
Դպրոցի հողամասը կերակրում է տարրական դասարանների աշակերտներին
61-ամյա Ռիտա Հախվերդյանը Տավուշի մարզի Թեղուտ դպրոցում աշխատում է արդեն 26 տարի, տեխնիկական աշխատանք է կատարում: Մի քանի տարի է` նա ստանձնել է դպրոցին պատկանող հողամասի մշակումը: Թեղուտի դպրոցի աշխատակազմը որոշել է հողն օգտագործել դպրոցի կարիքների համար: Տնկել են ծառեր, մշակում են բանջարեղեն և ստացված բերքով կերակրում տարրական դասարաններում սովորող աշակերտներին: Այս տարի կարտոֆիլ էին ցանել, ծառերի վրա էլ պտուղ կար: Այդ մրգերով կոմպոտ են պատրաստում աշակերտների համար: «Շատ համով կոմպոտ է ստացվում»,-ժպտալով ասում է Ռիտա Հախվերդյանը:
Դպրոցը մասնակցել է նաև «Սնունդ աշխատանքի դիմաց» ՄԱԿ-ի ծրագրին, որն այս տարի դարձել է ազգային ծրագիր և սեպտեմբերից ֆինանսավորվելու է կառավարության կողմից:
Ռիտան ասաց, որ հաճույքով է այդ գործն անում, աշակերտներն էլ են իրեն օգնում. ««Ոնց իմ հողն եմ մշակում, այնպես էլ այստեղ, ի՞նչ տարբերություն»:
Դպրոցի տնօրեն Արգամ Թամրազյանը նշեց, որ ցանկանում են դիմել բարեգործական կազմակերպություններին և դպրոցի բակում հիմնել նաև փոքր ջերմոցային տնտեսություն, որպեսզի ձմռան ամիսներին աշակերտները թարմ բանջարեղեն ուտեն: Սկզբի համար նախատեսում են փոքր տարածք, եթե հաջողեն, ապա կմտածեն այն ընդլայնելու մասին:
Արգամ Թամրազյանը պատմեց, որ իրենց դպրոցը այն եզակիներից է, որտեղ աշակերտների թիվը ոչ թե նվազում, այլ աճում է` տարեկան 8-10 աշակերտով: Անգամ միջանցքների հաշվին նոր դասասենյակներ են ավելացրել: Դպրոցն ունի 251 աշակերտ` չհաշված նախակրթարանում սովորողները: Հաշվի առնելով պայմանները` հարևան համայնքներից գալիս են Թեղուտի դպրոց:
Դասասենյակների պակասն առաջացել է նաև, երբ ստեղծել են գերհագեցած համակարգչային դասարան, ինժեներական լաբորատորիա, ընթերցասրահ, գրադարան: Հայ առաքելական եկեղեցու հովանավորությամբ գործում է կիրակնօրյա դպրոց:
«Տարբեր ծրագրերով այնքան հագեցած են սենյակները, որ հազիվ են բավականացնում»,-ասում է Արգամ Թամրազյանը: Նա պատմեց, որ այս ամենը հեշտ չի տրվել: Անընդհատ դիմել են պաշտոնյաների, անհատ բարեգործների, միջազգային կազմակերպությունների, և արդյունքը շատ սպասեցնել չի տվել:
Թեղուտի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1972 թվականին: Դպրոցի վերանորոգման համար միայն պետական ծրագրերով հատկացվել է մոտ 83 մլն դրամ: Շինաշխատանքներն իրականացվել են 2013 և 2016 թվականներին:
2013թ. փոխվել են դպրոցի երկու մասնաշենքերի պատուհանները, ջեռուցման համակարգի կաթսաները: Տնօրենը պատմեց, որ այդ համակարգով այլևս հնարավոր չէր ջեռուցել մոտ 3000 քմ մակերես ունեցող տարածքը: Իսկ 2016թ. հատկացված գումարով ծեփապատվել ու ներկրվել են դպրոցի արտաքին պատերը, ամբողջությամբ վերանորոգվել են 3 մասնաշենքերից 2-ը, որտեղ տեղակայված են նաև հանդիսությունների և ֆիզկուլտուրայի դահլիճները: Իսկ 3-րդ մասնաշենքում ավելացվել են աշակերտական դասասենյակներ:
Տնօրենի խոսքով` վատթար վիճակում են եղել երկու մասնաշենքերը, աշխատանքները սկսել են հենց այդ հատվածից: Իսկ 3-րդ մասնաշենքում շինաշխատանքներն ավարտին չեն հասցվել, քանի որ գումարը չի բավականացրել:
«Եթե պետությունը գումար ունենար և տրամադրեր, դա ավելի լավ կլիներ: Պատկերացրեք, որ 3 տարի հետո է գումար հատկացվում, արդեն վերանորոգված հատվածն էլ վերանորոգման կարիք կզգա: Բայց, ելնելով պետության վիճակից, եղածից գոհ ու շնորհակալ ենք»,-ասում է Արգամ Թամրազյանը:
Հանդիսությունների դահլիճի գույքը թարմացվել է դպրոցի խնայողությունների հաշվին, համակարգչային սենյակը մի բարերար է հիմնել: Արգամ Թամրազյանը նշում է, որ դպրոցը հագեցած է գույքով: Չկա մի դասարան, որտեղ հին գույք օգտագործեն:
«Հասել ենք այն բանի, որ աշակերտները գույքը չեն վնասում, գույքը պահպանվում է, դա ամենամեծ ձեռքբերումներից մեկն է»,-ասում է տնօրեն Թամրազյանը:
Դպրոցի ցավոտ կողմերից մեկը լաբորատորիան է: Կարելի է ասել` այսօր դպրոցը լաբորատորիա չունի: Եղածը շատ հին է, տարբեր տեղերից բերված: Ա. Թամրազյանն ասում է, որ խոսատացել են դպրոցը համալրել աստղադիտակներով, այլ սարքավորումներով: Նրա խոսքով` լաբորատոր սարքավորումները թանկ հաճույք են, դպրոցն իր միջոցների հաշվին դժվար թե կարողանա ձեռք բերել:
Թեղուտի դպրոցում աշխատանքի ուսուցման դասերը տղաներն անցկացնում են արհեստանոցում, որտեղ փայտից ու այլ իրերից գույք են պատրաստում: Նույնիսկ միջոցառումների համար դետալները աշակերտներին են վստահվում:
![]() |
![]() |
Դպրոցը նաև ակտիվ սպորտային կյանքով է ապրում: Մարզագույքի մի մասը սպորտի և երիտասարդության նախարարությունն է տրամադրել, երբ դպրոցի տնօրենն այդ խնդրանքով դիմել է վարչապետին: Ունեն օլիմպիական գորգ, ըմբշամարտի խմբակ, որտեղ դասերից հետո աշակերտներն անվճար պարապում են:
«Այս ամենը պահել է պետք, եթե չպահենք, անմիջապես շարքից դուրս կգան: Եվ սրտացավություն է պետք, պետք է անընդհատ դիմել, որ կարողանաս ծրագրեր կյանքի կոչել, ավելի գրավիչ դարձնել ուսումնական գործընթացը»,-հավելեց Արգամ Թամրազյանը:
Լուսանկարները և տեսանյութը` Դավիթ Բանուչյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել