HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ո՞վ է համարվում գերիշխող դիրք ունեցող. պատգամավորները հստակության առաջարկ են ներկայացրել Ազգային ժողով

Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին գործող օրենքի համաձայն՝ առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսվարող սուբյեկտներ միասին կարող են ճանաչվել գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք միասին զբաղեցնում են շուկայի 1/2-ը, իսկ երեք ընկերությունները միասին՝ շուկայի 2/3-ը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանն ու Վահե Էնֆիաջյանը խնդրահարույց են համարում այս նորմը և առաջարկում են օրենքում փոփոխություն կատարել:

Ըստ վերոհիշյալ պատգամավորների՝ օրենքի ներկա ձևակերպումը թույլ է տալիս պնդել, որ եթե շուկայում, օրինակ՝ առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտն ունի 49% մասնաբաժին, երկրորդը՝ 1%, իսկ երրորդ եւ մնացած ընկերությունները 0.99%, ապա առաջին երկու ընկերությունները կարող են համարվել գերիշխող դիրք ունեցող, իսկ երրորդն ու մնացածները՝ ոչ: Այնինչ ակնհայտ է, որ նախ՝ 1% շուկայական մասնաբաժին ունեցող ընկերությունը չի կարող համեմատվել 49 տոկոս մասնաբաժին ունեցողի հետ եւ դիտվել որպես գերիշխող դիրք ունեցող եւ երկրորդ՝ այդ ընկերությունն իր չափերով համադրելի է մնացած փոքրերի հետ եւ ճանաչվելով գերիշխող դիրք ունեցող՝ կհայտնվի անբարենպաստ պայմաններում, կորցնելով առեւտրային ճկունությունն ու որպես հետեւանք՝ իրացման շուկաները: Նույնը վերաբերում է նաեւ երեք տնտեսվարողներին միասին գերիշխող դիրք ունենալու պայմաններին:

«Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ կարող ենք փաստել, որ վերը նշված խնդիրներն իրենց լուծումներն են գտել տարբեր երկրների հակամենաշնորհային օրենսդրություններում: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է սահմանափակում մտցնել շուկայում առաջատար երկու կամ երեք ընկերություններին միասին գերիշխող դիրք ունեցող ճանաչելու սահմանումներում՝ շուկայում իրացման ծավալներով երկրորդ եւ երրորդ տնտեսվարողների համար», - նշում են պատգամավորներն իրենց հիմնավորման մեջ:

Որպես միջազգային փորձ նշել են, թե Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային օրենսդրությամբ մի քանի տնտեսվարողներին միասին գերիշխող դիրք ունեցող ճանաչելու համար հիմք է ընդունվում նրանց շուկայական մասնաբաժինը, երկարատև ժամանակահատվածում շուկայական մասնաբաժինների անփոփոխ լինելը, շուկա մուտք գործելու արգելքները, ապրանքների անփոխարինելի լինելը: Ընդ որում, երեք տնտեսվարող միասին կհամարվեն գերիշխող, եթե նրանց գումարային շուկայական մասնաբաժինն ավել է 50%-ից, իսկ հինգ տնտեսվարողի դեպքում՝ 75%-ից, եթե միայն նրանցից յուրաքանչյուրի շուկայական մասնաբաժինը 8%-ից պակաս չէ:

Պատգամավորները համոզված են, որ Հայաստանի տարբեր ապրանքային շուկաներում տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժինների բաշխվածությունըը հաշվի առնելով` մեր երկրի հակամենաշնորհային օրենքում փոփոխությունը պետք է ուղղված լինի նրան, որ երկու տնտեսվարող սուբյեկտի հնարավոր լինի համարել գերիշխող, եթե նրանց շուկայական մասնաբաժինը կգերազանցի շուկայի ընդհանուր ծավալի 1/2-ը, իսկ երեքի դեպքում՝  2/3-ը, եթե միայն նրանցից յուրաքանչյուրի շուկայական մասնաբաժինը շուկայի 1/4-ից ավելի է:

«Ակնհայտ է, որ ոչ միշտ է, որ  առևտրի ոլորտում չորս առեւտրային կետերի համախումբը վկայում է գերիշխող դիրքի առկայության մասին: Չորս առեւտրային կետերի համախումբ կարող է լինել ինչպես խոշոր սուպերմարկետների ցանցը, այնպես էլ մանր կրպակների համախումբը: Ըստ այդմ՝ առևտրային ցանցին գերիշխող ճանաչելու համար անհրաժեշտ է սահմանել իրացման շրջանառության նվազագույն շեմ, որը լավագույնս կբնութագրի ցանցի՝ շուկայական իշխանության առկայությունը և կբացառի փոքր կրպակների համախմբին գերիշխող դիրք ունենալու ճանաչելու հիմքերը», - պատճառաբանում են նախագծի հեղինակները:

Նրանց համոզմամբ՝ առևտրի տարբեր ոլորտներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ շեմը իրացման տարեկան շրջանառության 500 մլն դրամն է: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter