Գյումրիում, Մեղրիում և Վանաձորում կկառուցվեն նոր բուժհաստատություններ
Մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում երկու տարվա ընթացքում շահագործվել է 7 խոշոր բժշկական կենտրոն Հրազդանում, Իջևանում, Արմավիրում, Արարատում, Գորիսում, Ապարանում և Գավառում: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը դեկտեմբերի 17-ից 18-ին Ծաղկաձորում լրագրողների համար առողջապահության նախարարության և «Վորլդ Վիժն Հայաստանի» կազմակերպված սեմինարի ժամանակ:
Հարություն Քուշկյանի խոսքերով՝ արդիականացված բուժհաստատությունների շենքերը ոչ միայն հիմնանորոգվել են, այլև հագեցվել ժամանակակից բժշկական սարքավորումներով, պարագաներով և կահույքով, ինչպես նաև վերապատրաստվել է բժշկական անձնակազմը:
Հարություն Քուշկյանը հավաստիացրել է, որ 2012-ին ևս գործընթացը շարունակվելու է: Գալիք տարվա ընթացքում նոր հիվանդանոց կունենան գյումրեցիները, քանի որ նախատեսվում է ապրիլին ավարտվել Գյումրու հիվանդանոցային համալիրի շինարակական աշխատանքները: Ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվեն Կապանի, Աբովյանի, Բերդի բժշկական կենտրոնները, իսկ Մեղրիում և Վանաձորում կկառուցվեն նոր բուժհաստատություններ:
«Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացնելու ենք օնկոհեմոտոլոգիական նոր կենտրոնի կառուցում, որի ստեղծումը հրատապ է»,- տեղեկացրել է նախարարը:
Անդրադառնալով շտապօգնության ծառայությանը՝ Հարություն Քուշկյանն ասել է, որ ստեղծվել է ժամանակակից դիսպետչերական ծառայություն, որտեղ հիվանդների կանչերն ընդունում են ոչ թե բուժքույրերը, այլ բժիշկները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել