HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». տարածաշրջանում ավանդական հակադրության սխեման վերականգնվում է

Դատելով տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս ընթացող զարգացումներից՝ գերտերությունների և տարածաշրջանային խոշոր պետությունների միջև հակադրությունը վերադառնում է տասնամյա վաղեմության «սխեմային», և Հարավային Կովկասի պետությունները Ռուսաստան-ԱՄՆ-Թուրքիա-Իրան հարաբերությունների թնջուկից հարկադրված են լինելու կատարել շատ կոնկրետ հետևություններ:

Ավանդաբար այդ հարաբերություններում փոփոխությունները պայմանավորված են լինում ռուս-ամերիկյան փոխհարաբերություններում լարվածության մեծացմամբ կամ թուլացմամբ, ինչպես նաև Անկարայի ու Թեհրանի դիրքորոշումներով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի նկատմամբ:

Ռուս-ամերիկյան հարաբերություններն ակնհայտորեն սրացման նոր փուլի նախաշեմին են, ինչը պայմանավորված է տարբեր հարթություններում նրանց հակադրության խորացմամբ: Դա իր ընդգծված դրսևորումը ունեցավ հատկապես հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի շուրջ տարաձայնությունների էլ ավելի ընդլայնմամբ, երբ Մոսկվան զգուշացումներից անցավ կոնկրետ գործողությունների:

Սակայն հակահրթիռային պաշտպանության պրոբլեմը, որքան էլ գլոբալ ռազմավարական նշանակություն ունի, ռուս-ամերիկյան հարաբերությունների մեկ հարթությունն է միայն: Գլխավոր և հիմնական խնդիրը մնում է ԱՄՆ-ի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում, և Վաշինգտոնը շարունակում է ի ցույց դնել այն իրողությունը, որ Ռուսաստանին վերաբերվում է իբրև կրտսեր գործընկերոջ, որի հավակնությունները հետխորհրդային տարածքում իր գերակայության հաստատման նպատակով և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը (հատկապես Եվրասիական միության ձևավորման գործընթացը) ամենևին չեն բխում ԱՄՆ-ի շահերից, և Վաշինգտոնը բնավ մտադիր չէ համակերպվել Մոսկվայի հավակնությունների հետ:

Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների հետ կապված ԱՄՆ-ի կոշտ քննադատական դիրքորոշումը և ռուսական ղեկավարության, հատկապես վարչապետ և նախագահի թեկնածու Վ.Պուտինի արձագանքն ու գնահատականները ԱՄՆ-ի պահվածքին և ամերիկյան վերնախավի առանձին գործիչներին հուշում են, որ նախագահական ընտրություններից հետո Վաշինգտոն-Մոսկվա հարաբերություններում զգալի կոշտացում է լինելու, և կողմերը բոլոր ուղղություններով վերադառնալու են ավանդական դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնման ու նոր դաշնակիցների «հավաքագրման» քաղաքականությանը:

ԱՄՆ-ին արդեն իսկ հաջողեց իր հսկողության տակ գտնվող քրդական գործոնը արդյունավետ «աշխատեցնելով» ազդեցության ուղեծիր վերադարձնել իր կշռին և կարողություններին անհամարժեք հավակնություններ դրսևորող Թուրքիային: Դրանով իսկ հերթական անգամ փլուզվեցին Անկարայի հետ «ռազմավարական» դաշինք ձևավորելու Ռուսաստանի ղեկավարության և մի շարք քաղաքական վերլուծաբանների և ծրագրավորողների պատրանքները, որոնք վերջին 5-6 տարիներին ոգևորված էին Թուրքիայի ներկայիս իսլամական կառավարության «հակաամերիկանիզմով»:

Անկարան իր համաձայնությունն է տվել և կոնկրետ աշխատում է հակառուսական էներգետիկ ծրագրերի իրագործման ուղղությամբ («Նաբուկկո» գազամուղ և այլն), համաձայնել է որոշիչ մասնակցության ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգում, գործնականում հրաժարվել Մոսկվայի հետ նախկինում ձևավորված կարևոր նախագծերից (հատկապես «Հարավային հոսք» գազամուղից): Եվ պատահական չէ, որ Մոսկվայում իրենց հերթին հետևություն են արել Իրանի հետ ռազմավարական գործակցության վերականգնման մասին:

Ինչպես հայտնի է, վերջին տարիներին ռուս-իրանական հարաբերությունները զգալիորեն սառն էին, որովհետև Մոսկվան, մասամբ Վաշինգտոնի հետ հարաբերությունների «վերաբեռնաթափման» քաղաքականությունից ելնելով, մասամբ էլ Թուրքիայի հետ «ռազմավարական» դաշինքի հեռանկարով ոգևորված, ավելի քիչ էր կարևորում իրանական ուղղությունը: Ավելին, Ռուսաստանը, Արևմուտքի հետ հարաբերությունները չլարելու «կոնցեպցիայից» ելնելով, հրաժարվեց Իրանին տրամադրել C-300 հակաօդային պաշտպանության համակարգերը, նաև աջակցեց Թեհրանի դեմ արևմտյան պատժամիջոցների ընդունմանը:

Սակայն փորձառու իրանական դիվանագիտությունը կարողանում է սպասել իր ժամին: Թեհրանում թերևս համոզված էին, որ ռուս-թուրքական «սիրախաղից» բան դուրս չի գա, և այն պահին, երբ Անկարան կրկին թիկունքը կդարձնի Մոսկվային՝ կգա իրենց ժամը: Անշուշտ ռուս-իրանական հարաբերությունների վերականգնմանը նպաստեց Սիրիայի շուրջ ճգնաժամի խորացումը և Թուրքիայի առաջնային դերակատարությունը դրանում, քանզի Ասադների ռեժիմը Մոսկվայի և Թեհրանի առանցքային դաշնակիցն է: Սակայն խնդիրը միայն Սիրիան չէ, Մոսկվայի և Թեհրանի շահերը համատեղվում են նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ամերիկյան էքսպանսիան դիմագրավելու առումով:

Ռուսական փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները վերջին շրջանում ավելի ու ավելի բացահայտ են խոսում Իրանի հետ հարաբերությունների ողջ ծավալով վերականգնման և սերտացման մասին: Այսպիսի տեսակետ մասնավորապես վերջերս հայտնել էր վերլուծաբան, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն, ըստ որի Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը ամենևին չի նշանակելու այդ տարածաշրջանից ԱՄՆ-ի հեռացում, և Վաշինգտոնը քայլեր է ձեռնարկում հետխորհրդային միջինասիական պետություններում (Ուզբեկստանում և Թուրքմենստանում) հիմնավորվելու համար:

«Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ ենք անելու կրիտիկական իրավիճակում, երբ տեղի կունենա միջինասիական ռեժիմների ապակայունացում, որն անխուսափելի է: Ես բացարձակապես համոզված եմ, որ մենք պետք է «խաղադրույքը» կատարենք Իրանի օգտին: Իրանն է մեր դաշնակիցը, այդ թվում՝ տարածաշրջանում ամերիկյան ազդեցության ամրապնդումը թույլ չտալու համար: Ես հուսով եմ, որ երբ Վլադիմիր Պուտինը կրկին նախագահ կդառնա 2012-ին, կվերացվի Իրանին այն զինատեսակների տրամադրման արգելքը, որոնք դուրս են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ազդեցությունից: Մենք պետք է ամրապնդենք Իրանի ներուժը, որովհետև նա մեր բնական աշխարհաքաղաքական դաշնակիցն է»:

Ընդ որում, Կորոտչենկոն ամենևին էլ միայնակ չէ իր դատողություններում: Ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան փորձագիտական շրջանակներում լուրջ հետևությունների է հանգեցրել Իրանի կողմից այս տարվա դեկտեմբերի 3-ին ամերիկյան նոր սերնդի RQ-170 անօդաչու հետախուզական ինքնաթիռը վայրէջքի բերելու փաստը: Այսինքն՝ այդ գերգաղտնի սարքը իրանական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից չեզոքացվել է հենց վայրէջքի բերելու, ոչ թե հրթիռային հարվածով ոչնչացնելու շնորհիվ:

Ադրբեջանից փորձագետ Ռ.Հուսեյնովի պնդմամբ՝ այս հանգամանքը որոշիչ նշանակություն է ունենալու Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից օդային հարված նախապատրաստելու ժամանակ, քանզի իրանական զինված ուժերի հնարավորությունները, պարզվում է, ամենևին էլ սահմանափակ չեն, ինչպես, թերևս, ենթադրում էին Վաշինգտոնում և Մոսկվայում: Փաստն ինքնին էապես ամրապնդում է Իրանի դիրքերը Վաշինգտոնի հետ հակադրության և Մոսկվայի հետ հնարավոր առևտրի մեջ:

Ռուս-իրանական հարաբերություններում նկատելի տեղաշարժը հստակ հետևությունների է բերելու նաև Հարավային Կովկասի պետությունների կառավարող էլիտաներին: Եվ եթե Վրաստանն ակնհայտորեն հույսը դնում է Մոսկվայի ճնշումից Վաշինգտոնի «թևի տակ» պատսպարվելու վրա, ապա Ադրբեջանի և Հայաստանի համար իրավիճակը քիչ այլ է:

Ադրբեջանը սահմանակից է Ռուսաստանին և Իրանին, ու արդեն այսօր բացահայտ նախանշաններ կան, որ Թեհրանն ու Մոսկվան համատեղ ճնշում են սկսել տարբեր ուղղություններով՝ Բաքվին ստիպելու որոշակի սրբագրումներ անել իր արտաքին քաղաքական օրակարգում:

Հայաստանը, չնայած Իրանի հետ դրական հարաբերություններին և ՀԱՊԿ-ում Ռուսաստանի հետ դաշինքի մեջ լինելուն, նույնպես խնդիրներ կունենա: Մասնավորապես՝ հավանական է, որ Մոսկվան և Թեհրանը լոյալության երաշխիքներ կպահանջեն Երևանից՝ տարածաշրջանում ամերիկյան նախաձեռնություններին Հայաստանի հետագա մասնակցությունը բացառելու տեսանկյունից:

Իսկ այդ նախաձեռնություններից ամենաօրակարգայինը հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացն է, և չի բացառվում, որ Ռուսաստանն ու Իրանը «կակնկալեն» այդ պրոցեսի վերջնական տապալումը՝ հայտնի արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետկանչի ճանապարհով: Թե ինչպես կարձագանքեն այսպիսի հնարավոր «ակնկալիքին» Հայաստանի իշխանությունները՝ այսօր դժվար է միանշանակ կանխատեսել, եթե նկատի ունենանք, որ Վաշինգտոնում և Բրյուսելում նույնպես խոստումներ են տրվել, իսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի նոր ալիքը թակում է դռները:

Վահան Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter