
Փյունիկցի երեխաները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին
Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի երեխաներն ու ծնողներն այսօր բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի դիմաց: Նրանց պահանջը նույնն էր՝ չվերամիավորել դպրոցը Արտավազ գյուղի դպրոցի հետ: Երեխաները կառավարության շենքի դիմաց «Կրթության վրա գումար մի՛ խնայեք», «Գյուղը պետք է ունենա իր դպրոցը», «Խնդրում ենք վերանայել որոշումը» կոչերով պաստառներ էին պարզել:
«Մեր հարգարժան մարզպետի նախաձեռնությամբ դպրոցը որոշվել է միացվի: Մարզպետը չի բարեհաճել գա, հասնի դպրոց, տեսնի իր մարզում ինչ է կատարվում, գուցե իրար սպանու՞մ են: Գալիս է փոխմարզպետը, ասում է՝ դիմեք վերին ատյաններն, եկել ենք՝ դիմենք վերին ատյաններին»,-«Հետք»-ի հետ զրույցում նշեց երեխաներից մեկի ծնողը՝ Վարդուհի Խաչատրյանը:
Ծնողների փոխանցմամբ՝ գյուղի տնօրենն ու ուսուցիչներն արդեն ծանուցումներ են ստացել, որ դպրոցը փակվում է, և հոկտեմբերի 31-ից ազատվելու են աշխատանքից:
Բողոքի ակցիա իրականացնող ծնողներին մոտեցավ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Կառավարության ներկայացուցիչը հավաքվածներին տեղեկացրեց, որ հարցը քննարկվում է, կրթության նախարարությունը գործադիր ներկայացնելու համար որոշման նախագիծ է պատրաստում, որով 6 ամսով սառեցվելու է օգոստոսի 24-ին ընդունված որոշումը:
Ղազարյանը ծնողներին հորդորեց երեխաներին տանել գյուղի դպրոց, մինչ որոշման նախագիծը կքննարկվի, որից 6 ամիս անց հարցը կլուծվի: Ծնողներից մեկի այն հարցին, թե 6 ամիս անց արդյոք փակվելու՞ է դպրոցը, վարչության պետը որևէ պատասխան չտվեց, ասաց՝ այդ մասին հետո կխոսեն:
Ալեքսանդր Ղազարյանի՝ երեխաների դպրոց հաճախելու հորդորը միաձայն չընդունվեց: Կարեն Բաղրամյանն ասաց, որ իր երեխաները ամենայն հավանականությամբ կշարունակեն դպրոց չհաճախել, քանի որ համոզիչ փատարկներ չեն հնչել, որ դպրոցը չի փակվելու և վերամիավորվելու, միայն դպրոցի գործելու ժամկետն է երկարացվել, որը վեց ամիս անց կրկին կարող է փոխվել, ու կրկին կծագի վերամիավորման հարցը: « Աշխատանքից ազատման պաշտոնական ծանուցումներ են ստանում դպրոցի աշխատողները, տնօրենը, որ դպրոցը երկու ամսից փակվում է: Այսինքն՝ նույն հակառակ պրոցեսը կարա լինի, չէ՞»,- մտահոգություն է հայտնում Կարեն Բաղրամյանը:
Գագիկ Սահակյանն էլ որոշեց՝ իր 3 երեխաները դպրոց կհաճախեն, և եթե դպրոցը չի վերամիավորվելու առաջիկա վեց ամիսների ընթացքում, անիմաստ է երեխաներին տանը պահել: Եթե վեց ամիս անց կրկին կհայտնեն, որ երեխաները պետք է հաճախեն Արտավազ գյուղի դպրոց, Սահակյանը հավաստում է՝ այդ դեպքում առավել կոշտ կերպով կարտահայտեն իրենց բողոքի ձայնը:
Մեկնաբանել