Քաղաքական տարին դեռ ավարտված չէ
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դեկտեմբերի 19–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ առանձնացրել է տարվա ամենաուշագրավ քաղաքական զարգացումները:
Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի` քաղաքական դաշտում հիմնականում հետաքրքրություն են առաջացրել ներքին քաղաքական զարգացումները: Խոսքը ՀԱԿ-կոալիցիա երկխոսության մասին է. «Իշխանական կոալիցիայի և ՀԱԿ-ի համագործակցությունը, որը միտված էր կոնսենսուսի փնտրտուքին, կամ ինչպես սովորաբար ես եմ անվանում` խորհրդարանական ընտրություններից առաջ խաղի կանոնների մշակման փորձեր: Այսինքն` դա համագործակցելու փորձ է, որպեսզի մրցակցություն լինի միայն քաղաքական դաշտում, այլ ոչ թե ուրիշ»: Ըստ քաղաքագետի` եթե տարեսկզբին կային քաղաքական բանտարկյալներ, ապա բանակցությունների շնորհիվ հիմա չկան:
«Երկրորդ գործընթացը, որը մենք դիտարկում ենք, բավականին հետաքրքիր է Հայաստանի համար, դա քաղաքական էլիտայի փոփոխությունն է: Գործընթացը բավականին վաղուց է սկսվել, և ահա այն շարունակվում է, և, ընդհանուր առմամբ, ավարտված չէ: Արդարադատության նախարարից միչև ոստիկանապետ, առավել ևս` Ազգային ժողովի խոսնակի պաշտոնանկությունը, հասկանալի է, որ պատահական չէ, այլ որոշակի ծրագիր է, քաղաքական էլիտայի փոփոխության որոշակի փորձ: Ես կասեի, որ այս քաղաքականության նպատակը, հանդիսանում է օլիգարխների որոշակի հեռացում քաղաքական և կադրային որոշումներ կայացնելուց: Ես չասացի տնտեսական որոշումներ կայացնելուց, այլ` քաղաքական և կադրային»,- նշեց Իսկանդարյանը:
Ըստ քաղաքագետի` երրորդ գործընթացը, հակասությունների գործընթացն է, ինչպես ընդդիմության ներսում, այնպես էլ, այսպես ասած, իշխանության կուսակցության ներսում. «Սկանդալներից, տարբեր քաղաքական գործիչների կողմից արված արտահայտություններից ու արտահոսքերից, պարզ է դառնում, որ ոչ Հանրապետaկան կուսակցությունը և ոչ էլ ընդդիմությունը մոնոլիտ չեն: Կուսակցություններում մրցակցություն կա: Իրականում քաղաքական տարին դեռ ավարտված չէ և կավարտվի միայն ընտրությունններով»:
Հայկ Ղազարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել