
«Բոհեմ»` արվեստանոց-սրճարան, որտեղ ստեղծագործում է Սեւանի երիտասարդությունը
Ամալյա Մարգարյան, Դավիթ Բանուչյան
«Մենք Սևանում մշակութային ժամանց ապահովող վայր չունեինք, որտեղ մարդիկ կկարողանային կայանալ, արտահայտվել, հիմա այդ տարածքը փորձում ենք ստեղծել»,-ասում է «Բոհեմ» սրճարանի հիմնադիր, նկարչուհի Գոհար Մնացականյանը: «Բոհեմ» սրճարանի համար նախահիմք է ծառայել նկարչի արվեստանոցը, որտեղ քաղաքի ակտիվ երիտասարդությունը հաճախ է հավաքվել:
«Հավաքվում էինք ընկերներով, զրուցում, երգում, խաղեր խաղում: Հետո հասկացանք, որ քաղաքում այդպիսի մթնոլորտ ստեղծելու կարիք կա: Որոշեցի սրճարան բացել, բայց որը պիտի տարբերվեր շարքային մյուս սրճարաններից»,-ասում է Գոհարը: Ըստ նրա` կարևոր է եղել ճանաչողական գործառույթ կատարելը, ուստի սրճարանի մի հատվածը նվիրել են տեղացի արվեստագետների աշխատանքներին:
«Սրճարանի մի պատը հատկացված է տեղացի նկարիչների, արվեստագետների, գրողների աշխատանքներին: Կարելի է նրանց մասին տեղեկություններ գտնել, աշխատանքները գնել: Վստահ եմ, որ այստեղ հավաքվելու են քաղաքի լուսավոր դեմքերը` արարող ու ստեղծագործող»,-ասում է սրճարանի հիմնադիրը:
Մեկնաբանել