HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. «Դիլիջան» ազգային պարկ»-ի տնօրենը չարաշահել է իր պաշտոնեական դիրքն ու կեղծիք կատարել

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության նպատակով գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ Աշոտ Դավթյանը, զբաղեցնելով Բնապահպանության նախարարության համակարգում գործող «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական դիրքն ու կեղծիք կատարել: ՊՈԱԿ-ի ղեկավարն իր աշխատակիցներին անտառխախտման կեղծ արձանագրություններ կազմելու ապօրինի հանձնարարություններ է տվել, այնուհետև ստորագրել դրանք` այդպիսով ամբողջացնելով և հավաստելով կեղծ փաստաթղթերի կազմման գործընթացը: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն: 

Այսպես, 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից իրականացված ստուգումների արդյունքում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մեծաքանակ ապօրինի հատված ծառեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է 67.604.750 դրամի վնաս: Սակայն հայտնաբերված անտառխախտումների իրական քանակը և իր ղեկավարած կազմակերպության աշխատանքներում տեղ գտած թերություններն ու բացթողումները քողարկելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ Աշոտ Դավթյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես, վերջինս ՊՈԱԿ-ի «Հաղարծինի» տեղամասի պետ Ն. Ս.-ին հանձնարարել է հայտնաբերված ապօրինի հատված ծառերից 45-ի համար կազմել անտառխախտման կեղծ արձանագրություններ: Այդ նպատակով` հիշյալ տեղամասի 9 տեսուչներ  կազմել են համապատասխան արձանագրություններ, որոնցում մտցրել են իբրև անտառխախտում կատարած, սակայն իրականում դրա հետ առնչություն չունեցած, այդ թվում` մահացած անձանց տվյալներ: Այնուհետև ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Դավթյանն անձամբ ստորագրել և կնքել է հիշյալ պաշտոնական փաստաթղթերը` դրանք դնելով շրջանառության մեջ: Նշված փաստաթղթերի հիման վրա Բնապահպանության նախարարությունում կազմվել է համապատասխան ստուգման ակտ, որով «Հաղարծինի» տեղամասում արձանագրված ապօրինի հատված ծառերի թիվը պակասեցվել է 45-ով:

Աշոտ Դավթյանի` վերը նշված հանցավոր գործողությունների հետևանքով էական վնաս է հասցվել պետության օրինական շահերին՝ ավելի քան 7 մլն ՀՀ դրամի չափով պակաս է հաշվարկվել բնությանը պատճառված վնասը, և ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվել հանցագործության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Բացի այդ, խաթարվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բնականոն գործունեությունը, ինչպես նաև հեղինակազրկվել պետական մարմինը՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Այսպիսով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Աշոտ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter