Խափանված կոյուղագծեր եւ խցանված դիտահորեր
Դիանա Ղազարյան, Սարո Բաղդասարյան
Սևանի բազմաբնակարան շենքերում կոյուղագծերը կառուցելու համար անհրաժեշտ է մոտ 1 մլրդ դրամ
Սևան քաղաքում շահագործվում է 213 բազմաբնակարան շենք։ Դրանցից 85-ում առկա են կոյուղու մեծամասշտաբ խնդիրներ։ Մյուսներում, քաղաքապետարանի հավաստմամբ, իրականացվում են ընթացիկ աշխատանքներ՝ կոյուղու խափանումները մասնակի կամ լրիվ վերացնելու համար։ Բազմաբնակարան շենքերի կոյուղագծերը կառուցելու համար, քաղաքապետարանի հաշվարկով, անհրաժեշտ է մոտ 1 մլրդ դրամ։
Սևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ շենքերից ամենաերիտասարդները կառուցվել են անցյալ դարի 80-ականներին։
Հիմնական հարցը շենքերին հարող տարածքների դիտահորերի անսարքությունն է, խցանումները, որոնց պատճառով շենքերի կոյուղաջրերը լցվում են նկուղներ։ Իսկ ձմռանը խողովակները սառչելու վտանգի տակ են։
Համայնքի բնակարանային տնտեսության պահպանումն իրականացվում է գործող 7 համատիրությունների միջոցով: Քաղաքապետարանն ասում է՝ չնայած խափանված կոյուղու վերականգնման աշխատանքները շենքերում պետք է իրականացվեն համատիրությունների կողմից, սակայն յուրաքանչյուր վթարի դեպքում համայնքապետարանն է աջակցություն ցուցաբերում:
«Շենքերի կոյուղու խնդիրը լուծելու համար հնարավոր չէ կոնկրետ ժամկետներ սահմանել կամ նշել, քանի որ լուծման առաջին պայմանը ֆինանսական միջոցների առկայությունն է կամ որևէ ներդրումային ծրագրի իրականացումը»,-մեր գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնել են Սևանի քաղաքապետարանից։
Քաղաքի կոյուղագծերը և ջրագծերը 2017 թվականին հանձնվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին։ Ընկերության տնօրինության տակ է լինելու կոյուղագծերի և ջրագծերի մինչեւ շենք մտնող հատվածը։
Ինչպես հայտնել են «Վեոլիա Ջուր» ընկերությունԻց` հունվար-օգոստոս ժամանակահատվածում վերացվել է կոյուղագծերի 891 վթար։ Ընկերությունը այս ցուցանիշը համարում է լուրջ թիվ և հավաստում, որ սա վկայում է համակարգի նախկին օպերատոր կազմակերպության թողած տնտեսության ակնհայտ անբավարար տեխնիկական վիճակի մասին: Մինչ այս` համակարգը «Հայջրմուղկոյուղի» ընկերության տնօրինության ներքո էր։
Ընկերությունը կատարել է ցանցի ուսումնասիրություն, հայտնաբերել ու գույքագրել է զգալի թերություններ, որի հիման վրա առանձնացվել են առավել խոցելի հատվածները, որտեղ առաջիկա տարիներին նախատեսում է փուլ առ փուլ իրականացնել վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ:
Այս աշխատանքներին ուղղված ծրագրերի ու հատկացվող գումարների ծավալների մասին ընկերությունը դեռևս հստակ տեղեկատվություն չունի: «Ավելի կոնկրետ կարելի է խոսել ավելի ուշ, սկսած 2018թ. գարնանից՝ յուրաքանչյուր տարվա կտրվածքով, առանձին-առանձին»,- ասվում է մեզ ուղարկված պատասխանում։
Մեկնաբանել