HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Սաֆարյան. «Ավելորդ է ևս մեկ անգամ ասել, որ դատարանն անաչառ չէ»

Ամալյա Մարգարյան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանի  վերաքննիչ բողոքն այսօր նախագահող դատավոր Անդրանիկ Մնացականյանի կողմից մերժվեց: Սաֆարյանը և փաստաբան Հայրապետյանը բողոքարկում են, որ հարուցված քրեական գործի շրջանակում Գևորգ Սաֆարյանին տուժող են ճանաչել, սակայն որոշ ժամանակ անց քրեական գործի վարույթը  կարճվել է: Ըստ փաստաբանի՝ վարույթն անհիմն և  առանց պատճառաբանության է կարճվել: «Անգործություն է կատարվել քննիչի, դատախազի կողմից»,-հայտնեց փաստաբանը:

Գևորգ Սաֆարյանի ներկայացուցիչը դատարանին խնդրեց արդար դատական ակտ կայացնել և ասաց. «Ամեն մի պատվիրված դատական ակտ իր հետ ծնում է ոչ միայն անարդարություն, այլ արդարադատություն իրականացնողները հասկանում են, որ կարևոր է ոչ թե օրենքների առջև արդարադատություն իրականացնել, այլ ինչ-որ անձանց առջև պատասխանատվության չենթարկվել: Ամեն այդպիսի ակտ իր հետ բերում է դատական համակարգի աղավաղում»,-հայտարարեց փաստաբանը:

Դրան ի պատասխան դատավոր Մնացականյանն ասաց.  «Ինձ ոչ մեկը չի կարող ինչ-որ բան պատվիրել՝ որևէ դատական ակտ կայացնելու, կողմերը թող ձեռնպահ մնան այդպիսի հայտարարությունից: Եթե ունեք փաստ իմ ոչ անաչառության մասին, տեղեկացրեք, կքննարկենք»:

Գևորգ Սաֆարյանն էլ իր խոսքի մեջ նշեց, որ դատական համակարգը անաչառ չէ. «Ի սկզբանե փորձում էիք ստեղծել այն կարծիքը, որ իշխանությունը բաժանված է երեք թևերի, որոնցից  դատական իշխանությունն անկախ է և չի ենթարկվում հրահանգների: Մենք և հանրությունը գիտենք, որ ՀՀ-ում դատական իշխանությունն անաչառ չէ»,-հայտարարեց Սաֆարյանը:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ 2015-ի դեկտեմբերի 31-ին քաղաքացիների և ոստիկանների միջև բախման ժամանակ ոստիկանության ծառայակիցները կանգնել են ոստիկանության աշխատակից Գեղամ Խաչատրյանի կողքին և նրան հանգստացրել. «Մի քանի մետր այն կողմ՝ ծառերի մոտ խոսակցություն է (տեսանյութի նկարագրություն-հեղ.), Գ. Խաչատրյանն ազատվում է ծառայակիցների ձեռքից, վազելով գալիս և բռունցքով ուժեղ հարվածներ է հասցնում: Հետո կռանում է  և մի կերպ բարձրանում: Քննիչն այդ հարվածի վերաբերյալ հետևյալ նկարագրությունն է արել. Գեղամ Խաչատրյանը ասել է ՝ ես չեմ ցանկացել հարված կատարել, ես ուղղակի ցանկացել եմ վախեցնել»,-հայտնեց Տիգրան Հայրապետյանը: Փաստաբանի խոսքից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Մերժման որոշումը հրապարակելուց հետո Գևորգ Սաֆարյանը հայտարարեց, որ այն սպասելի էր, իսկ դահլիճում գտնվող ներկաները վրդովվեցին և բացականչեցին՝ «սա՞ է մեր անաչառ դատարանը»:

Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու մեջ: 2017թ.-ի հունվարի 16-ին Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը Սաֆարյանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter