HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Սահակյան. «Քրեական դատավարության օրենսգիրքը գցել եք ոտքերի տակ, տրորում եք»

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռերի» գործով երկու ամիս անց չլուծված հարց է մնում փաստաբանների զննության, կամ ինչպես իրենք են ասում ՝ խուզարկության հարցը:  Պատճառը մետաղորսիչ սարքի արձանագրած ազդանշաններն են: Այսօրվա նիստին փաստաբանները միջնորդեցին դատավորին՝ ապահովել դահլիճից դուրս գտնվող փաստաբանների՝ Մուշեղ Շուշանյանի և Դավիթ Գյուրջյանի ներկայությունը, որոնց կարգադրիչներն արգելում էին ներս մտնել դահլիճ: Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ երեկ կայացած նիստի ընթացքում դատական կարգադրիչները նրան նույն պայուսակով, նույն իրերով չեն թույլատրել ներս մտնել, սակայն այսօր որևէ խոչընդոտ չեն գտել, Լուսինե Սահակյանը պնդեց, որ կարգադրիչները կողմնակալություն են դրսևորում: Փաստաբանը հավելեց նաև, որ արդեն որերորդ անգամ փաստաբան Մուշեղ Շուշանյանին արգելվում է մտնել նիստերի դահլիճ: Այսօրվա նիստից առաջ դատարանի դահլիճ չթույլատրեցին մտնել նաև փաստաբան Դավիթ Գյուրջյանին, իսկ Հելսինկյան ասոցացիայի լրագրող Լիլիթ Թադևոսյանը դահլիճ կարողացավ ներս մտնել առանց պայուսակի. կարգադիրչները պահանջում էին դատարկել պայուսակի պարունակությունը:

Լուսինե Սահակյանը միջնորդությամբ հանդես եկավ՝ խնդրելով դատարանին ապահովել իր կոլեգաների, նաև ամբաստանյալների ներկայությունը, որպեսզի վերջիններս կարողանան կարծիք հայտնել դատախազի բացարկի միջնորդության վերաբերյալ:

«Քրեական դատավարության օրենսգիրքը պահանջում է, եթե պաշտպանը չի ներկայնում դատարան, նիստը հետաձգվում է կամ ապահովվում է ամբաստանյալների ներկայությունը»,-ապա դիմելով դատավորին շարունակեց խոսքը. «Եթե այլ Քրեական դատավարության օրենսգիրք ունեք, տվեք ծանոթանանք: Քրեական դատավարության օրենսգիրքը գցել եք ոտքերի տակ, տրորում եք»,- հայտարարեց փաստաբան Լուսինե Սահակյանը հետո ավելացրեց. «Եթե դատարանը նպատակ է դրել 7 տարի շարունակել նիստը, մենք այդպիսի նպատակ չունենք: Ես հարգում եմ իմ մասնագիտությունը, իմ վստահորդներին և ի տարբերություն Ձեզ՝ հարգում եմ Քրեական դատավարության օրենսգիրքը, չեմ ծալել գցել մի կողմ»:

Լուսիեն Սահակյանը միջնորդեց քննությունը հետաձգել՝ մինչև փաստաբանների ներկայության ապահովումը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց այն, որից հետո փաստաբանը ապակեպատ դահլիճի մյուս կողմից եկող ծափերի ներքո հեռացավ՝ հայտարարելով. «Ես հրաժարվում եմ ձեր ապօրինություններին մասնակցել»:

Արամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանն էլ, դատավորին դիմելով, ասաց. «Մի՛ ոտնահարեք մեր իրավունքները և թույլ տվեք խորհրդակցել մեր պաշտպանյալների հետ, հասկանալու համար նրանք դատախազի բացարկի միջնորդություն ունեն, թե ոչ»:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նույնպես միջնորդեց, որպեսզի ապահովեն իր կոլեգաների ներկայությունը: «Ես միջնորդություն ունեմ, ապահովեք Շուշանյանի և Գյուրջյանի ներկայությունը, ինձ համար նրանց կարծիքը շատ կարևոր է: Իմ միջնորդության վերաբերյալ ես ուզում եմ Շուշանյանը, Գյուրջյանը, Սահակյանը կարծիք հայտնեն»:

Փաստաբան Հրանտ Գևորգյանը, դիմելով դատավորին, ասաց, որ դատավորի  գործողություններին պետք է համաչափ պատասխան տալ, որից հետո լքեց նիստերի դահլիճը: Նրան միացավ Արայիկ Պապիկյանը: Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ դահլիճը լքած երեք փաստաբանների նկատմամբ սանկցիայի որոշում կայացնելու համար:

Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո ընթերցեց որոշումները, որից հետո երկրորդ անգամ գնաց խորհրդակացական սենյակ` Մուշեղ Շուշանյանի և Դավիթ Գյուրջյանի վերաբերյալ սանկցիայի որոշում կայացնելու համար: Վերադառնալուց հետո փաստաբանները դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցով արդարադատության խորհուրդ դիմելու միջնորդություն ներկայացրին և խնդրեցին նիստը հետաձգել: Դատավորը միջնորդությունը մերժվեց, սակայն հետաձգեց նիստը` իր վատառողջ լինելու պատճառաբանությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter