HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Զինված խմբի» գործով զենք իրացնելու համար դատապարտված անձինք կարծել են, թե զենքը Քեսապի համար է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Նորքում ձերբակալված «զինված խմբի» գործով ցուցմունք տվեցին գործից անջատված մասով անցնող անձինք, որոնք խմբին զենք-զինամթերք վաճառելու համար  դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրման. մեկ անձ, ով գործից անջատված մեկ այլ մասով մեղադրյալի կարգավիճակ ունի և մեկ վկա, ով ամբաստանյալ, լրագրող Արման Հայրապետյանի հետ աշխատելիս է եղել Հանրային հեռուստաընկերությունում:

Դատապարտյալ Հակոբ Հակոբյանը պատիժ է կրում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Վերջինս դատապարտվել է 3 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Հակոբյանը տաքսու վարորդ է եղել, և գործով անցնող անձանցից ոմանց, այդ թվում ` Արթուր Վարդանյանին, Անտոն Դիկրան Թոթոնջյանին, Լիլիթ Թորոսյանին տաքսի ծառայություն է մատուցել ու Արթուր Վարդանյանի գիտությամբ զբաղվել զենքի իրացմամբ:

Մասնավորապես՝ այդ ծառայությունների մատուցման ժամանակ զենք է տեղափոխել: Դատարանում Հակոբյանը հայտնեց, որ Լիլիթ Թորոսյանն ու  Հայր Անտոնը իր ծառայություններից օգտվելիս չեն իմացել, որ ինքը մեքենայով զենք է տեղափոխում ու նշեց, որ ինքն օգտվել է հանգամանքից, որ հոգևորականի հագուստով Անտոն Դիկրան Թոթոնջյանին մեքենայի մեջ տեսնելով`ոստիկաններն այն չեն կանգնեցնի:

Հակոբյանի ցուցմունքի համաձայն՝ Արթուր Վարդանյանն իրեն ասել է, թե տեղափոխվող զենքը Քեսապի համար է. դատապարտյալը դատարանին հայտնեց, որ ինքը երևէ չի լսել այդ զենքով իշխանություն զավթելու մտադրության մասին:

Այդ ժամանակահատվածում Հակոբյանի որդին ծառայելիս է եղել Ստեփանակերտում: Վերջինս որոշակի առողջական խնդիրներ ունի, և Արթուր Վարդանյանը Հակոբյանին խոստացել է միջամտել, որպեսզի որդուն դիրքեր չտանեն. բացի այդ`Հակոբյանն այս գործում նաև նյութական շահագրգռվածություն է ունեցել. զենքը տեղափոխելու համար Արթուր Վարդանյանը նրան վճարել է շուրջ 3500 ԱՄՆ դոլար գումար:

Դատապարտյալ Անուշավան Ավետիսյանը զենք-զինամթերք իրացնելու համար դատապարտվել է  3 տարի ժամկետով ազատազրկման: Այս վկան, ըստ մեղադրանքի, Արթուր Վարդանյանին զենք- զինամթերք է իրացրել: Վերջինս ևս դատարանին հայտնեց, թե չի իմացել զինված հեղաշրջում իրականացնելու մտադրության մասին: Ավետիսյանի պնդմամբ ևս Արթուր Վարդանյանն ասել է, թե զենքը Քեսապի համար է:

Զենք- զինամթերք իրացնելու համար դատապարտված Մկրտիչ Հովհաննիսյանն ամբաստանյալ Խաչիկ Ավետիսյանի ընկերն է: Վերջինս   դատապարտվել է 3 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման: Հովհաննիսյանի`դատարանում տված ցուցմունքից կարելի է եզրակացնել, որ նա իմիջիայլոց է վերաբերել գործին, ցանկացել է իր վիճակը «թեթևացնել»  և չի գիտակցել, որ իր գործողություններով կարող է վնասել, օրինակ, Ավետիսյանին:

Նախաքննության սկզբնական շրջանում Հովհաննիսյանը ցուցմունք չի տվել, հետո, ինչպես ինքն  է ասում, «խորը մտածել ու որոշել է խոսել»: Հովհաննիսյանը խոսել է այն մասին, որ Խաչիկ Ավետիսյանն իրենից հետաքրքրվել է, թե արդյոք կարո՞ղ է ոչ որսորդական զենք գտնել: Ըստ Հովհաննիսյանի`Ավետիսյանն իրեն ասել է, թե Քեսապի համար է զենքը, սակայն Ավետիսյանի խոսքն իրեն հավատ չի ներշնչել:

Այնուամենաիվ, դատապարտյալը փորձել է զենք գտնել, չի ստացվել, իր մոտ եղած զինամթերքն է իրացրել, որը պատերազմից հետո, ինչպես պարզվեց, չի հանձնել:

Հատկանշական է, որ Հովհաննիսյանի մեղադրանքում նշված են զենք -զինամթերքի այնպիսի տեսակներ, որոնք ինքը չի էլ ունեցել, սակայն ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքին ու մեղադրանքն առ այն, որ դրանք իրացրել է Խաչիկ Ավետիսյանին, ընդունել է`պահանջելով արագացված դատաքննություն:

Այսօր Խաչիկ Ավետիսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը հերթով թվարկում էր այն զենքերը, որոնք, ըստ Խաչիկ Ավետիսյանի մեղադրանքի, վերջինս ձեռք է բերել Հովհաննիսյանից, և Հովհաննիսյանը հերթով նշում էր, թե ինքը դրանք չի իրացրել, որ ինքը նման զենք չի ունեցել:

Այսինքն`ստացվում է, որ թեև Հովհաննիսյանն այսօր դատարանում պնդեց, որ միայն երեք պայթուցիկ է տվել Ավետիսյանին, արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա այն մասին, որ Հովհաննիսյանը Ավետիսյանին մեղադրանքում առկա զենքերն է իրացրել:

Նշենք, որ այս դատապարտյալը դատարանին հայտնեց, թե իրեն մոտ 20 ցուցմունք են ցույց տվել, որոնցում իբր իր անունը կապված է եղել զենք-զինամթերք իրացնելուն, և դա է պատճառը, որ ինքը նման կերպ է վերաբերվել իր վերաբերյալ մեղադրանքին:

Մեղադրյալ Մարատ Թադևոսյանը խմբին է տվել իր որսորդական հրացանը, որը ոստիկանների կողմից առգրավվել է:

Վկա Արթուր Ծիտոյանը դատարանին հայտնեց, որ ինքը տեսել է, թե ինչպես է Արման Հայրապետյանը մի աղջկա հետ գնացել Հանրային հեռուստաընկերություն: Դատարանում ներկա  ամբաստանյալ կանանց մեջ Ծիտոյանը այդ աղջկան չճանաչեց. ասաց, որ երկու տարի է անցել դրանից ու չի հիշում:

Նշենք, որ ըստ գործի նյութերի` իշխանությունը զավթելու ծրագիրն իրագործելուց հետո Արման Հայրապետյանը պետք է ապահովեր, որպեսզի Հանրային հեռուստատեսությամբ այդ  լուրը հեռարձակվի:

Հայրապետյանը, սակայն, Հանրայինում ապահովել է Ամերիկայի համար պատրաստվող եթերը, և տեղական եթերի հետ որևէ կապ չի ունեցել: Ծիտոյանը հաստատեց այդ հանգամանքն ու նշեց, որ իր տեղեկություններով`Արման Հայրապետյանը չի ունեցել տեղական հեռարձակում ապահովելու հմտություններ:

Դատական նիստն այսօր ավարտվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter