HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ Տիգրան Սարգսյանի՝ արդյունաբերական ռազմավարությունը «մի նոր էջ է մեր երկրի տնտեսական պատմության մեջ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայրենական ապրանք արտադրողների միության ընդլայնված նիստին: Նա ասել է, որ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունից բխող բոլոր որոշումներն իրականացվելու են կառավարություն-մասնավոր հատված համագործակցությամբ ստեղծվող վարչապետին կից խորհրդի քննարկումների արդյունքում:

«Ձևավորելու ենք մասնավոր հատվածի հետ համագործակցության նոր պլատֆորմ, որի միջոցով էլ ապահովելու ենք մեր որոշումների լեգիտիմությունը: Վարչապետին կից խորհրդի կազմում ընդգրկված են լինելու մասնավոր հատվածի, տարբեր ասոցիացիաների ներկայացուցիչներ, փորձագետներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի անկախ պատմության մեջ առաջին անգամ է հաստատվում նման ծրագիր, որում սահմանվել են այն ճյուղերը, որոնք ունեն մտավոր և արտահանման ներուժ, որոնք կարող են էապես ավելացնել իրենց արտադրական ծավալները:

«Այս ռազմավարությունը մի նոր էջ է մեր երկրի տնտեսական պատմության մեջ: Պետությունը պատասխանատվություն է վերցնում ըստ ճյուղային կառուցվածքի օժանդակել մասնավոր հատվածին՝ ավելացնելու իրենց արտադրական ծավալները և նպաստելու արտահանմանը: Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունը մշակվել է երկու տարվա ընթացքում միջազգային կազմակերպությունների փորձագետների հետ համատեղ: Արդյունաբերական քաղաքականության ուղղակի թիրախը վերամշակող արդյունաբերության ճյուղերի և համալիրների զարգացումն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Ռազմավարության մեջ ներառված է արդյունաբերության 11 ճյուղ՝ կոնյակագործություն, ադամանդագործություն, ոսկերչություն, ժամագործություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն և բիոտեխնոլոգիաներ, պահածոների արտադրություն, գինեգործություն, շշալցված հանքային ջրերի, հյութերի արտադրություն և ճշգրիտ ճարտարագիտություն:

Ըստ այս ճյուղերի՝ ռազմավարությամբ բացահայտվել է Հայաստանի արդյունաբերական ներուժը, գնահատվել, թե ինչպիսի հումքային, մտավոր և ենթակառուցվածքային ռեսուրսներ կան հանրապետությունում:

Կոնյակագործության, դեղագործության և ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են մասնավոր հատվածի հետ միասին: Մյուս ճյուղերում առաջիկայում ևս կքննարկվեն զարգացման և արտահանման հստակ ծրագրեր:

Ռազմավարությամբ առաջնություն կտրվի մասնավոր հատված-պետություն համագործակցությանը: Ծրագրվում է, որ եռամսյա ժամկետում կառավարության հաստատմանը կներկայացվի ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կոնյակագործության ոլորտային ռազմավարությունների իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի խոսքերով՝ միությունը ողջունում է կառավարության՝ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն մշակելու նախաձեռնությունը: Նա ասել է, որ տեղական ապրանք արտադրողները գոհունակություն են հայտնում ռազմավարության մշակման կապակցությամբ:

Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ միության ներկայացուցիչները պատրաստ են մասնակցել արդյունաբերական քաղաքականությունից բխող գործողությունների իրականացման աշխատանքներին՝ հանդես գալով լրացուցիչ առաջարկություններով և նախաձեռնություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter