HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ  կայացած հերթական խորհրդակցության ընթացքում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկություններ ներկայացրեց առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ համապետական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին նոր  Ընտրական օրենսգրքով վերապահված լիազորությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ նոր Ընտրական օրենսգրքով, ՏԻՄ հերթական ընտրություններ, բացառությամբ Երեւանի ավագանու ընտրությունների, կարող են անցկացվել տարին մինչեւ չորս անգամ:  Այս դրույթն ուժի մեջ է մտնում 2012թ. հունվարի 1-ից, եւ 2012թ. ընթացքում առաջին ՏԻՄ ընտրությունները կկայանան փետրվարի 12-ին: 

Խորհրդակցությանը քննարկվեցին մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասի ավարտի եւ երկրորդ մասի ընթացքին վերաբերող հարցեր: Փոխվարչապետին զեկուցվեց, որ բոլոր մարզերում ծրագրի առաջին մասով նախատեսված աշխատանքները ողջ ծավալով իրականացվել են: Ընթացքում են  ծրագրի երկրորդ մասի աշխատանքները, կատարողականը ներկա դրությամբ  կազմում է մոտ 30 տոկոս: Ա. Գեւորգյանը հիշեցրեց, որ ծրագրի երկրորդ մասով նախատեսված աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ 2012թ. սեպտեմբերի 1-ը, եւ եւս մեկ անգամ հանձնարարեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների ընթացքը:

Անդրադարձ եղավ 2012թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացին: Տեղեկացվեց, որ  բոլոր մարզերում այն կավարտվի մինչեւ տարեվերջ: Փոխվարչապետը կրկին հորդորեց անհրաժեշտության դեպքում մեթոդական աջակցություն ցուցաբերել համայնքներին:

Զեկուցվեց նաեւ համայնքներում աշխատավարձերի գծով պարտքերի մարման ընթացքի մասին: Նշվեց, որ  2008թ. հունվարի 1-ի  դրությամբ առկա 2,3 մլրդ դրամ պարտքից ներկայումս մնացել է ընդամենը 201,8 մլն-ը: Ընթացիկ տարվա պարտքը կազմում է 7,3 մլն դրամ, որը նախատեսվում է մարել մինչեւ տարեվերջ:

Անդրադարձ եղավ համայնքներում  «Հայփոստի» բաժանմունքների համար տարածքների տրամադրման գործընթացին: Նշվեց, որ այն համայնքներում, որտեղ «Հայփոստին» տրամադրված տարածքները գտնվում են ժամանակավոր կացարաններում, համապատասխան տարածքի հատկացման դեպքում ընկերությունը ծրագրում է կառուցել տիպային փոստային բաժանմունքներ:

Կարեւորեց նաեւ մարզերում ամանորյա տոնակատարությունների պատշաճ կազմակերպումը: Հիշեցնենք, որ տոնական միջոցառումների իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ մարզպետարաններին հատկացրել էր 100 մլն դրամ։

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ մի շարք այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter