HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Բյուրականում վիճակը լրջանում է, հրդեհի նոր օջախներ կան (ֆոտոշարք)

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի անտառներում հրդեհի նոր օջախներ են ավելացել։

Եթե առավոտյան ԱԻՆ լրատվական ծառայությունը, իսկ արդեն կեսօրին՝ ժամը 12-ի սահմաններում, փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը «Հետք»-ի հետ զրույցում փաստում էին, որ հրդեհը մեկուսացված է, եւ ընդամենը տեղային ծխումներ են, ապա կես ժամվա տարբերությամբ նոր ահազանգեր եղան այն մասին, որ երկու-երեք նոր օջախ կա, եւ հրդեհը տարածվում է մեծ արագությամբ։

Մուշեղ Ղազարյանը Բյուրականի անտառում տեղակայված շտաբում «Հետք»-ին հայտնեց, որ հրշեջների, փրկարարների եւ բյուրականցիների ջանքերով, ջուր մղող ձեռքի սարքերի օգնությամբ հաջողվում է վերահսկել իրավիճակը։

Տեղանքը, ըստ Մուշեղ Ղազարյանի, բարդ է, բայց ոչ Խոսրովի արգելոցի նման։ Հրշեջ մեքենաները չեն կարողանում մոտենալ հրդեհին։ «Տղաները կիլոմետր եւ ավելի տարածություն՝ մարող սարքերն իրենց ուսերի վրա են տանում։ Եվ էդպես՝ ամբողջ գիշեր։ Տղաները գիշերն էլ են աշխատում, այդ պատճառով կրակն այսօր մեղմ է»,-ասաց Ղազարյանը։

Հարցազրույցից 20 րոպե չանցած՝ անտառտնտեսության աշխատակիցներն ահազանգեցին, որ շտաբից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա նոր օջախ է ձեւավորվում։ Առաջինը հենց քաղաքացիական անձինք փորձեցին մարել կրակը։ Ընդամենը 15 րոպեում հրդեհվող մակերեսը մոտ 4 անգամ մեծացավ։ Անտառտնտեսության աշխատակիցները փորձում էին ծառերի ճյուղերով մարել կրակը, սակայն քամին նպաստում էր հրդեհի արագ տարածմանը։

Որոշ դեպքերում քաղաքացիները քիչ էր մնում հայտնվեին կրակի շրջափակման մեջ։ Նրանք, նահանջելով դեպի անվնաս տարածք, փորձում էին դանդաղեցնել կրակի առաջխաղացումը։

Մինչ հրշեջ մեքենաները շտաբից կհասնեին տարածք, կրակը հասել էր թխկիների այգուն։ Մեկ մարտական հաշվարկը բավարար չեղավ այն մարելու համար։ Մոտեցավ երկրորդը, սակայն նոր լուր եկավ, որ եւս մեկ-երկու կիլոմետր հեռավորության ավելի ուժեղ հրդեհ է։ Հրշեջ ծառայության հրամանատարները ստիպված եղան մեքենաները տեղափոխել այնտեղ։

Հարյուրից ավելի հրշեջ-փրկարարներ ողջ գիշեր կրակ են մարել։ Սակայն տպավորություն կա, որ եղած ռեսուրսներով հրշեջները չեն հասցնում կանխել կրակի տարածումը, չնայած մեծ ջանքերին։ Արդեն ոչ վտանգավոր համարվող հատվածներում ծուխն աստիճանաբար թանձրանում է, հուշելով, որ հրդեհը տարածքում ուժեղանում է։

Բյուրականի անտառպետության տարածքը 3622 հեկտար է, որից 955 հեկտարը՝ անտառածածկ։ Հրդեհի գրաված մակերեսի վերաբերյալ տարբեր թվեր են հայտարարվում։ ԱԻՆ-ը պաշտոնական հաղորդագրություններում նշում է 80 հա այրված տարածքի մասին, նույնը՝ Բյուրականի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Ասատուր Գեւորգյանը։ Իսկ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հրդեհը ընդհանուր 20-30 հեկտար տարածքում մասամբ վնաս է հասցրել։

Տարածքում կաղնու եւ թխկու անտառներ են՝ երկուսն էլ գրանցված Հայաստանի Կարմիր գրքում։ Անտառպետության աշխատակիցները պնդում են, որ ծառերն ավելի քիչ են այրվել, ավելի շատ՝ դեղաբույսեր, մասրենու եւ ալոճի թփեր։

Ալոճն ու մասուրը, ըստ Ասատուր Գեւորգյանի, բյուրականցիների եւ հարակից գյուղերի բնակիչների համար նաեւ եկամտի աղբյուր են։ Բյուրականի ալոճն ու մասուրը ողջ Հայաստանի տարածքում հայտնի են որպես լավագույններից մեկը։ Դրանք հավաքվում են եւ հանվում վաճառքի։

Կենդանական աշխարհն էլ բազմազան է։ Տեղացիներն ասում են, որ Բյուրականի անտառներում բնակվում են Կարմիր գրքում գրանցված գորշ արջեր, գայլեր, գիշատիչ թռչուններ։ Տեղամասում, որի մասին վերեւում շարադրել եմ, նկատեցինք արծիվներ։

Այսօր հրշեջների ծառայությունն առանց արտակարգ դեպքերի չի անցել։ Ապարանի հրշեջ ծառայության ԶԻԼ մեքենան, օրինակ, խափանվել է։ Ըստ հրշեջների զրույցների, մեքենայի փոխանցման տուփը ընթացքի մեջ պարզապես ընկել է։

ԶԻԼ-ը կայանված է հրդեհից ոչ շատ հեռու, եւ հրշեջների մտահոգություններից մեկն էլ այն է, որ եթե մոտակա օջախը չկարողանան մարել, եւ կրակը տարածվի, ապա ԶԻԼ-ը կմնա կրակի մեջ։

Այս պահին հրդեհը շարունակում է տարածվել, հրշեջները փորձում են կասեցնել կրակի առաջխաղացումը։ Նրանք դիմել են Արագածոտնի մարզպետին՝ տրակտոր ուղարկելու խնդրանքով։

Բյուրականցիները մտավախություն ունեն, որ կրակը կարող է հասնել փշատերեւ ծառերին։ Հրշեջ մեքենաները շարունակ ջրով լիցքավորվում են Բյուրական գյուղում, կրկին բարձրանում անտառ։ 

Ցուցանակը հուշում է տարածքում բացառիկ բույսերի առկայության մասին

Հրդեհի վտանգի վերաբերյալ ցուցանակը՝ որսի սիրահարների թիրախ

Հրշեջների կայանատեղին

Հրդեհից հետո տարածքը դառնում է մեռյալ

Հրդեհը մտնում է թխկիների այգի

Քաղաքացիներին այլ բան չի մնում անել, քան փորձել ձեռքով կասեցնել կրակի առաջխաղացումը, 

հրշեջներին՝ նույնպես։

Հրշեջ ծառայության խափանված մեքենան