
Երկու հէկ նույն տարածքում. ո՞վ է կանգնած «հաղթողի» թիկունքում (տեսանյութ)
Ալիկ Աբրահամյանը նախկին պաշտոնյա է. մինչեւ թոշակի անցնելը եղել է Էներգետիկայի նախարարության շահագործման հսկողության վարչության պետը: Նա «ԱլՌուբ» ՍՊԸ-ի հիմնադիրն է եւ 2009 թ. համապատասխան մասնագետների հետ ուսումնասիրություններ կատարելուց հետո համոզվել է, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի տարածքում՝ Արփա գետի Եղեգիս վտակի վրա, փոքր հէկ կառուցելը տնտեսապես բավական շահավետ է:
Ալիկ Աբրահամյանը երկու տեղացի գործընկերոջ հետ հէկ կառուցելու փաթեթ է պատրաստել: Դեռ 2009 թ. դեկտեմբերին «ԱլՌուբ» ՍՊԸ-ն սերվիտուտի պայմանագրով Շատինի գյուղապետարանից 50 տարով վարձակալել է մոտ 1 հա հողատարածք: 2010 թ. մարտին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընկերությանը հատկացրել է ջրօգտագործման թույլտվություն, իսկ ՀՀ կառավարությունը համապատասխան որոմամբ հողի կատեգորիան փոխել է՝ դարձնելով էներգետիկ նշանակության:
«Մնացել էր՝ մտնեինք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի ստանայինք շինարարության լիցենզիա,- մանրամասնում է Ալիկ Աբրահամյանը:- Այդ ընթացքում Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը (ես նրան վաղուց եմ ճանաչում) հարցրեց, թե ինչպես եմ լուծել ֆինանսական հարցերը: Ասացի, որ վարկավորման երկու տարբերակ ունեմ. նրանցից որ մեկի առաջարկն ավելի շահավետ լինի, այն էլ կվերցնեմ»:
Ըստ Աբրահամյանի՝ կառուցվելիք հէկի եկամուտներից համապատասխան մասնաբաժնի դիմաց մարզպետն առաջարկել է անձամբ լուծել ֆինանսական հարցերը:
«Ասաց՝ ձեր տեխնիկատնտեսական հիմնավորումը տուր, բանկերին ցույց տամ, տեսնեմ, թե ումից եմ ցածր տոկոսադրույքով գումար ճարում: Ամբողջ փաստաթղթերը վերցրեց ու էսօր-էգուց ասելով՝ սկսեց ձգձգել»,- պատմում է Ալիկ Աբրահամյանը:
Մարզպետ Սերգեյ Բագրատյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ դեռ 2008 թ., երբ ինքը բիզնեսով էր զբաղվում, մեկ այլ ընկերություն՝ «ՎՏՎ էներջի» ՍՊԸ-ն, իրեն առաջարկել է Վայոց ձորի մարզում միասին հէկ կառուցել: Ավելի ուշ նույն խնդրանքով իրեն դիմել է նաեւ «ԱլՌուբ» ՍՊԸ-ն: Բայց նախկին մարզպետ Վարդգես Մաթեւոսյանը երկու դեպքում էլ հէկ կառուցելու թույլտվություն չի տվել: Իսկ արդեն 2010 թ. ամռանը մարզպետ է նշանակվել ինքը եւ որոշել թե «ՎՏՎ էներջի»-ի, թե «ԱլՌուբ»-ի՝ համատեղ հէկ կառուցելու առաջարկներից հրաժարվել: Սակայն միեւնույն ժամանակ փորձել է երկու ընկերությանն էլ օժանդակել, որպեսզի վերջիններս ի կատար ածեն «հէկ կառուցելու իրենց ամագը»:
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքէջի համաձայն՝ «ՎՏՎ էներջի» ՍՊԸ-ն գրանցվել է այս տարվա հունվարի 27-ին: Անհասկանալի է, թե ինչպես է գոյություն չունեցող ընկերությունը հէկ կառուցելու թույլտվությամբ դիմել Վայոց ձորի մարզպետարան եւ նախկին մարզպետից մերժում ստացել:
Հիմնադրումից մի քանի ամիս անց՝ 2011թ. օգոստոսի 8-ին, «ՎՏՎ էներջին» Շատինի եւ հարեւան համայնքի՝ Եղեգիսի գյուղապետարանների հետ փոքր հէկ կառուցելու նպատակով կնքել է հողի վարձակալության պայմանագրեր: Իսկ դրանից դեռ երկու շաբաթ առաջ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «ՎՏՎ էներջի»-ին տվել է ջրօգտագործման թույլտվություն:
«Սա ուղղակի խայտառակություն է. նախարարը նույն տարածքի վրա երկու ջրօգտագործման թույլտվություն է տալիս: «ՎՏՎ էներջին» էլ այդ կեղծ ջրօգտագործման թույլտվությունով մտնում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, շատ արագ շինարարության թույլտվության լիցենզիա ստանում, ու սկսում են իմ հողի վրա շինարարություն անել: Ասում են, թե իբր դա ոչ թե Շատինի, այլ Եղեգիսի վարչական տարածքն է»,- նշում է Ալիկ Աբրահամյանը:
«ՎՏՎ էներջի» ՍՊԸ-ն գրանցված է Տիգրան Պողոսյանի անունով: Ալիկ Աբրահամյանի եղբոր որդին՝ Տիգրանը, նշում է, թե իր տեղեկություններով՝ այս ընկերության հետ կապ ունի նաեւ «Արարատցեմենտ» գործարանի հիմնական իրացնող Արմեն Մուրադյանը (մականունը՝ «Շլամ»): Հիշեցնենք՝ անցյալ ամիս վերջինս կալանավորվել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով:
«ՎՏՎ էներջի»-ի ղեկավության հետ «ԱլՌուբ» ՍՊԸ-ի ղեկավարները չեն խոսել: Ալիկ Աբրահամյանն ասում է, թե դա իմաստ չունի, քանի որ իրականում ստեղծված վիճակը մարզպետ Սերգեյ Բագրատյանի, նրա հովանավորների եւ բնապահպանության նախարարի պաշտոնական դիրքի չարաշահման հետեւանքն է:
Ըստ փաստաթղթերի՝ «ՎՏՎ էներջին» իր հէկի համար Եղեգիս վտակից ջրառը պետք է կատարի Եղեգիսի տարածքում, իսկ ջուրը վտակ վերադարձնի արդեն Շատինում:
«Ստացվում է, որ նրանք իրենց ջրթափը կատարում են իմ ջրառից այն կողմ, այսինքն՝ ինձ համար էլ ջուր չի մնում,- մանրամասնում է Ալիկ Աբրահամյանը:-Ջրօգտագործման թույլտվություն տալիս գոնե պետք է այնպես անեին, որ մինչեւ իմ ջրառը «ՎՏՎ էներջին» ջուրը լցներ գետ, որ մեր հէկը կարողանա աշխատել»:
Սակայն այսքանով հանդերձ «ՎՏՎ էներջին» սկսել է ջրավազան կառուցել հենց Շատին համայնքի տարածքում, այսինքն՝ նա իր ջրառը կատարելու է ճիշտ այն տեղում, որտեղից պետք է նույն բանն աներ «ԱլՌուբ» ՍՊԸ-ն:
«Բնապահպանության նախարարությունից կամիսիա կանչեցինք, կոորդինատները ճշտեցին ու ասացին, որ մենք ճիշտ ենք. սա ոչ թե Եղեգիսի, այլ Շատինի վարչական տարածքն է՝ ճիշտ «ԱլՌուբ»-ի ջրօգտագործման սկիզբը: Բայց միեւնույն է՝ «ՎՏՎ էներջի»-ի շինարարներն ասում են՝ մեզ ասել են ստեղ ծակեք, մենք էլ ստեղ ենք աշխատում»,- ասում է Ալիկ Աբրահամյանը: Իսկ նրա եղբորորդին հավելում է, թե պատճառն այն է, որ «ՎՏՎ էներջին» (հավանաբար, մարզպետ Սերգեյ Բագրատյանից) գնել է հէկ կառուցելու իրենց փաթեթը:
«Նրանց տեխնիկատնտեսական հիմնավորումները ոնց որ «ԱլՌուբի» հիմնավորումների քսերոքսը լինի. ամեն ինչ՝ խողովակի տարողությունից, ջրի քանակությունից սկսած, մինչեւ հէկի հզորություն համընկնում է: Մեկ-երկու թիվ է տարբեր, բայց դրանք ֆիկտիվ բնույթ են կրում. ուղղակի ոմանց խաբելու համար են: Դրա համար էլ, անկախ այդ թվերի տարբերությունից, շինարարությունը հենց մեր նախագծածով են իրականացնում»,- ասում է Տիգրան Հայրապետյանը:
Մարզպետ Սերգեյ Բագրատյանը «ԱլՌուբի» տեխնիկատնտեսական հիմնավորումները «ՎՏՎ էներջի»-ին վաճառելու խոսակցությունները համարում է անհեթեթություն: Նա շեշտում է, որ «ՎՏՎ էներջին» շատ ավելի վաղ էր մտադրվել փոքր հէկ կառուցել, եւ կառավարության համապատասխան որոշումն էլ այս ընկերությունն ավելի շուտ է ստացել, քան «ԱլՌուբ» ՍՊԸ-ն:
«Երբ «ԱլՌուբը» դիմել էր թույլտվության խնդրանքով, նույնիսկ սկզբում կառավարությունը գտավ, որ նրանց կողմից Շատին համայնքում հէկի կառուցումը նպատակահարմար չէ, քանի որ դրանից մի քիչ վերեւ՝ Եղեգիս գյուղում, հէկ կառուցելու թույլտվություն «ՎՏՎ էներջին» արդեն ստացել էր: Ես գրավոր դիմեցի կառավարությանը, հիմնավորեցի, որ փոխգործակցության դեպքում ջուրը երկու հէկին էլ կբավականացնի, երկուսն էլ կարող են նորմալ աշխատել: Իմ խնդրանքը բավարարվեց, եւ «ԱլՌուբի» մասով կառավարության համապատասխան որոշումը կայացվեց»,- ասում է Վայոց ձորի մարզպետը՝ պնդելով, որ «ՎՏՎ էներջին» ջրառը կատարելու է Եղեգիսի վարչական տարածքում:
Ալիկ Աբրահամյանն էլ, վերհիշելով մարզպետ Բագրատյանի հետ վերջին հանդիպումը, ասում է, թե վերջինս «ՎՏՎ էներջի»-ի «հաջողությունը» պայմանավորել է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի շահագրգռությամբ. «Չորս հոգու ներկայությամբ մարզպետը երդվեց, որ այս ամենի հետեւում Արմեն Գեւորգյանն է»:
«Ես ուղղակի ասել եմ՝ փոխվարչապետը չի թույլատրում երկրորդ հէկը կառուցել, բայց ես խնդրել եմ, որ թույլ տա: Այսքան բան: Արմեն Գեւորգյանը որեւէ առնչություն չունի նման բաներիր հետ: Իրենք շահարկում են մարդկանց անուններ, որի պատասխանը չեն կարող տալ»,- ասում է մարզպետ Բագրատյանը:
«ԱլՌուբ» ՍՊԸ-ն դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարան: Դատավոր Հարություն Ենոքյանը շինարարության վրա արգելանք է դրել մինչեւ դատական ակտի կայացում: Սակայն մոտ 1 ամիս անց «ՎՏՎ էներջի»-ի միջնորդությամբ դատավորը արգելանքը հանել է, եւ նախորդ շաբաթ շինաշխատանքները վերսկսվել են:
Ալիկ Աբրահամյանն արդեն նամակ է գրել Սերժ Սարգսյանին: Նա հույս ունի, որ խնդրի հրապարակայնացման շնորհիվ նախագահն անձամբ կսկսի զբաղվել այս հարցով եւ իր պաշտոնյաներին, ի վերջո, կհարցնի. «Էս ինչո՞վ եք զբաղվում»:
Մեկնաբանություններ (39)
Մեկնաբանել