համաձայնեցրին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:

Համատեղ նիստի արդյունքում ստորագրվեց շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ, որոնք ներկայացվեցին Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը:

Նիստի ավարտին ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահությունը Բելառուսից փոխանցվեց Ղազախստանին:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը հայտնում է, որ նույն օրը կայացան ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի առանձին նիստերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter