
Սպիդը դուրս եկավ «խոցելի խմբերից»
Այս տարվա հունվարի 23-ին ՁԻԱՀ-ի կամ, ինչպես ընդունված է ասել, Սպիդի, հանրապետական կենտրոնում գրանցվեց մարդու իմունային անբավարարվածության վիրուսով /ՄԻԱՎ/ եւս մեկ վարակակիր կին:
Մինչեւ Սպիդի կենտրոնում հետազոտվելը, հունվարի 5-ին կինը դոնորական արյուն է հանձնել Արյունաբանության կենտրոնում, որտեղ այն հետազոտվել է ՄԻԱՎ-ի նկատմամբ: Հետազոտվել է, բայց վիրուս չի հայտնաբերվել: Պարզվել է նաեւ, որ նույն օրը` հունվարի 5-ին արյունը վաճառվել է մի հիվանդատիրոջ, որի խոսքերով` այն պետք է հասցվեր Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ` ծանր հիվանդին փոխներարկելու համար:
Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերից մեկում, Արյունաբանության կենտրոնի լաբորատորիայի վարիչի հավաստմամբ «սպեկտրոֆոտոմետրը չի աշխատում, թուղթ չունեն, եւ հետեւաբար ռեակցիայի արդյունքի ավտոմատ հաշվարկ չի կատարվել», ռեակցիան գնահատվել է «վիզուալ», այսինքն` աչքով, մոտավոր:
Առայժմ հնարավոր չէ Արյունաբանության կենտրոնից որեւէ տեղեկություն ճշտել, Առողջապահության նախարարության հանձնաժողովը ստուգումներ է իրականացնում այդ հաստատությունում: Հնարավոր է նաեւ, որ ընթացող ստուգումների պատճառն այս դեպքի արձանագրումն է եղել:
Մեր ունեցած տվյալներով, վիրուսը հայտնաբերելուց հետո Սպիդի կենտրոնից անմիջապես կապվել են վիրաբուժության ինստիտուտի տնօրինության հետ: Պարզվել է, որ այդպիսի արյուն վիրաբուժության ինստիտուտի ոչ մի բաժնում չի փոխներարկվել: Հնարավոր միակ տարբերակը մնում է այն, որ վարակված արյունը հիվանդի հարազատը տարել է այլ հիվանդանոց: Փաստորեն, Արյունաբերության կենտրոնում չգիտեն` ո՞վ եւ ու՞ր է տարել վարակված արյունը:
ՍՊԻԴԸ դուրս եկավ «Խոցելի խմբերից»
2001 թ. հունվարին Հայաստանում առաջին անգամ գրանցվել է երեխայի ՄԻԱՎ-ի վարակի դեպք: Երեխան հինգ տարեկան է: Վարակի հնարավոր աղբյուրը մայրն է: Վիրուսը, ամենայն հավանականությամբ, փոխանցվել է հղիության ընթացքում կամ կրծքով կերակրելուց: Երեխայի մոր հետ հանդիպումը այնքանով էր անսովոր, որ առաջին անգամ էի շփվում հանրահայտ վիրուսով վարակված հիվանդի հետ:
«Ինչպե՞ս եք զգում»,- հարցրի: Կինն անակնկալի եկավ, ուսերը վեր քաշեց, մի որոշ ժամանակ այդպես մնաց: Հետո ասաց` ոչինչ: Ուսերը դանդաղ իջան, նա արտասվում էր: Հինգ տարեկան տղան հաճախ էր հիվանդանում, մարզի բժիշկների խորհրդով երեխային տեղափոխեցին Երեւան` սկզբում մանկական հիվանդանոց, այնուհետեւ` Արյունաբանության կենտրոն: Այստեղ արյան մեջ հայտնաբերեցին Սպիդի հակամարմիններ:
Ըստ ընդունված կարգի, արյունը վերջնական հետազոտության համար ուղարկվեց Սպիդի կենտրոն: Երեխան ուներ սակավարյունություն, անհրաժեշտ էր արյան փոխներարկում: «Երեխային ներարկվելիք արյան համար պետք է վճարեի 8 հազար դրամ: Ես փող չունեի, որոշեցի ինքս տալ արյունը»,- պատմում է երեխայի մայրը:
Արյունաբանության կենտրոնում հետազոտվեց նաեւ երեխայի մոր արյունը: Նույն կենտրոնում մոր արյան մեջ հակամարմիններ չհայտնաբերվեցին: Պատճառն, ինչպես արդեն նշեցինք, համապատասխան սարքավորուների անսարքությունն էր: Երեխայի եւ մոր արյունները տարբեր խմբերի էին:
Մայրը հանձնեց դոնորական արյուն, որպեսզի փոխարենը ստանա երեխային անհրաժեշտ խմբի արյունը: Սպիդի կենտրոնում հետազոտությունը հաստատեց երեխայի ՄԻԱՎ-ի վիրուսով վարակվածությունը: Իսկ կնոջ արյունը Սպիդի կենտրոնում հետո էր միայն պարզվել, որ վարակված է: Հենց այս արյունն էլ վաճառվել էր վերը հիշատակված հիվանդի հարազատին: Մեր հանդիպման ժամանակ կնոջ հետ էր նաեւ երկրորդ երեխան` երեք տարեկան աղջիկը: Նրա մոտ հինգ օր առաջ նույնպես հայտնաբերվել է վիրուսը:
Կնոջ ամուսինը այժմ գտնվում է Ռուսաստանում, մեկ տարի առաջ է գնացել: Կինը պատմում է, որ մինչ ամուսնանալը ամուսինը եղել էր Ռուսաստանում: Մեր զրույցի որոշ մանրամասնություններ թույլ են տալիս ենթադրել, որ ամուսինը թմրամոլ է: Սակայն սա չհաջողվեց ճշտել ՆԳՆ համապատասխան մարմիններում: Լուրն իմանալուց հետո կտրուկ փոխվել է հարազատների վերաբերմունքը վիրուսակիր կնոջ եւ նրա երեխաների նկատմամբ:
«Ինձ թվում է, մարդիկ կխուսափեն մեզ հետ շփվելուց: Ես չգիտեմ, վաղը դպրոցում երեխան ինչպես է անելու, ես` աշխատավայրում, եթե նորից աշխատեմ, ինչպե՞ս է լինելու»: Ամուսնու մասին պատմելուց արտասվում էր. «Ես նրան չեմ կարող ներել, նրա պատճառով է երեխաս հիվանդ, ես իմ կյանքում ոչ մի անբարոյական քայլ չեմ արել»: Ի՞նչ է լինելու այս կնոջ եւ երեխաների հետ, առայժմ անհայտ է:
ՄԻԱՎ վարակակիր եւ Սպիդով հիվանդ երեխաների բուժման եւ դիսպանսեր հսկողության հարցը մեզ մոտ կանոնակարգված չէ:
«Արմենիկում» կլինիկան երեխաների բուժում չի իրականացնում: Դեղամիջոցը դեռ փորձարկման շրջանում է, իսկ միջազգային համաձայնագրերով երեխաների վրա փորձարկումներն արգելվում են: Կլինիկան վերջերս ունի ֆինանսական դժվարություններ եւ տեղացիներին արդեն անվճար չի կարող բուժել:
Պետությունն էլ չի ուզում փող հատկացնել սպիդով հիվանդ մարդկանց բուժման համար: Ինչու՞ Արյունաբանության կենտրոնում չի հայտնաբերվել ՄԻԱՎ-ի վիրուսը, գուցե սա վիրուսակիր արյան տարածման միակ դեպքը չէ, եւ վերջապես մյուս դոնորները վտանգավոր չե՞ն:
Հուսով եմ, հրապարակմանը կարձագանքի 2001 թ. հունվարի 5-ին Երեւանի հիվանդանոցներում արյուն ներարկված հիվանդը կամ այն հարազատը, որն Արյունաբանության կենտրոնից գնել է վիրուսակիր արյունը, եւ հնարավոր կլինի հետազոտել հիվանդին:
ՀՀ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքով նախատեսված են պարտադիր հետազոտության խմբեր: Առաջին պարտադիր խումբն արյան դոնորներն են: ՄԻԱՎ-ի լաբորատոր հետազոտումը փուլային պրոցես է, առաջնային հետազոտություն կատարող լաբորատորիաները, երբ արյան մեջ հայտնաբերում են հակամարմիններ, պարտավոր են արյունն ուղարկել Սպիդի կենտրոն, որտեղ գործում է վավերացման լաբորատորիա:
Այստեղ մի քանի փուլերով` առնվազն երեք անգամ, արյան շիճուկը ստուգվում է, որպեսզի կատարվի վերջնական ախտորոշումը: Հայաստանում ամեն տարի պատրաստվում է մոտ 9000լ արյուն: Սա նշանակում է, տարեկան 17 հազար մարդ դոնորական արյուն է տալիս: 12 500-ը Երեւանից են, 4500-ը` մարզերից: Արյունը պարտադիր հետազոտման է ենթակա Սպիդի, հեպատիտ B,C-ի, բրուցելիոզի, սիֆիլիսի հանդեպ:
Քանի որ վերջին երկուսի հետազոտությունն ամենաէժանն է, ապա դրանք արվում են նաեւ մարզերում: Միայն 5 մարզերում կան արյան փոխներարկման կայաններ: Մնացած մարզերում դոնորական արյունը չի հետազոտվում ոչ միայն ՄԻԱՎ -ի, այլ նաեւ հեպատիտ B,C-ի նկատմամբ: Արյունը ներարկվում է հիվանդներին առանց որակի ստուգման:
Մեր ձեռքի տակ գտնվող մի նամակում ՀՀ գլխավոր արյունաբան Արմեն Երեմյանցը 2000թ. ՀՀ գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցին իր անհանգստությունն է հայտնել, որ մարզերում արյան հետազոտման վիճակը խիստ անհանգստացնող է: Նրա տվյալներով, ամեն տարի մարզերում 1500 դոնորական արյուններ չեն հետազոտվում ՄԻԱՎ-ի, հեպատիտ B,C-ի նկատմամբ:
Արյան ներարկման կայաններից մեկի տնօրենը, որը հարցազրույց տվեց իր անունը չնշելու պայմանով, պատմեց, թե ինչ է իրականում կատարվում իրենց եւ մնացած կայաններում: Երկու ամիս է` հինգ մարզերում գործող արյան ներարկման այդ կայանները գրեթե չեն աշխատում, որովհետեւ բյուջեով նախատեսված գումարները չեն հատկացվել: (Բացառություն է կազմում Գյումրիի կայանը: Կայանին աջակցում են միջազգային որոշ կազմակերպություններ): Անցած տարի վճարվել է բյուջեով նախատեսված գումարի 50 տոկոսը:
«Աշխատողները 14 ամիս աշխատավարձ չեն ստացել: Կայաններն իրենց հերթին պարտք են այլ հիմնարկների, որոնցից գնում են համապատասխան նյութեր: Մեզ այլեւս չեն վստահում: Իսկ ընդհանրապես հետազոտությունները կատարում ենք ամենաէժան տեստ համակարգով: Իսկ ամենաէժանն ամենաանորակն է, սխալմունքը բավականին մեծ է»,-ասում է Արյան կայանի տնօրենը:
«Մենք հանցագործներ ենք...»
«Եթե մենք բաց ենք թողել Սպիդով վարակված արյուն, ուրեմն մենք բոլորս հանցագործներ ենք»,- այս նախադասությունը ասել է Առողջապահության նախարարության բուժօգնության կազմակերպման վարչության պետ Հայկ Դարբինյանը դեռեւս փետրվարին կայացած խորհրդակցության ժամանակ:
Սակայն մինչեւ «Առավոտի» «Սպիդը դուրս եկավ խոցելի խմբերից» հրապարակումը, այս գերատեսչությունից միջադեպի մասին տեղեկություն ստանալն անհնար էր: Առողջապահության նախարարությունն այսօր արդեն չի ժխտում, որ դոնորական արյան միջոցով Սպիդ է տարածվել, բայց նախարար Արարատ Մկրտչյանը շտապեց հայտարարել, որ դեպքն իր համար հրաժարական տալու առիթ չի կարող դառնալ . արյան փոխներարկումը աշխարհում Սպիդի տարածման ուղիներից մեկն է:
Եվ որպեսզի Առողջապահության նախարարը ցույց տա, որ այնուամենայնիվ անհանգստացած է այս իրավիճակով, հետին թվով` մարտի 2-ի N 119 հրամանով խիստ նկատողություն է հայտարարել Արդյունաբանոււթյան կենտրոնի տնօրեն Արմեն Երեմյանցին: Հրամանով կարգադրել է նաեւ, որ պարոն Երեմյանցը «մեկշաբաթյա ժամկետում դեպքը դարձնելով հատուկ քննարկման առարկա, պետք է բացահայտի բոլոր մեղավորներին եւ կիրառի խիստ պատժամիջոցներ», այդ ամենի մասին զեկուցի նախարարին: Ա. Երեմյանցին նախարարի հրամանը հանձնել են ուղիղ մեկ շաբաթ անց` մարտի 9-ին, Արյունաբանության կենտրոնի աշխատողներից մեկի միջոցով: Հիշեցնենք, որ վարակված արյան տարածման դեպքը տեղի ունեցել հունվարին:
«Դա սարսափելի դեպք է, ես ընդունում եմ այս նկատողությունը, այն դեռ քիչ է: Իմ մեղքով է, ես եմ ղեկավարը, չնայած ես ունեմ տեղակալներ արյան, բուժգծով: Բայց ամեն ինչի համար ես պետք է պատասխան տամ: Այս ամբողջ տարիների ընթացքում սա առաջին դեպքն է եւ ներելի դեպք չէ: Մենք Սպիդով վարակված դոնորական արյուն ենք հանձնել հիվանդատիրոջը»,- ասաց Արյունաբանության կենտրոնի տնօրեն Արմեն Երեմյանցը: Խոսում էր ծանր, հուզված էր: Իսկ սխալը գործել է երեխային բուժող բժիշկը:
Այդ բժիշկը փետրվարի 23-ին խիստ նկատողություն է ստացել: «Հայաստանում այսօր այն վիճակն է, երբ ֆինանսական դժվարություններից ելնելով Սպիդը որոշելու համար ստիպված համեմատաբար էժան նյութեր ենք գնում»: Այս իրավճակի համար ես, որպես գլխավոր արյունաբան, միշտ ահազանգել եմ: Արյան հետ կապված վերջին լուրջ քննարկումները կայացել են 1999-ին, կայացվել են որոշումներ, ինչ- որ բաներ փոխվել են, մնացածը թղթի վրա են: Ես միշտ ահազանգել եմ, կարող եք գալ եւ նախարարության կոլեգիայի նիստերի արձանագրություններին ծանոթանալ: Իսկ հիմա այս ամենի արդյունքում մեղավորը ես եմ, ուրեմն նշանակում է ես էն ձեւով չեմ ասել, չեմ կռվել, իմ ասածն առաջ տարել: Հակառակ դեպքում այս վիճակը չէր լինի: Բայց այս վիճակը մեկ օրում չի ստեղծվել, տարիների ընթացքում մենք եկանք-հասանք սրան»:
1999թ. կոլեգիան որոշում էր կայացրել բոլոր մարզերում ստեղծել կայաններ: Այսօր միայն 5 մարզում կան կայաններ, որոնք հսկում են, հետազոտում են արյունը եւ հանձնում մարզի հիվանդանոցներին: Այդպիսի կայաններ չկան Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերում: Հանրապետության գլխավոր արյունաբան Ա. Երեմյանցը պնդում է,որ դա վտանգավոր է. «Վերջին տասը տարվա ընթացքում բավականին աճեց արյան խոտանի աստիճանը: Դրանք խոտանվում են արյան մեջ հակամարմինների առկայության դեպքում: Խոտանը կազմում է 12 տոկոս: Սարսափելի բան է: Ես շատ լավ հասկանում եմ, բայց պետք է հասկանան նաեւ իմ ղեկավարները, ես մենակ ոչ մի բան չեմ կարող անել, հնարավոր չէ պարզապես»: Իսկ գործող կայանները գտնվում են ծանր վիճակում, պետությունը բյուջեով նախատեսված գումարները չի հատկացնում.
«Երբ կառավարությունն ասում է, որ այսքան գումար կրճատում ենք, ես չեմ կարող ասել. գիտեք ինչ, գնացեք արյան կեսը ստուգեք, կեսը` ոչ, կամ նյութերը բերողին ասենք` թող կես գնով բերի: Ինչ ուզում է լինի` արյան համար միշտ պետք է գտնել գումարներ: Սա ազգային անվտանգության խնդիր է: Երբ ասում ենք` մեկ ամիս է արյունը չի հետազոտվում, դա չի նշանակում, որ այդպես ներարկվում է, մեզ մոտից ուղղակի արյուն չենք տալիս: Տեստ համակարգերը Հայաստան ներմուծում են երեք կազմակերպություն, երկուսը վերջին տարվա ընթացքում դադարեցրին ներմուծումը: Առաքող ֆիրման 25 օր է` ուշացնում է դրանց ներկրումը, պատճառաբանելով , որ ինչ-որ խնդիրներ ունի մաքսային ծառայություննեի հետ: Իսկ ավելի վաղ մատակարարողը հրաժարվում էր բերել, որովհետեւ մենք պարտքեր ունեինք, միշտ ուշացումով էինք տալիս գումարները: Վերջերս, երբ փող ստացանք, տվեցինք նրան»:
Պետությունը անցած տարվանից Արյունաբանության կենտրոնին պարտք է 70 մլն դրամ: Աշխատողներին վերջին անգամ վճարել են 2000 թ. փետրվարի աշխատավարձը: «Բյուջեից այս տարի ինչ տվել են` տվել ենք անցած տարի ձեռք բերած նյութերի պարտքերը փակելու համար»,- ավելացրեց Ա. Երեմյանցը:
Դեռեւս 1999 թ. Առողջապահության նախարարության կոլեգիայում լսվեց Արյունաբանության կենտրոնի տնօրեն Ա. Երեմյանցի զեկույցը, որտեղ վերջինս ներկայացրել է հանրապետությունում արյան ծառայության եւ արյունության վիճակը: Նշվել են այն խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն: Կոլեգիայի նյութերի մեջ կարդում ենք. «Որոշ տեղերում արյան որակի ստուգումը չի կատարվում պահանջներին համապատասխան: Հաճախ բուժկանխարգելիչ հիմնարկներն ապահովված չեն արյան որակի ստուգման համար անհրաժեշտ միջոցներով»:
Այս ամենը հաշվի առնելով` կոլեգիան որոշել է. «Ապահովել արյան որակի ստուգման համար անհրաժեշտ նյութերը եւ խստորեն արգելել չստուգված արյան ներարկումները, մեկամսյա ժամկետում առաջարկ ներկայացնել մարզերում արյան փոխներարկման կայանների ստեղծման վերաբերյալ»: 13 կետ ունեցող այս որոշման տակ ստորագրել է նախկին նախարար Հայկ Նիկողոսյանը:
Շատ հավանական է, որ այսօրվա նախարարը չգիտի այդ որոշման մասին: Մենք պարզեցինք նաեւ, որ կառավարության նիստերից որեւէ մեկում առողջապահության նախարար Ա. Մկրտչյանը այս խնդիրը չի բարձրացրել, հետեւապես չի կարեւորել:
Երեւի դա էլ հաշվի առնելով գլխավոր արյունաբանը 03.05.2000թ. N 01-20 գրությամբ նախարարին է ներկայացրել «ՀՀ արյան ծառայության աշխատանքների կարգավորման» ծրագիրը: Գլխավոր արյունաբանը իր նախարարին ներկայացնում է. «Որոշ ստորաբաժանումներ այդ հետազոտումներն իրականացնում են սարք չպահանջող, հետեւվապես` ոչ ճշգրիտ մեթոդներով, ինչը կարող է նպաստել այդ հիվանդությունների`ժամանակին չհայտնաբերմանը, հետեւապես` վտանգի տակ է դրվում հիվանդի առողջությունը:
Հաշվի առնելով, որ իրեն առողջ համարող բնակչության շուրջ 15 տոկոսի մոտ հայտնաբերվում են վերոհիշյալ հետազոտումների դրական արդյունքները, պարզ է դառնում , թե ինչ վտանգ է սպառնում Հայաստանի բնակչությանը`կատարվող հետազոտումնների թերի լինելու պատճառով»: Բացի այդ, «արտակարգ իրավիճակի դեպքում ՀՀ արյան ծառայությունը այսօր ապահովված չէ անհրաժեշտ քանակի նյութերով` այդ իրավիճակում աշխատանքների կազմակերպման համար»:
Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ արտակարգ իրավիճակների ժամանակ լրացուցիչ պահանջվում է միաժամանակ հավաքագրել ոչ պակաս, քան 10 հազար միավոր արյան բաղադրամասեր, դա նշանակում է, որ անհրաժեշտ է ստեղծել այդ արյան հավաքագրման համար նախատեսված պարկերի /5 հազար հատ/ եւ 5 հազար միավոր արյան ստուգման համար նյութերի համապատասխան պաշարները»:
«Որոշ մարզերում արյան կենտրոնների բացակայության պատճառով հավաքագրված արյան որակը ստուգվում է միայն այն բուժհիմնարկներում, որտեղ տեղակայված է իմունոֆերմենտային սարքավորում: Մարզերի մյուս բուժհիմնարկներում հավաքագրված արյան որակը չի ստուգվում, եւ համապատասխան ցենտրիֆուգա չունենալու պատճառով հավաքագրված արյան մեծ մասը ներարկվում է առանց բաղադրամասերի բաժանելու»:
Այնուհետեւ պարոն Երեմյանցը նշում է, թե ինչ պետք է արվի ըստ մարզերի, ոլորտների, նախարարությունների, տալիս խնդիրների լուծման ուղիները: Հատկապես ուշագրավ է առողջապահության նախարարին մեկ տարի առաջ ներկայացված այս ծրագրի վերջին պարբերությունը:
«Ծրագրի խափանման դեպքում արյուն եւ նրա բաղադրամասեր ստացող հիվանդների 15 տոկոսին սպառնում է արյան միջոցով տարածվող այլ հիվանդություններով վարակվելու վտանգը: Դա կազմում է տարեկան 6000 հիվանդ»: Շուտով կլրանա ծրագիրը նախարարին ներկայացնելու մեկ տարին: Նշված ժամանակահատվածում այս ոլորտում ոչիչ չի փոխվել:
Իսկ ո՞ւմ են ներարկել սպիդով վարակված արունը 2001 թ. հունվարի 5-ին:
«ԱՐՄԵՆԻԿՈՒՄԸ» կհրաժարվի՞ բուժել հայ երեխաներին
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ում նշված է, որ «շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդն իրավունք ունի անվճար ստանալ պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնություն ու սպասարկում եւ բուժվել այդ նպատակի համար նախատեսված հատուկ մասնագիտացված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններում»:
Սպիդն ընդգրկված է կառավարության կողմից հաստատված այդ հիվանդությունների ցանկում: Մինչեւ «Արմենիկում» դեղամիջոցի կլինիկական փորձարկումների սկիզբը, Հայաստանի Սպիդով հիվանդները ստացել են միայն Սպիդը զուգորդող այլ հիվանդությունների բուժում: Աշխարհում իրականացվող հատուկ հակավիրուսային բուժում ստանալու հնարավորություն մեր հիվանդները չեն ունեցել:
1998 թ. աշնանը հայտարարվեց Սպիդի բուժման դեղամիջոցի` «Արմենիկումի» հայտնաբերման մասին: Որոշ ժամանակ անց ստեղծվեց ժամանակակից սարքավորումներով հագեցած, հետազոտություններ անցկացնելու հսկայական հնարավորություններով կլինիկա:
Ասենք, որ հանրապետությունում միայն «Արմենիկում» կլինիկայում է որոշվում արյան մեջ սպիդի վիրուսի որակական եւ քանակական պարունակությունը, ե'ւ իմունային համակարգի վիճակը, ե'ւ այլ մանրակրկիտ քննություններ,որոնք անհրաժեշտ են բուժումը կազմակերպելու համար: Հեռուստատեսությամբ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը հայտնեց, որ «Արմենիկում»-ով բուժման նախնական արդյունքները վկայում են, որ դեղորայքը ստանալուց հետո վիրուսի քանակը հիվանդների մոտ 10-15 անգամ իջնում է, իսկ իմունային համակարգի բջիջների քանակը բարձրանում է մինչեւ նորմային համապատասխանող սահմաններ:
«Արմենիկում» կլինիկայի ղեկավարությունը հայտարարել է, որ մեր քաղաքացիների համար բուժումն անվճար է: Արդեն բուժում են ստացել 50- ից ավելի հայաստանցի հիվանդներ, որոնց առողջական վիճակը պարբերաբար հսկվում է կլինիկայի բժիշկների կողմից: Յուրաքանչյուր հիվանդի հետազոտությունները եւ բուժման կուրսերը երկու տարվա ընթացքում կազմել է մոտ յոթ հազար դոլար: Վերջին ամիսների ընթացքում, մեր ունեցած տվյալներով, ֆինանսական դժվարությունների հետեւանքով «Արմենիկում» -ը այլեւս չի կարողանում անվճար հիվանդներ բուժել: Արդեն մերժվել է հայաստանցի 10 Սպիդով հիվանդ:
Իսկ ինչ է փոխարենն առաջարկում առողջապահության նախարարությունը
Նախարարությունում չգիտեին, որ «Արմենիկումը» հրաժարվում է Սպիդով հիվանդներին բուժելուց: ԱՆ հիգիենիկ եւ հակահամաճարակային վարչության պետ Ա. Վանյանը հայտնեց. «Եթե «Արմենիկումը» հրաժարվում է, մենք դա չգիտեինք, նրանց կտեղավորեք «Նորքի» ինֆեկցիոնում»:
Իսկ գլխավոր սանիտարական բժիշկ Վ. Դավդյանցն ավելացրեց. «Եթե խնդիրը ֆինանսական է, մենք կարող ենք պետպատվեր տալ հնարավորության սահմաններում»: «Կա առողջապահության նախարարության որոշումը, որ Սպիդով հիվանդ երեխաների բուժումը պետք է իրականացնի մեր հիվանդանոցը, իսկ մեծերինը` ոչ: Իսկ եթե մեծերին բուժելուց «Արմենիկումը» հրաժարվում է, ապա նրանք ինձ մոտ կգան: Բայց քանի որ ինձ մոտ չեն գալիս, ուրեմն այնտեղ են»,- ասում է «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը: Ինչու այս խնդիրները չեն քննարկվում «Արմենիկումի» հետ` անհասկանալի է:
«Արմենիկում» ծրագրի տնօրեն Լեւոն Գեւորգյանը հրաժարվեց հարցազրույցից, պատճառաբանելով, որ իր ասած յուրաքանչյուր խոսք քաղաքականացվում է: Միաժամանակ նա խոստացավ հարցազրույց տալ 20 օր անց:
Նախարար Ա. Մկրտչյանի 20.06.2000թ. N 305 հրամանով հաստատված
«Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների եւ վիճակների ցանկի» մեջ ընդգրկված է Սպիդը: Ըստ նախարարի եւ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության պետի 14.06.2000թ. թիվ 7 համատեղ հրամանի, Սպիդի բուժման համար նախատեսվում է 80 հազար դրամ, իսկ ախտորոշման համար`25 հազար:
Ինչպե՞ս է հաշվարկվել Սպիդի բուժման գինը` անհասկանալի է, քանի որ այլ երկրներում այդպիսի մի հիվանդի հակավիրուսային բուժման համար ամսական ծախսվում է մոտ հազար դոլարի դեղորայք, հազարավոր դոլարներ արժե պարբերական հետազոտություններն ու խնամքը:
Ընդհանրապես Հայաստանում տարածված կարծիք կա, թե Սպիդով հիվանդները հասարակության «ստորին խավն են», (թմրամոլները, մարմնավաճառները եւ այլն), եւ պետությունը պարտավոր չէ նրանց վրա փող ծախսել: Ինչքան էլ տարօրինակ թվա, այդպիսի կարծիքներ լսել եմ բժշկից: Այժմ արդեն հայտնի է, որ կա Սպիդով հիվանդ երկու երեխա. ինչպե՞ս է իրականացվելու նրանց բուժումը:
«Հենց որ իմացանք, որ այդ երեխան հիվանդ է Սպիդով, նախարարությունում խորհրդակցություն հրավիրվեց եւ որոշվեց երեխային տեղավորել «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում: Այնտեղ առանձին քոթեջ հատկացվեց եւ բարեկարգվեց : Նախարարությունը որոշեց նաեւ Սպիդի բուժման գինը դարձնել 300 հազար դրամ: Երեխան հենց ընդունվեց, հաջորդ օրը սկսեցին օգտագործել աշխարհում ընդունված բուժման սխեման: Էն դեղերը, որ կան աշխարհում` սպիդի բուժման համար նախատեսված, էդ ամենը ինչը ընդունվեց: Էդ երեխան ստացավ հատուկ դեղերը եւ ամբողջ սիմպտոմատիկ բուժումները եւ երկու օրից հետո ահագին փոփոխություններ եղան»,- պատմում է սանիտարական բժիշկ Վ. Դավիդյանցը:
Իսկ ինչպես էր իրականացվել երեխայի բուժումը, ի վերջո Հայաստանում առաջին դեպքն էր: Փորձենք հասկանալ. «Մենք երեխային արեցինք պլազմա, վիտամիններ, գլյուկոզա: Երեխան մի քիչ լավացավ, կազդուրվեց, մենք թողեցինք տուն: Պետք է նորից գա, նոր կուրս ընդունի»,- ասում է «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ա. Ասոյանը:
Ըստ դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալության տնօրեն Ա. Ասրյանի, Հայաստանում գրանցված է Սպիդի բուժման հինգ անուն դեղ («Արմենիկումը» դրանցից մեկն է) եւ իրենց տվյալներով առայսօր ոչ մի դեղ չի ներկրվել: Այնպես որ, սպիդով հիվանդ երեխային այդպիսի դեղեր պարզապես չէին կարող տալ: Սպիդով հիվանդների բուժում»Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում չեն կարող իրականացվել ամենապարզ պատճառներով:
Ինչպե՞ս է պատրաստվում պարոն Ա.Ասոյանը սպիդով հիվանդներին ընդունել եւ բուժել, երբ հիվանդնոցը չունի դրա փորձը, երբեւէ դրանով չի զբաղվել, չունեն հակավիրուսային դեղեր: Հիվանդների հետազոտությունների համար անհրաժեշտ են թանկարժեք սարքավորումներ եւ լաբորատոր նյութեր, որոնք հիվանդանոցը դարձյալ չունի: Իսկ հանրապետության Սպիդի բուժմամբ զբաղվող բժիշկներն աշխատում են «Արմենիկում» կլինիկայում:
Արդյո՞ք շատ թանկ հաճույք չի լինի աղքատ պետության համար Սպիդի բուժման երկու հիվանդանոց եւ երկու բուժման մեթոդներ ունենալը:
Ինչու չհայտնաբերվեց թիվ 907 արյունը
1999թ. փետրվարին Ֆրանսիայում ավարտվեց մի աղմկահարույց դատավարություն: Առողջապահության նախկին նախարար Էդմոն Էրվենին դատարանը մեղավոր ճանաչեց 1985թ. դոնորական արյան միջոցով 7 մարդու ՍՊԻԴ-ով վարակելու համար: Վարակվածներից հինգը արդեն մահացել էր:
Մեղադրանքը ձեւակերպված էր այսպես. «հանցագործ անփութության պատճառով ՍՊԻԴ-ի տարածման համար նպաստավոր պայմանների ստեղծմում»: Մեղադրյալի աթոռին էին նաեւ նախկին վարչապետը եւ սոցիալական ապահովության նախկին նախարարը:
Վերջիններիս նկատմամբ դատարանը մեղադրանքը չհաստատեց: Հաշվի առնելով այս հիվանդության առանձնահատկությունները, շատ հավանական է նմանատիպ մի սցենար գործի մեզ մոտ 5-10 տարի անց, երբ պարզվի, որ մեր օրերում Հայաստանում դոնորական արյան միջոցով տարածվում էր ՍՊԻԴ:
Առողջապահության նախարարությանը չհաջողվեց պարզել, թե 2001 թվականի հունվարին ում են ներարկել ՍՊԻԴ-ով վարակված դոնորական արյունը: ԻՆչո՞ւ առողջապահության համակարգում չհայտնաբերվեց N 907 երկու պարկ արյունը: Փորձենք տալ այս հարցի պատասխանը: Վարկածները առաջ են եկել տարբեր բժիշկների հետ զրույցների եւ մեր ունեցած փաստերի համադրումից.
1. Միջադեպի հայտնի դառնալուց հետո հիվանդանոցում, որտեղ ներարկվել է արյունը, վերացվել են բոլոր հետքերը: Հիվանդության պատմության մեջ կատարվել են փոփոխություններ: Ինչո՞ւ: Որովհետեւ, եթե հայտնի դառնար հիվանդանոցի անունը, այլեւս ոչ մի հիվանդ չէր դիմի: Ըստ երեւույթին, դեպքը քողարկվելու համար կայացվել է գործարք: Արյունաբանության կենտրոնից վաճառված` ՍՊԻԴ-ով վարակված արյան հետքերով գնացել են կենտրոնի աշխատակիցները, մասնավորապես արյան գծով փոխտնօրեն Յուրի Կարապետյանը, որի հարազատը, ինչպես մեզ հաջողվեց պարզել, բուժող բժիշկ է Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոցում:
Յ. Կարապետյանը Արյունաբանության կենտրոնում արյան համար անմիջական պատասխանատուն էր, ոչ մի պատիժ չստացավ եւ այսօր տնօրենի պաշտոնակատար է: Յուրի Կարապետյանը այն ժամանակվա ԱՆ բուժօգնության կազմակերպման վարչության պետ Հայկ Դարբինյանի մոտ ընկերն է, ում անմիջական հսկողության տակ էր արյան ծառայությունը:
Ի դեպ, պարոն Դարբինյանը վերոհիշյալ դեպքերից հետո նշանակվել է առողջապահության փոխնախարար: Հիվանդների տվյալների գաղտնիության հանգամանքը լրագրողներիս հնարավորություն չի տալիս մեկ առ մեկ ստուգել հունվարի 5-ից մինչեւ 25-ը ընկած ժամանակահատվածում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում բուժում անցած, մասնավորապես արյուն ներարկված հիվանդների հիվանդության պատմությունները:
2. Երեւանում իրականացվում է նաեւ անլեգալ բուժում: Ասենք, ավտովթարից վնասվածքներ ստացած մարդուն հիվանդանոց չեն տանում, որպեսզի խուսափեն իրավապահ մարմիններից: Տնային պայմաններում կատարվում են աբորտներ, որովհետեւ հղիության ժամկետը (օրենքով սահմանված է որոշակի ժամկետ) չի թույլատրում հղիությունը ընդհատել եւ այլն: Անհնար է պարզել, թե նման դեպքերը ինչ տոկոս են կազմում:
Եթե արյունը գնվել է նմանատիպ դեպքի համար, ապա արյուն տանողը հետագայում լրատվամիջոցներից իմանալով դրա վարակվածության մասին, բնականաբար չէր արձագանքի:
3. Հնարավոր է, որ ՍՊԻԴ-ով վարակված դոնորական արյուն ստացողը գիտի, որ իրեն վարակել են, բայց լռում է: Լռում է, որովհետեւ շրջապատի վերաբերմունքը նրա համար ավելի «վտանգավոր» է:
4.Մեկ այլ վարկածի համաձայն, այդպիսի արյուն ընդհանրապես չի եղել: Եվ այս ամենը արվել է Արյունաբանության կենտրոնի տնօրենին` Արմեն Երեմյանցին աշխատանքից ազատելու համար: Մինչեւ դոնորական արյան հետ կապված դեպքը Ա. Երեմյանցի եւ առողջապահության նախարարի հարաբերությունները լարված էին: Սակայն այս վարկածը բացառվում է, որովհետեւ ՍՊԻԴ-ով ախտորոշված կնոջ եւ երեխաների արյունները հետազոտվել են բազմաթիվ անգամ, վերջինը կատարվել է «Արմենիկում» կլինիկայում, եւ ամենուր հաստատվել է ՍՊԻԴ-ի վարակը:
5. Հավանական տարբերակ է եւ այն, որ առողջապահության նախարարությունում գիտեն, թե ում են ներարկել արյունը, բայց այդ մասին հրապարակավ ոչինչ չեն ասում կատարվածի անկանխատեսելի հետեւանքների պատճառով:
Այս տարվա մարտի 16-ին Առողջապահության նախարարության կոլեգիայի նիստում նախարար Արարատ Մկրտչյանը հրահանգեց երեք շաբաթվա ընթացքում պատրաստել եւ առաջարկներ ներկայացնել դոնորական արյան խնդրին նորից անդրադառնալու համար:
Նիստի մասնակիցներին նախարարը հանձնարարեց ուսումնասիրել արյան ծառայությունների վիճակը եւ ներկայացնել խնդիրների լուծման առաջարկներ: Անցել է մոտ երկուսուկես ամիս, հարցին չեն անդրադարձել: Վերոհիշյալ կոլեգիայի նիստին մասնակցում էր նաեւ Հայաստանում միակ մասնավոր «Վիոլա» արյան բանկի տնօրեն Արմեն Մեժլումյանը:
Պարզվեց, որ կոլեգիայի նիստին նրան ոչ ոք չէր հրավիրել, պարզապես լսել էր եւ եկել: Լուրջ ընդունելով նիստում արտահայտված անհանգստությունները եւ հանձնարարականները, որոշ ժամանակ անց, Ա. Մեժլումյանը փորձել է իր ծրագիրը ներկայացնել նախարարին, սակայն չի հաջողվել:
«Մինչեւ հիմա ինձ որեւէ մեկը չի հրավիրել արյան ծառայություններին նվիրված քննարկումներին: Կոլեգիայի նիստին եկել եմ իմ նախաձեռնությամբ: Եկա մասնակցելու` իմանալով, որ թղթակիցներ պետք է լինեն: Եկա զգուշացնելու, որ արյան ծառայությունների մասին գրելիս զգույշ պետք է լինել: Ես անհանգստանում եմ, որովհետեւ աշխատում եմ այդ համակարգում: Արյան ծառայության նկատմամ հասարակական կարծիքը ինձ շատ է անհանգստացնում: Ամեն օր շփվում եմ այդ կարծիքի հետ: Այդ հոդվածաշարերի հետեւանքով փսիխոզ է սկսվել: Մարդիկ զանգում են. արյուն ենք վերցրել մեր երեխայի համար, ինչպե՞ս ստուգենք, հանկարծ ՍՊԻԴ չլինի: Ես անհանգստանում եմ ներկայացման ձեւի համար, շատ լուրջ բնագավառ է, մենք կարող ենք հակակրանք առաջացնել արյան ծառայությունների նկատմամբ, կարող ենք նաեւ օգուտ տալ: Այսինքն` պրոբլեմները բարձրացնելու տարբեր երանգներ կան: Ինձ դա է անհանգստացնում»- ասաց մեր հանդիպման ժամանակ Ա. Մեժլումյանը:
Մեր հարցին` դոնորական արյունը տալիս են քաղաքացուն, դուք սա ճի՞շտ եք համարում` պատասխանեց. «Ոչ: Միջազգային պրակտիկայում այդպիսի բան գոյություն չունի: Արյան բաղադրամասերը այն դեղորայքն են, որն ամբողջ աշխարհում մարդը չի կարող դեղատնից կամ որեւէ այլ տեղից գնել: Այդ դեղամիջոցը շրջանառություն է կատարում միայն արտադրող եւ օգտագործող բժշկական կազմակերպությունների միջեւ: Իսկ հիվանդին ներարկում են հիվանդանոցում: Ամբողջ աշխարհում մարդը արյան բաղադրամասերի հետ ոչ մի շփում չունի: «Վիոլա»-ից էլ են տանում, քանի որ ես չեմ կարող գործող համակարգից վերեւ թռչել, որովհետեւ մարդուն ուղարկում են մեզ մոտից արյուն տանելու: Ես ինքս դեմ եմ այդ տարբերակին, բայց ստիպված եմ դա անել: Կամաց-կամաց մտցնում ենք այն տարբերակը, որ հիվանդանոցների հետ համագործակցենք. գան համապատասխան պայմաններում տեղափոխեն: Որ ունենք ֆինանսական խնդիր եւ դրա հետեւանքով` ծանր վիճակ, բոլորս գիտենք : Սակայն ֆինանսների բացակայությունը հիմնական պրոբլեմը չէ: Բոլոր մարզերում կան արյան ծառայություններ: Խնդիրը հետեւյալն է` այնտեղ նորմա՞լ են ստուգում, թե՞ ոչ: Եթե նորմալ չեն ստուգում, ի՞նչն է պատճառը»:
Հանրապետության բոլոր արյան ծառայությունների աշխատանքը ստուգում է Արյունաբանության կենտրոնը: Ա. Մեժլումյանը գտնում է, որ նախ այդ ծառայություններին պետք է ասել` ինչպես աշխատեն, ինչպես են նրանց ստուգելու: Այլապես «մարդիկ շարունակում են հին ձեւով աշխատել, որովհետեւ իրենցից ոչ ոք չի պահանջում աշխատել այլ ձեւով»:
«ՍՊԻԴ-ի տարածման դեպքը եկեք հանգիստ թողնենք եւ խոսենք դրա պատճառների մասին: Իսկ ով է ասում, որ ամեն օր մի քանի այդպիսի դեպքեր չեն լինում, որեւէ մեկը վստահությամբ կարո՞ղ է դա ասել: Եկեք մտնենք հիվանդանոցները եւ ներարկվող արյունները ստուգենք, տեսնենք` ինչ արդյունքներ կստանանք, ես պատրաստ եմ դա անվճար անել: Եթե դու չունես արյան որակի անվտանգությունը երաշխավորող համակարգ, ոչ մի արդյունքի չես հասնի: Հայաստանում չկա այդպիսի համակարգ: Այդ համակարգը, որը գործում է արտասահմանում, տարբեր էտապներում բացառում է որեւէ հավանականություն: Մենք չունենք անգամ որակի ստուգման համակարգ: Բառերին ուշադիր հետեւեք` արտասահմանում արդեն որակի անվտանգությունը երաշխավորող համակարգ է գործում, իսկ մենք որակի հսկողություն չունենք: Արտասահմանում, եթե որևէ տեղ հնարավոր է բաց թողնել անորակ արյուն, ապա կա մեկ այլ օղակ, որտեղ ստուգվելու է: Հայաստանում ավելի շատ աշխատանքի կանոնակարգերի, ընդհանուր հարաբերությունների հղկման հարց է: Սարքավորումներ կան, որոնք չեն օգտագործվում, որովհետև չգիտեն` ինչպես օգտագործել, չկան մասնագետներ»:
Արյան մասնավոր բանկի տնօրենը գտնում է, որ առանց լուրջ ֆինանսական ներդրումների` կարելի է հսկայական բաներ շտկել արյան ծառայություններում: Իսկ պետությունը արյան բնագավառում քաղաքականություն չունի և առաջին քայլն այդ քաղաքականության մշակումը պետք է լինի:
Արմեն Մեժլումյանը բառացիորեն է ընկալել նախարարի` կոլեգիայի նիստում ասածը և ծրագիր է գրել, սակայն չի կարողանում ներկայացնել, որովհետև առողջապահության նախարարությունում դրանով հետաքրքրվող չկա:
«Պոզդնյակը»-ը ուշ եկող «պրիխոդն» է
Հարցազրույց «նախկին» թմրամոլի հետ
Սպիդի համաճարակն ունի տարածման իր առանձնահատկությունները: Սկզբում վարակն ախտահարում է առավել խոցելի խմբերին` ներերակային թմրամոլներ, մարմնավաճառներ, անկանոն սեռական կյանք վարողներ, միգրանտներ, ազատազրկման վայրերում գտնվողներ եւ այլն: Առողջապահության նախարարության 2000 թ. ամռանը կատարած հետազոտություններ` արդյունքներով, Հայաստանում Սսպիդի նկատմամբ առավել խոցելի խումբը ներերակային թմրամոլներն են: Մի քանի հանդիպումներից հետո դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, հաջողվեց «նախկին» թմրամոլի հետ զրույցի բռնվել: Հարցերս նախ զարմանք էին պատճառում, այնուհետեւ նա քմծիծաղով պատասխանում էր: Ներկայացվող հարցազրույցը խմբագրված է, սակայն որոշ բառեր եւ արտահայտություններ նպատակահարմար ենք գտել թողնել անփոփոխ:
- Նարկամանը գիտի, որ ինքն օրենքից դուրս է, օրենքով «դեղ անել» չի կարելի: Ցանկացած մարդու մեջ նա տեսնում է իրեն ծախողի, դրա համար խուսափում է բժշկի մոտ գնալուց, որովհետեւ գիտի, որ բժիշկն իրեն կծախի: Կգնա միլիցեքին կասի, որ ինքը ծակվում է: Նարկոլոգիայի կենտրոնը, որ կա, «զաստավիտով» են տանում այնտեղ: Ոչ մեկն իր կամքով այնտեղ բուժվելու չի գնում, տանում են որպես հանցագործ: Եթե ուզենաս բուժվել, ապա կդիմես մասնավոր բժշկի, բայց այնտեղ կյանքում չես գնա: Նարկամաններ միշտ էլ եղել են: Շերլոկ Հոլմսն էլ էր նարկաման: Օրինակ, գիտե՞ս ինչ է նշանակում «պլանքաշ»: Որ ինքը նարկոտիկների ազդեցության տակ որոշակի պլաններ է գծում: Ուրիշ բացատրություններ էլ կան, բայց ես կարծում եմ ամենաճիշտը սա է: Դու եթե օգտագործած լինես` կհասկանաս, թե դա ինչ բան է, էդ կայֆը որ զգաս` կիմանաս: Մեր լեքսիկոնը համարյա նույնն է, ինչ-որ «բլատնոյինը»: Օրինակ` «մի կասյակ, մուխ առնել, վենա անել, դեղ անել, պառավոզ, մի կուբիկ, մի խազ»: «Պրիխոդը»` երբ հաճույքը սկսելու մոմենտը գալիս է: «Պոզդնյակ»-ը ուշ եկող «պրիխոդն» է, «պոզդնի» կայֆն է:
