«Ճիշտ չգիտես, Մհե՛ր, դատարանը մեզ չի կարող որևէ բան պարտավորեցնի»
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Չգիտեմ՝ որքանով է ճիշտ, բայց վերջերս կարդացի «գորտի ֆենոմենի» մասին: Եթե գորտին գցում են եռացող ջրի մեջ, նա անմիջապես դուրս է թռնում`փրկում է իր կյանքը, սակայն եթե նրան սառը ջրի մեջ են դնում և թույլ կրակի վրա տաքացնում, ապա նա հաճույքով մնում է ջրի մեջ և չի զգում, որ եռման ջերմաստիճանը արդեն վտանգավոր է կյանքի համար: Այս թույլ կրակը շատ նման է մեր իրականությանը…
Խցից դուրս էի եկել, հետս վերցրել էի դիմումս` ուղղված Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին: Զրույց սկսվեց սեղանի մոտ նստած հսկիչի հետ: Այդ պահին մոտեցավ դիմումներ հավաքող աշխատակիցը, նաև մեկուսարանի պաշտոնյաներից մեկը: Վերջինը թե՛ պաշտոնով, թե՛ կոչումով ավելի բարձր է`մյուս երկու աշխատակիցները ոտքի կանգնած`ողջունեցին: Պաշտոնյան վերցրեց դիմումս, կարդաց հենց առաջին տողերը: Տեսնեմ՝ անմիջապես գրիչ վերցրեց և ուզում էր ինչ-որ բան ուղղել:
- Կներեք, բայց ի՞նչ եք ուզում անել, սա իմ դիմումն է և ձե՛զ չի հասցեագրված:
Հեգնանքով ասում է.
- Մհե՛ր, գրագետ չես գրում`Ավետիք չի, այլ՝ Ավետիկ:
Ծիծաղս հազիվ էի զսպում` պաշտոնյայի լուրջ դեմքին նայելով: Ինձանից առաջ ընկնելով`դիմումների համար պատասխանատու աշխատակիցն ասում է.
- Կներեք, բայց Ավետիք անունը «ք»-ով ա գրվում:
- Սրան նայի՛, ինձ գրագիտություն ա սովորացնում…
Միջամտում եմ.
- Լա՛վ, իմ դիմումին պետք չի ձեռք տալ:
Հետո որոշեցի հումորի օգնությանը դիմել, որ ուղղում չանի պաշտոնյան, ճիշտ գրածս սխալ չդարձնի:
- Թող էդպես գնա դիմումս, պարոն Իշխանյանն ինքը կորոշի`իր անունը ք-ով, թե կ-ով ա գրվում:
... Մի քանի օր առաջ էլ մեկուսարանի հոգեբաններից մեկն ընդունելություն էր անում: Դեմ դիմաց նստած զրուցում էինք: Ես՝ աշխատակցին.
- Գիտեք` դատարանը իր որոշմամբ պարտավորեցրել է մեկուսարանի վարչակազմին վերացնել իմ տեսակցությունների սահմանափակումը, իսկ դուք չեք ենթարկվում դատարանի որոշմանը:
Աշխատակիցը շատ լուրջ դեմքով առարկում է.
- Դու ճիշտ չգիտես, Մհե՛ր, դատարանը մեզ չի կարող որևէ բան պարտավորեցնել, դատարանը միայն մեկնաբանելու իրավունք ունի, այնպես, որ պարտավորեցնել բառը մի՛ օգտագործի:
- Դուք գոնե կարդացե՞լ եք այն փաստաթուղթը, որը հիմա ինձ եք հանձնում, հարցնում եմ ես:
- Իհարկե…
Ցույց եմ տալիս ինձ հանձնված փաստաթուղթը և կարդում. «դատարանը պարտավորեցրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմին վերացնել Մ.Ենոքյանի կարճատև և երկարատև տեսակցությունների սահմանափակումը»:
Լռություն:
- Երրորդ ամիսն է ես պահանջում եմ, որ ինձ ներկայացվի իմ «ուղղման անհատական ծրագիրը», հասկանամ՝ ինչ աշխատանք պետք է միասին անցկացնենք: Ու՞ր է այդ ծրագիրը, որը հենց ձեր բաժնի պարտականությունն է,- հարցնում եմ ես:
- Ի՞նչ ծրագիր,- անկեղծ զարմացած, իր հերթին, հարցնում է հոգեբանը:
- Փաստորեն դուք նույնիսկ չգիտեք, որ պետք է յուրաքանչյուր դատապարտյալի համար «ուղղման անհատական ծրագիր» մշակված լինի:
Մի փոքր մտածելուց հետո, վստահաբար ասում է.
- Ես ուղղմանը չեմ հավատում, մարդը կամ հանցագործ ա, կամ` ոչ:
- Բա էդ դեպքում ո՞նց եք որոշում ու գնահատական տալիս` ուղղման աստիճան սահմանում, որի հիման վրա էլ արդեն դատարանը պետք է որոշի` դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատի, թե` ոչ:
Զգացի, որ իմ հարցը դժվար վիճակի մեջ դրեց նրան... հանդիպումն ավարտված էր, հոգեբանը պետք է շարունակեր իր զրույց-աշխատանքն այլ բանտարկյալների հետ, որ հետո գրառումներ կատարեր՝ իբր սոցիալ-հոգեբանական աշխատանքներ են տանում դատապարտյալների ուղղման նպատակով:
Զարհուրելի է, երբ երկրում առհասարակ վերանում է իշխանությունների տարանջատումը: Հայաստանը փաստացի միապետական երկիր է, որտեղ նախագահը իշխանության տարբեր օղակներում նշանակում է իր հլու-հնազանդ կամակատարներին, ովքեր թքած ունեն իրավունքի վրա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել