HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիփան Շիրազ. Աստղերը պակասեցին

ՄԻՆՈՐ, ՄԻՆՈՐ

Սրանք բոլորը դատարկ թղթեր են:
Ուզո՞ւմ ես, պատմեմ քեզ իմ մասին: Այսպես ուրեմն.
Առավոտ է ... Մեռելներն արթնացել են, իսկ ապրողները քնած են դեռ:
Երևան: Կինո Մոսկվա: Առավոտ կանուխ: Սրտխառնոց։
Գլխացավ - գլխապտույտ: Երեկ մահացած սեր։
Լուսինե՛:
Հիսուն գրամ օղի - պարտքո՛վ իհարկե։
Հիսուն գրամ արցունք - պարտքո՛վ իհարկե:
Հիսուն գրամ ոչնչություն - իհարկե՛։
Օրը մթնում է սրճարանում:
Ես վախենում եմ իմ ստվերից:
Սրանք բոլորը վերնագրեր են։ Ափսոս ընթերցողը մեռած է։

1995 մարտ՝ կախարդների ամիս

 

ԱՍՏՂԵՐԸ ՊԱԿԱՍԵՑԻՆ

Քամիների նման անցան,
Քամիների նման - երազային - 
Անցան, որպես մտքերն այն ցիրուցան,
Անուրջները, որոնք մի օր կային:

Անցան օրերն ու ժամերը դատարկ,
Անցան մահեր ու ծնունդներ հասուն,
Եվ մի մատուռ մնաց մթնած երկնքի տակ.
Մի հիշատակ՝ անհիշատակ ու անխոստում:

Իսկ հուշերը դեռ ապրում են դատարկ փոսում,
Մանուկներ են թռչում երկինք՝ ոտներին թագ.
Ցուրտ, կատակ էր Տեր Աստըծո ամեն խոստում,
Եվ անխոստում խորհուրդ էր այն և անապատ:

Ու՝ մնաց մեծ, ու մնաց մեծ սառցե մի պատ,
Մանուկների ոտքերի տակ՝ սառցե գամեր,
Եվ մնացինք ճանապարհին մենք՝ հուսահատ,
Մեր կրծքի տակ՝ հանգած - հանգած արեգակներ:

Եվ հասկացանք. կյանքում մտքում, ինչ էլ որ տանք,
Զուր, իզուր է, և զուր, իզուր շունչ տվեցինք,
Եվ անիմաստ դարձան կյանքում սեր, կիրք ու կյանք,
Եվ աստղերը երկնքի մեջ պակասեցին;

 

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐ: ՇՈՂԱԿԱԹ:
ԾՐԱՐՈՒՄ ՈՒՂԱՐԿՈՒՄ ԵՄ ՔԵԶ:

Երևանյան այս օրերը վերջ կունենան,
Եվ կմնա թատերաբեմ լքյալ հուշի:
Հրաժեշտի սեղանապետ կնախընտրենք -
Մեր կարոտը կամ հարբեցող մի ապուշի:

Եվ ուրիշի համար լակած թախիծը մեր
Կթավալվի փողոցներում, կծավալվի,
Եվ կհալվի - սենտիմենտալ կյանքին ընտել,
Եվ հետքերը մեր՝ կիրակին դանդաղ կավլի:

Ցախավելից պոկված շիվեր - տրտունջներ սուտ՝
Քամուն տվինք: ՄԵՐ ՕՐԵՐԸ տարավ քամին;
Հարբեցողի համբավն էր մեզ հավատամուտ.
Եվ՝ թողություն՝ միայն հուշը ավարտ ժամի:

Հիմի, գիտե՛ս, իմ նախընտրյալ, սուտ են, քամի՛,
Հավատապատ պուրակները անկողնակաթ.
Բաժան-բաժան ու տկլոր ենք ու մերկ՝ հիմի՛,
Ցախավելից պոկված հուշի նման վհատ:

Իսկ դո՛ւ, ԽԵ՜ՆԹՍ, դեռ հիշում ես - ԿՅԱ՜ՆՔ, ԿԻՐԱԿԻ՛,
Երևանյան թախիծ, սիրո «հանգած լապտեր»
Որպես աղոթք տանուլ տված նպատակի, -
ԷԽ, ԱՍՈՒՄ ես, ԷԽ ՍԻՓԱՆՕ, լակած ախպեր:

Երազում ենք նորից, դարձյալ, երկա՜ր ու ձիգ,
Մինչ մեռնում է մատռվակն այն գինեհուշի.
ՉՀԱՍԿԱՑԱՆՔ. մեր կյանքը ում վստահեցինք.
Բարի Աստծո՞ւն, թե անաստված մի ապուշի:

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Արթնանում է մենությունս, դառնում է ժամ: 
Լռության մեջ անքնության անհամ ժամեր: 
Կեղծ են դառնում անունները նվիրական, 
Տեսիլներն ու երազները դառնում են թեր:

Շփոթում ենք մենք մեզ ու քեզ և ուրիշին
ՈՒ դառնում ենք սապատավոր դեղձանիկներ, 
ՈՒ թքում է լռությունն իմ տատմոր փեշին, 
Փշրվում է ողնաշարն ու թախիծն իմ ծեր:

Բարի գիշեր իմ չտեսած հարազատին, 
Բարի գիշեր, անծանոթ իմ թշվառական.
Շփոթեցինք մենք իրարու՝ ժամում հետին, 
Իսկ առաջին օրը սուտ էր, և ժամն՝ անհամ:

Բարի գիշեր իմ չտեսած քո աչքերին, 
Բարի գիշեր, իմ նախընտրյալ, իմ անտեղյակ.
Ես մի մոտիկ տեղ եմ գտել իմ շիրիմին.
Թող քեզ լինի կյանքում ամեն, ամեն դղյակ:

Բարի գիշեր: Կհանդիպենք կյանքում վերին, 
Բարի գիշեր, կհանդիպենք ոսկում աշնան, 
Կթափառենք ու կհարբենք վերերկրային
Փողոցներում, և ոչ առջևն ամեն մի շան...

Ու կմնա խոր-խավարում քաղաքն էս չար՝
Եվ դավաճան կաթի գինը ինչ-որ կնոջ
Քեզ մահու ժամ կնվիրի մտերմաբար՝
Քամուն տալով խոստովանանքն ու կյանքդ ողջ:

Բայց, ի վերջո, կհանդիպե՞նք. ի՞նչ իմանամ.
Վերադարձ չէ, արդյոք, մահվան գալուստը մեր, 
Երբ երկատվում-վերջանում է օրը անհամ՝
Կուլ տալով կոր եղելության այնքան ձևեր:

Էխ, ինչևէ. բարի գիշեր քո աչքերին, 
Քո մատներին, դու իմ անմիտ, իմ անտեղյակ.
Ես մի մոտիկ տեղ եմ գտել իմ շիրիմին.
Թող քեզ մնա կյանքում ամեն, ամեն դղյակ:

Մեկնաբանություններ (2)

Անահիտ Սարգսյան
Անպատասխան սիրո և հիասթափության որքան ցավ ու կսկիծ կա այս վաղամեռիկ հանճարեղ բանաստեղծի տողերում։ Միացավ ԱՆՄԱՀՆԵՐԻ երամին...
Սուսաննա Դավթյան
Հանճարեղ , անկրկնելի Հ. Շիրազի արյան հոսքն եմ տեսնում այս տողերի մեջ: Բացառիկ գործեր են.անկեղծ ու տխուր: Պետք է տեր կանգնել նման տաղանդներին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter