
Անվճար ջրից օգտվողները քիչ են
Արագածոտնի մարզում կա 21 հազար հեկտար ոռոգելի հողատարածք: Արդեն 25 օր է՝ համայնքներն ապահովված են ոռոգման ջրով: Երեկ մարզխորհրդի նիստի ժամանակ գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը գյուղապետերին տեղեկացրեց, որ մարզպետարանը պայմանավորվածություն ունի Ջրային պետական կոմիտեի հետ, որպեսզի մինչեւ մայիսի 1-ը ջուրը գյուղացիներին տրվի անվճար:
Սակայն այս օրերին մարզում անձրեւներ են գալիս, եղանակը խոնավ է եւ գյուղացիներին ոռոգման ջուր, թեկուզ անվճար, ամենեւին էլ պետք չէ: Մինչ օրս 21 հազար հա-ից ոռոգվել է ընդամենը 3 հազարը: Գյուղապետերը դժգոհեցին, որ մայիսին մարզի հողերը կարելի է ոռոգել նաեւ սելավաջրերով, մինչդեռ դրա համար Ջրային պետական կոմիտեն գումար է պահանջում` 1խմ-ի դիմաց 11 դրամ:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հանգստացրեց գյուղապետերին. «Դուք հիմա ջրեք, հետո կտեսնենք, թե ինչ է լինելու»:
Թեեւ ոռոգման սեզոնն արդեն սկսվել է, որոշակի դժվարություններ են առաջացել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով մարզի 12 համայնքների ջրատարների փոխման եւ վերանորոգման շինարարական աշխատանքներում: Յու. Ազատյանի ասելով՝ աշխատանքները դանդաղ են գնում հատկապես Շամիրամ համայնքում: Այդ պատճառով գյուղը ոռոգման ջրի համար մինչ օրս դեռ հայտ չի ներկայացրել, ինչը նշանակում է, որ եթե շոգերն ընկնեն, գյուղացիները կմնան առանց ջրի:
Ուջանում, Ներքին Բազմաբերդ, Ագարակավան եւ Ափնա գյուղերում նույնպես աշխատանքները դանդաղ են առաջ գնում:
Մեկնաբանել