- Իսկ ինչպե՞ս եք սկսել թմրանյութ օգտագործել: Որտեղի՞ց եք ձեռք բերում:
- Սկսել եմ «պլան» ծխելուց: Հայաստանում դրա պակասը չկա, որ ուզես` միշտ էլ կճարես, կամ էլ կաճացնես: Լիքը «բառիկներ» կան: Մարդկանց մեծ մասը, մի 60 տոկոսը մի երկու անգամ ծխած կլինի: Հետո լինում է, որ հետաքրքրասիրությունից ելնելով` փորձում ես «վենա անել», մի անգամ, երկու անգամ ու գնաց: Հերոինը Հայաստանում ավելի թանկ հաճույք է: Չեռնյաշկա եփելու համար մի քանի նյութեր են պետք: Դրանք կարելի է ձեռք բերել հիվանդանոցներից, դեղատներից, քիմիկներից: Եփելու ժամանակ մի տեսակ հոտ է գալիս: Դրա համար եփում են շուխուրից հեռու տեղերում: Հերոինը սարքելն ավելի հեշտ է ու շուտ է լինում :
- Իսկ հնարավո՞ր է թմրանյութի ներարկումից Սպիդով վարակվել:
-Եթե «լոմկայի» մեջ է, ինչ էլ լինի` կսրսկվի: «Լոմկի» մեջ, եթե իմանա թմրանյութը վարակված է սպիդով, ձեւ չի` սրսկվելու է: Մի տոկոսը հազիվ կարողանա դիմանալ: Իրեն հետաքրքող միակ պրոբլեմը «լոմկից» դուրս գալն է: Ապահովված նարկոմանների մեծ մասը` ամպուլով նարկոտիկներն է օգտագործում: Ասենք` մորֆի, պրամեդոլ: Դրանց մեջ վարակ չկա, բայց կայֆը քիչ է:
- Թմրամոլներին ինչպիս՞ի խմբերի կբաժանեք:
- Չեմ մտածել այդ մասին, բայց հիմա կասեն..... ունեոր, որոնք միշտ եղել են, դրանց մասին քիչ բան գիտեմ: Նրանց մեջ բարձր դիրքեր գրավողներ, փողատերեր շատ կան: Ես մի քանի պաշտոնյա նարկամաններ գիտեի: Մյուս խումբը նախկինում եղել է նրանց մեջ, հետո միջոցները վերջացել են, բայց էլի շարունակում է, կյանքի միակ նպատակը սրսկվելն է: Մի խումբ էլ կա, որը մեկ-մեկ ծակվելու ցանկություն է ունենում: Դրանով նրանք հեռանում են այս իրականությունից, կապ չունի` իրականությունը լավն է, թե` վատը: Հենց փող են ունենում` սկսում են ավելի հաճախ օգտագործել: Բայց հերոինը որ մտավ շուկա` դրանց թիվը պակասեց: Մի երկու անգամ հերոին սրսկվելուց հետո նստում են ասեղի վրա: Մի խումբ էլ կա, որ եթե էսօր կա, սրսկվում է, հետո փող չի լինում` մի կերպ դիմանում է, «տաբլետկով- բանով» լոմկից դուրս է գալիս, գողության չի գնում, դիմանում է: Բայց նա միշտ պատրաստ է վերադառնալու: Կան մարդիկ, որոնք կարողանում են դուրս գալ, փրկվել, կան մարդիկ, որոնք չեն կարողանում: Ունեցած- չունեցածը ծախում է ու հայտնվում փողոցում: Սոված մարդը ինչպես է լինում կատաղած, պիտի գնա ուտելիք ճարի: Նարկամանի համար էդ հաց ու ջուրը նարկոտիկն է: Եթե նարկոտիկ ունի` չի գնա հանցագործության: Այնպես չի լինում, որ «դեղ անի» ու գնա գողություն անի, մարդ սպանի: 99 տոկոսով չի գնա: Նարկամանը սրսկված ժամանակ շատ բարի անձնավորություն է: Եթե ինքը նարկոտիկի պրոբլեմ չի ունենում, նա ճանճին էլ չի նեղացնի: Ինքը իր համար հանգիստ, իր կայֆերի մեջ, փափուկ անձնավորություն է: Դե մի տոկոս միշտ էլ կարող է լինել: Նարկամանին սկզբից թվում է, թե երբ ուզի` կթարգի: Իսկ հետո չի կարողանում, ուզում է, թարգել` չի կարողանում: Մարդիկ էլ կան, որ չեն էլ ուզում թարգել, որովհետեւ հաճելի է: Որոշ ժամանակ անց կանայք չեն հետաքրքրում, սեռական կյանքը չի քաշում, խմիչքը չի քաշում, որովհետեւ նարկոտիկից ավելի մեծ կայֆ է ստանում: Մեծ մասը վերջին հաշվով «պերեդոզիրովկայից» կամ ցիռոզից է մեռնում, մեզ մոտ բավականին հայտնի մարդկանց երեխաներ են եղել:
- Թմրամոլներն իրար հետ կապ ունե՞ն:
- Տարբեր խմբեր են հիմնականում, բայց կապ կա: Հիմնականում կայուն խմբեր են, բայց տարբեր մարդիկ մտնում են կամ դուրս են գալիս: Մեկն իր ընկերոջն է բերում, կամ նախկին խումբը քայքայվում է, փող չեն ունենում, բռնվում են, մեկը գնացել` ուրիշ տեղ է ապրում, կամ ուրիշ պայմաններ են, հազար ու մի հարց կա: Հետո գիտե՞ս, էդ մարդիկ իրար զգում են, ճանաչում: Սրսկվում են տներում, «տալդա» տեղերում, գարաժներում... Հիմնական մասն աշխատում է, որ ընտանիքը չիմանա: Ամեն դեպքում նարկամանը զգում է, որ լավ բան չի անում եւ չի ուզենա, որ իր տղեն նույնպես նարկաման դառնա:
- Ասում են, որ սպիդի վարակը տարածված է խմբակային սրսկման ժամանակ: Հնարավոր չէ՞ խուսափել:
- Ասեմ, օրինակ մի հաճույք է նույն ներարկիչով սրսկվելը, այլ հաճույք` երբ առանձին են սրսկվում: Առաջինն ավելի մեծ կայֆ է տալիս: Նարկոտիկը գտնվում է մի ամանի մեջ, ամեն մեկը ներարկիչով վերցնում է, ինքն իրեն սրսկում, հետո որոշ ժամանակ անց մի անգամ էլ ես ուզում սրսկվել: Քո ներարկիչով մտնում ես ամանի մեջ եւ եթե մեկը վարակված է, արդեն ամանի մեջ եղածը վարակվեց, վերջ: Հետո նարկոտիկները պատրաստելու ժամանակ լինում է, որ արյուն է օգտագործվում, եւ այդ արյունը կարող է արդեն վարակված լինի: Հետո լինում է, որ մեկն իրա ասեղը դնում է մյուսի ներարկիչին, օգտագործում:
Հ.Գ. Ըստ ՀՀ գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցի` Հայաստանում Սպիդի փոխանցման դեպքերի 44%-ը տեղի է ունեցել թմրանյութերի ներերակային օգտագործման միջոցով: Միեւնույն ժամանակ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել