
Անդրիաս Ղուկասյանի գործով նիստին 36 տուժողներից որևէ մեկը չէր ներկայացել
Ամալյա Մարգարյան
«Մեղադրական եզրակացության մեջ հանցակազմը բացակայում է: Ես եկել եմ այստեղ, որ ես մեղադրեմ: Որպեսզի հանրությունը հասկանա հուլիսյան իրադարձությունների պատճառներն ու ճանաչի հիմնական պատասխանատուներին»,- հայտարարեց «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանը:
Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ Վարդան Գրիգորյանի կայացավ Անդրիաս Ղուկասյանի գործով նիստը: Ղուկասյանը մեղադրվում է, որ 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրաված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Նիստին չէր ներկայացել 36 տուժողներից որևէ մեկը, իսկ 51 վկաներից ներկայացել էին 2-ը: Անդրիաս Ղուկասյանը դահլիճ մտնելուց հետո հետաքրքրվեց, թե ուր են տուժողները:
Դատարանի դահլիճում Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ ունի բացարկի միջնորդություն, հայտնեց, որ 2017-ի հուլիսի 7-ին քննիչ Էդուարդ Հակոբյանը, Ղուկասյանին չծանոթացնելով մեղադրանքին, մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատախազին։ «Քննիչը որոշումներն ինձ չհանձնելով՝ զրկեց ինձ բողոքարկել այն: Նա մերժեց իմ և պաշտպանության կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները», - հայտնեց Ղուկասյանը, հետո ավելացրեց, որ մերժման որոշումները բողոքարկվել են դատախազին:
«Դատախազը երեք տասնյակ միջնորդությունները մեկ օրում քննարկեց և մերժեց քննիչի անօրինական գործողությունների դեմ բերված բողոքը: Պաշտպանական կողմը զրկվեց էական ապացույցներ ներկայացնելու իրավունքից: Ես հնարավորություն չունեցա իմ դեմ ցուցմունք տված վկաների հետ առերեսվել, հնարավորություն չունեցա վկաներ կանչել», - հայտնեց Անդրիաս Ղուկասյանը, որից հետո ավելացրեց, որ դատախազը սահմանափակել է պաշտպանական կողմի իրավունքները և ցուցաբերել միակողմանի մոտեցում:
«Դատախազը ոչ միայն չի ուղղում հետաքննության մարմնի կատարած սխալները, ոստիկանության կատարած ապօրինի գործողությունները, այլ նաև խոչընդոտում է իմ պաշտպանության իրավունքը»,-հավելեց Անդրիաս Ղուկասյանը:
Փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ վկա Արտակ Մկրտչյանի ցուցմունքով նշվում է` Ղուկասյանը կոչ է արել քարեր հավաքել ՊՊԾ գունդը գրավելու համար: Փաստաբանը նշեց, որ Անդրիաս Ղուկասյանի հետ եղել են այլ անձիք, որոնց հարցաքննելու համար միջնորդությունը մերժվել է:
«Մենք ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ երևում է Անդրիաս Ղուկասյանի շարժը: Ասում ենք հետազոտեք որպես ապացույց, մերժում են, քննիչի մերժումը բողոքարկում ենք դատախազին, դատախազը ևս մերժում է, որովհետև Անդրիաս Ղուկասյանը քաղբանտարկյալ է, այս գործը քաղաքական է»: Փաստաբանը հավելեց նաև, որ դատախազը գործի ելքով շահագրգռված է:
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ դատախազը գործի վերաբերյալ ի սկզբանե ունեցել է կողմնակի վերաբերմունք, քանի որ արդեն իսկ ընդգրկված է եղել ՊՊԾ գնդի գործով: «Ինչի մասին է խոսում, որ երեք տասնյակ բողոքներ մեկ օրում է քննվում, նա քաղաքական պատվեր է կատարել: Ակնկալում ենք, որ այս մասով իրականացվի արդարադատություն: Ինչի մեջ մեղադրում են Անդրիաս Ղուկասյանին, օդ է»:
Փաստաբանը հավելեց նաև, որ երկու դրվագով մեղադրանքների հիմքում հոգեկան խնդիրներ ունեցող վկաների ցուցմունքեր են դրված: «Դատախազն ուղղակի քաղաքական պատվեր է կատարել: Սա դատարան բերելու գործ չէ», - հայտնեց Ինեսսա Պետրոսյանը:
Միջնորդությունը գրավոր ներկայացնելու համար դատարանը պաշտպանական կողմին ժամանակ տրամադրեց: Դատախազի բացարկի միջնորդությունը ընթերցելուց հետո դատարանը որոշեց ակտը հրապարակել հաջորդ նիստից առաջ: Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին ժամը 14:00-ին:
Մեկնաբանել