
Աճառյան փողոցում մահվան ելքով վթարի գործով կալանավորվել է նաև «Համմերի» վարորդը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կալանավորման որոշում է կայացրել նաև սեպտեմբերի 5-ին Աճառյան փողոցում տեղի ունեցած վթարի մասնակից «Համերի» վարորդի նկատմամբ: Այս մասին «Հետք»-ին ասաց մեքենայի վարորդի`Արթուր Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը:
23-ամյա Արթուր Հակոբյանը, նշենք, «Սուրիկի լավաշ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրիկ Հակոբյանի թոռն է: Հենց նրա կողմից է նախաքննական մարմնին ներկայացվել այն տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է տեղի ունեցել վթարը:
Նշենք, որ այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ Արթուր Հակոբյանին և Լևոն Հակոբյանին, որն ԱԻՆ աշխատակից է:
Քրեական գործի շրջանակներում Լևոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Արթուր Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Արթուր Հակոբյանի պաշտպանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ու կալանքի որոշումն ակնհայտ ապօրինի է. ըստ պաշտպանի` առանց համապատասխան փորձագիտական եզրակացության քննություն իրականացնող մարմինը ստեղծված իրավիճակում իրավունք չուներ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել:
Արսենյանն ընդգծեց, որ վթարից հետո Արթուր Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, և չնայած դրանից հետո գործում որևէ հանգամանք չի փոխվել, ի հայտ չի եկել որևէ նոր հանգամանք, քննիչը որոշում է կայացրել Հակոբյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնել դատարան:
Հովիկ Արսենյանը փաստում է, որ իր պաշտպանյալը չի խուսափել քննությունից, ավելին` իր տրամադրած տեսանյութով oժանդակել է նախաքննական մարմնին օբյեկետիվ իրականությունը վեր հանելու հարցում:
«Ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից լինելու հանգամանքը չի նշանակում, որ տվյալ մեքենային բախված տրանսպորտի վարորդն է պատահարի պատճառը հանդիսացել: Տեսանյութից էլ արդեն իսկ ակնհայտ էր, որ «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենան խոչընդոտ է հանդիսացել «Համմեր» մակնիշի ավտոմեքենայի համար, բացի այդ՝ ապակողմնորոշել է վարորդին»,- ասում է Արսենյանը:
Փաստաբանի պնդմամբ՝ «Համեր»-ի վարորդը կարճ տարածությունում չէր կարող հասցնել ավտոմեքենան արգելակել, կանգ առնել:
«Նա, համոզված լինելով, որ չի կարող այդ խոչընդոտը հաղթահարել, ստիպված է եղել շրջանցել, ինչը, դժբախտաբար, նրա մոտ չի ստացվել»,- ասաց Արսենյանը՝ պնդելով, որ պետք է համապատասխան փորձաքննություն նշանակվեր՝ պարզելու, թե արդյոք «Համերի» վարորդը ճանապարհի տվյալ հատվածում թույլատրելի արագությունը գերազանցել է:
Նշենք, որ վթարի վերաբերյալ տեսանյութը դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ «Համեր»-ը բավականին մեծ արագությամբ է ընթանում: Արսենյանը մեզ հետ զրույցում ասաց, թե մեքենան ընթանալիս է եղել 60 կմ/ժամ արագությամբ, իսկ թե որքան է ճանապարհի այդ հատվածում թույլատրելի արագությունը, փաստաբանին հայտնի չէ:
«Փորձագետին պետք է առաջադրվի այն հարցը, թե արդյոք սահմանված արագության դեպքում խոչընդոտի առկայության պարագայում ընթացող մեքենայի՝ «Համերի» վարորդը կարող էր ժամանակին արգելակել և կանգ առնել, թե՞ ոչ: Մինչ այդ հարցը չճշտվեր, իրավունք չունեին նրան մեղադրանք առաջադրելու»,- վստահ է Հովիկ Արսենյանը:
Նշենք, որ վթարի հետևանքով 11-ամյա երեխա է մահացել, ևս երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց:
Մեկնաբանել