Սևանի առաջին տունն ու հիմնադիրը
Քրիստինե Աղալարյան, Տրդատ Մուշեղյան
Իսայ Երշովը 1842-ին իր տունը կառուցել է Սևանի ափին: Երշովի տունը Սևանա լճից այն ժամանակ բաժանում էր միայն փողոցը: Հետագայում լիճը Բալզակի Շագրենի կաշվի նման փոքրացավ՝ հեռվում թողնելով Սևանի ափին կառուցված առաջին տունը:
Սևան քաղաքի կենտրոնական` Նաիրյան փողոցի քարե տների շարքում առանձնանում են հատ ու կենտ փայտե տներ: Պատուհանների փայտյա փականներն ու շուրջբոլորը քանդակված նախշերը հուշում են այստեղ 19-րդ դարի ռուսական ճարտարապետության ներկայության մասին: Կանաչ պատշգամբովը Սևանում կառուցված առաջին տունն է, որն առ այսօր պահպանվել է և դարձել Սևան քաղաքի, այն ժամանակ` Ելենովկա ավանի պատմության վկայությունը: Դա Ելենովկայի հիմնադիր, ռուս Իսայ Երշովի տունն է: Այն մասնակի վերափոխվել է, սակայն հիմնական տեսքը պահպանվել է` շնորհիվ կաղնու ամուր հենասյուների: Իսայի ժառանգները զարմանում են, թե որտեղից են կաղնի հայթայթել իրենց նախնիները, եթե մոտակայքում կաղնի չի աճել: Այդ կաղնե գերանների վրա դժվարությամբ է մեխ խփվում: Սևանի բնագիտական թանգարանում պահպանված մակետը հուշում է, որ կղմինդրե ծածկը փոխարինվել է սովորական շիֆերով: Տան մի մասը տարբեր պատճառներով տրվել է այլ անձանց, սակայն հիմնական մասում դեռևս ապրում է Իսայ Երշովի թոռը՝ Վերա Մարգարյանն իր դստեր՝ Էվելինա Գյուլնազարյանի հետ: Թեկուզ մայրն ու դուստրը հյուրընկալում են մեզ իրենց տանը, ներկայացնում նախնիների՝ Սևանում հաստատվելու պատմությունը, սակայն լուսանկարվել չեն ցանկանում: Տեղացիներն ասում են, որ Սևանում մնացած ռուսները, ավելի ստույգ՝ մոլոկանները փոքր-ինչ փակ են և դժվար են շփվում իրենց հետ: Երշովի ժառանգները պնդում են, որ իրենց պապը ոչ թե մոլոկան, այլ սուբոտնիկ է եղել: Երբ Ցարական Ռուսաստանը «մաքրում» էր երկիրը աղանդավորներից, ասել է թե՝ անհավատ մոլոկաններից և հրեաքրիստոնեական շարժման հետևորդներից, որոնց կոչում էին «սուբոտնիկներ», նրանց մի մասն արտաքսվում է Կովկաս: Սուբոտնիկները 18-րդ դարի վերջում Ցարական Ռուսաստանում առաջացած հրեադավան աղանդի հետեւորդներ էին, որոնք չէին ընդունում Քրիստոսին, ընդունում էին թլպատումը, հրեաների նման շաբաթ օրը հանգստին էին տրամադրում: 1842 թվականին սուբոտնիկ Իսայ Երշովն էլ եկավ, պրպտեց և բնակության համար հարմար վայր համարեց Սևանա լճի հարակից տարածքը, որտեղ ջուրն ու ձկնորսությունը կեցության համար լավ նախապայման էին: |
Ցարական Ռուսաստանի վարած կրոնական կոշտ քաղաքականության հետևանքով 1800-ական թվականներին Տամբովի գավառից դեպի Կովկաս արտաքսվեց ռուսական ուղղափառ եկեղեցուց անջատված աղանդավորների մի խումբ, որոնք ավելի հայտնի են որպես մոլոկաններ: «Մոլոկան» անունը տրվել է դեռևս 1765 թվականին: Այդ անվանումը կապված է ավետարանական «հոգևոր կաթի», ինչպես նաև պասի օրերին կաթ խմելու սովորության հետ: Կովկասում վերաբնակեցված մոլոկաններից շատերը հաստատվեցին այն ժամանակ արդեն Ռուսական կայսրության մաս կազմող Արևելյան Հայաստանի գավառներում: 1830-40-ական թվականները համարվում են Հայաստանում ռուսական գյուղերի ստեղծման ակտիվ ժամանակաշրջան: Այդ գյուղերի ստեղծման համար հիմնականում ընտրվում էին սարահարթային, ծովի մակարդակից 1500 մետր և ավել բարձրություն ունեցող տարածքներ, ինչպես նաև այնպիսի կլիմայական պայմաններ, որոնք եղել են մոլոկանների հայրենի բնակավայրերում: 1841 թվականին մոլոկանների մի խումբ հաստատվեց Սևանա լճին հարակից տարածքներից մեկում և հիմնեց Ելենովկա գյուղը, որն անվանվել էր ի պատիվ Պավել 1-ին ցարի դստեր՝ Ելենա Պավլովնայի: Սկզբնական շրջանում նրանց համար հեշտ չի եղել, սակայն այդ դժվարին ժամանակաշրջանում նրանց օգնություն է ցուցաբերել Կովկասի փոխարքա Միխայիլ Վորոնցովը: Ելենովկան հիմնած մոլոկաններն իրենց հետ բերել են նոր աշխատանքային գործիքներ, գյուղատնտեսություն վարելու նոր մեթոդներ: Ելենովկան այդ տարածաշրջանում աշխուժացրել է փոստային ճանապարհները, ինչպես նաև խթանել է Սևանա լճում ձկնորսության ծավալների մեծացմանը, չնայած այդ ժամանակ ձկնորսության համար խիստ կարգ էր սահմանված: Ձկնորսության ժամանակահատվածում Ելենովկա էին ժամանում բազմաթիվ գնորդներ նույնիսկ Էրիվանի, Թիֆլիսի և Ելիզավետպոլի նահանգներից: Ինչպես տարածաշրջանի մյուս ռուսական գյուղերում, Ելենովկայում նույնպես կար փոստատուն, կալանավայր, ոստիկանության զորքեր, ինչպես նաև ճանապարհների սպասարկման համար նախատեսված տնակներ: Ելենովկան շատ կարևոր նշանակություն է ունեցել նաև 1877-1878 թվականներին տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Մասնավորապես` այդ ժամակահատվածում զինվորների սննդի, ռազմամթերքի և այլ անհրաժեշտ իրերի փոխադրման համար մոլոկանները տրամադրել են հազարավոր ձիեր, ինչի համար ընդհանուր առմամբ ստացել են 1,5 մլն ռուբլի, ինչն այդ ժամանակ հսկայական գումար էր: Ռուս-թուրքական պատերազմի տարիներին Ելենովկայում բացվել են ժամանակավոր հոսպիտալներ և լազարեթներ: Բացի դրանցից, մարդիկ իրենց տներում նույնպես ընդունել են վիրավոր զինվորներին և փորձել օգնություն ցուցաբերել: |
Իսայ Երշովի տունը. կառուցվել է 1842-ին:
Մինչ Անապայից Հայաստան գալը Իսայ Երշովը սկզբում ներկայիս Ադրբեջանի տարածք է գնացել, սակայն պայմանները բարենպաստ չեն եղել, և Երշովը որոշել է շարունակել ճանապարհը դեպի Հայաստան: Մի ձմեռ Հայաստանի այլ տարածքներում անցկացնելուց հետո հայտնաբերել է Սևանի ափամերձ վայրը և որոշել վերջնականապես հաստատվել այդտեղ: Եկել են նաև Իսայի եղբայրները: Սկզբում 3 տուն են կառուցվել, հետո ռուսներն, այդ թվում՝ մոլոկաններն են եկել և Ելենովկա գյուղատեղիի հիմքը դրել: Ձկնորսությունը, անասնապահությունը, հողագործությունը Ելենովկայի բնակիչների հիմնական զբաղմունքներն են եղել: Տարածաշրջանում մեծ համբավ են վայելել Իսայ Երշովի ձիերը: Ջուր խմելու համար դեպի Սևանա լիճ նրանց գեղեցիկ վարգի մասին ժառանգներն իրենց ծնողներից են լսել: Երշովի ձիերի վարգը չխոչընդոտելու համար մարդիկ մի կողմ են քաշվել ճանապարհից: Երշովի ժառանգները պատմում են, որ իրենց պապը հայտնի էր որպես հովատակներ բուծող, որոնց առաքում էր ԽՍՀՄ-ի ներքին գործերի ժողովրդական կոմիտե: Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Երշովին կուլակաթափ են արել, թողել միայն ներկայում պահպանված տունը: Վրա հասած սովը կազմալուծել է ընտանիքը, իսկ Երշովը վարակվել է տիֆով և մահացել` 60 տարին չբոլորած: |
Ելենովկան անմասն չի մնացել նաև հեղափոխական շարժումներից: 1900-ական թվականներին, երբ բոլշևիզմը նոր էր ասպարեզ մտնում, նրա գաղափարները տարածվել էին նաև Ելենովկայում: Թիֆլիսից և Բաքվից բոլշևիկները արգելված գրականություն էին ուղարկում ռուսական գյուղեր, և դրանցից մեկը 1905 թվականի հունիսին հասել է Ելենովկայի բնակիչ Իոն Շեդրինին, ով էլ իր հերթին այդ գրականությունը տարածել է հարակից գյուղերում և քաղաքներում: Ելենովկայի բնակչությունը մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը տարեցտարի աճել է: 1851 թվականին հարկ վճարող տնտեսությունների քանակը իմանալու համար մարդահամար անցկացվեց Հայաստանի ռուսական գյուղերում: Ըստ արդյունքների՝ այդ ժամանակահատվածում Արևելյան Հայաստանում կար 16 ռուսական գյուղ, որոնցից 12-ը աղանդավորական, իսկ 4-ը՝ ուղղափառ: Ելենովկան Հայաստանի ամենամեծ ռուսական գյուղերից էր: 1851 թվականին այն ուներ 108 տնտեսություն կամ 550 բնակիչ, որոնցից 281-ը՝ տղամարդ, իսկ 269-ը՝ կին: Ըստ 1886 թվականի մարդահամարի տվյալների՝ գյուղում ապրում էր 1226 մոլոկան: 1897 թվականին անցկացված համառուսաստանյան առաջին մարդահամարի արդյունքներով՝ Ելենովկայի բնակչությունը աճել էր՝ հասնելով 1371-ի, իսկ 1916-ի տվյալներով՝ գյուղն ուներ 1558 բնակիչ և համարվում էր Հայաստանի՝ մեծությամբ 4-րդ ռուսական գյուղը: Իսկ արդեն 1926 թվականի ԽՍՀՄ մարդահամարի արդյունքներով ամբողջ Նոր Բայազետի գավառի ռուսական բնակչությունը կազմում էր ընդամենը 801 հոգի: 1935 թվականին Ելենովկա գյուղը վերանվանվեց Սևան, որը 1961 թվականին ստացավ քաղաքի կարգավիճակ: Աղբյուրը` И. Ю. Семенов, Русские в истории Армении. |
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել